Պատմության հայկական օրը. մարտի 4


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Սբ. Կյուրեղ Երուսաղեմցին 4-րդ դարի նշանավոր հայրապետներից է: Նա բազմիցս հետապնդվել է Արիոսական հերձվածի կողմնակիցների կողմից, աքսորվել, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական աթոռին: Մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի Բ Տիեզերական ժողովին: Կյուրեղ Հայրապետի քրիստոնեական վարդապետության մասին բազմաթիվ քարոզներ ու ճառեր միջնադարում թարգմանվել են նաեւ հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Սբ. Խաչի երեւման առիթով Կոստանդիոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում: Առավել հայտնի է Կյուրեղ Հայրապետի «Կոչումն ընծայութեան» ճառերի և քարոզների ժողովածուն, որն ուսանելի է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտության: Ըստ ավանդության՝ Երուսաղեմի Սբ. Հակոբ եկեղեցու Սբ. Ստեփանոս մատուռի մեջ է գտնվում այն ավազանը, որտեղ մկրտվել է Կյուրեղ Հայրապետը:
  • Սբ. Կյուրեղ Հայրապետի անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում` հոկտեմբերի վերջին շաբաթ օրը: Սբ. Կյուրեղ Հայրապետի ժամանակակիցն է Սբ. Կյուրեղ եպիսկոպոսը (նախկին անունը` Հուդա): Ըստ վարքագրական աղբյուրների՝ տեղանքին լավատեղյակ լինելով, օգնել է Հեղինե դշխոյին գտնելու Քրիստոսի խաչափայտը: Տեսնելով Սբ. Խաչի հրաշագործ զորությունը, իր մոր` Աննայի հետ մկրտվում է` անվանակոչվելով Կյուրեղ: Հետագայում ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ Կյուրեղ Հայրապետի աքսորում լինելու ժամանակ փոխարինում է նրան: Կյուրեղ եպիսկոպոսը, ենթարկվելով անասելի կտտանքների, նահատակվում է մոր հետ, Հուլիանոս Ուրացողի  հետապնդումների ժամանակ: Սբ. Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրը նշվում է Սբ. Կյուրեղ Հայրապետի հետ միասին` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 4.03.2023, 24.02.2024, 15.03.2025, 28.02.2026, 20.02.2027, 11.03.2028, 24.02.2029, 16.03.2030

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Թմրանյութերի միջազգային տարանցման մասին ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում Հայաստանը նշվել էր որպես տարանցիկ երկիր։
2011 - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև սպասվող հանդիպման նախաշեմին հայկական կողմը հաղորդում է ադրբեջանական կրակից զոհված ևս մեկ զինծառայողի մասին։

  • Միջնորդները դատապարտում են հրադադարի`պարբերական դարձած խախտումները, դրանք որակելով անիմաստ գործողություններ: Համանախագահները միաժամանակ խնդրում են ԵԱՀԿ-ի նախագահի անձական ներկայացուցիչ, դեսպան Անջել Կասպրչիկին անհապաղ հետաքննություն անցկացնել` բոլոր կողմերի մասնակցությամբ։

2008 - Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը հաղթելով Շենան Թեյլորին։
2008 - Հայաստանում նախագահական վիճահարույց ընտրություններից հետո, երբ Երևանում տասը մարդ էր զոհվել հակակառավարական ցույցի ժամանակ, կտրուկ սրվում է իրավիճակը սահմանին։

  • Բախումները սկսվել էին Մարտակերտի մերձակայքում, դառնալով ամենաարյունալին`1994֊ի հրադադարից հետո: Հայկական կողմը պնդում էր, թե հրադադարը առաջինը Ադրբեջանն է խախտել` փորձելով օգտվել Հայաստանում սրված ներքաղաքական իրավիճակից և առաջխաղացման հասնել մարտի դաշտում:
  • Բաքվում տրամագծորեն հակառակ տեսակետն ունեն. ըստ ադրբեջանցիների, Հայաստանի իշխանությունները միտումնավոր են սրել իրավիճակը` հասարակության ուշադրությունը շեղելու, «պատերազմի սպառնալիքով» ընդդիմադիրներին լռեցնելու համար:
  • Մի քանի օր շարունակված թեժ մարտերից հետո Ադրբեջանը հայտարարեց չորս զոհերի, Հայաստանը` երկու վիրավորների մասին:

2001 - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կրկին հանդիպում են Փարիզում, Հայաստանի արտգործնախարարը հաստատել էր` կողմերը քննարկում էին Մեղրիիով Ադրբեջանին միջանցք տրամադրելու հնարավորությունը։

  • «Այս միջնորդական առաքելության գլխավոր գաղափարական հենքը կառուցված էր հարցին ամբողջական լուծում տալու մոտեցման վրա՝ սկզբունք ընդունելով Լեռնային Ղարաբաղը Լաչինի հետ միասին Հայաստանի ինքնիշխանությանը հանձնելու դիմաց Ադրբեջանին Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կայուն և անխափան միջանցքի տրամադրումը»,֊ 2013-ին Մեդիամաքսում հրապարակած հուշերում գրել էր 1998-2008 Հայաստանի արտգործնախարար Վ. Օսկանյանը:

1993 - ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տեսակետն է արտահայտում կառավարման համակարգի մասին։

  • «Ինչ վերաբերում է այն հարցին, թե մեր պետությունը պետք է լինի նախագահական, թե խորհրդարանական, ապա չպետք է մոռանալ, որ վերջինս մենք արդեն փորձել ենք։
  • 70 տարի Հայաստանը եղել է խորհրդարանական հանրապետություն, որը, չպետք է ժխտել, գործող համակարգ էր, գործող՝ միակուսակցական վարչակարգի պայմաններում։ Խորհրդարանական համակարգը շատ արդյունավետ է նաեւ լրջորեն ձեւավորված բազմակուսակցական հասարակություններում, երբ կան մի քանի ծանրակշիռ կուսակցություններ, որոնք հեռու են արկածախնդրությունից, ունեն պատմականորեն ձեւավորված լուրջ քաղաքական միտք, եւ յուրաքանչյուր պահի որեւէ կուսակցություն կարող է իր վրա վերցնել երկրի ղեկավարման պարտականությունը։
  • Եթե լինեին այդպիսի կուսակցություններ եւ այդպիսի հասարակություն, ապա կարելի էր կառուցել նաեւ խորհրդարանական պետականություն։ Սակայն նման անկայուն պայմաններում, երբ կուսակցությունները վերջնականապես ձեւավորված չեն, չկան լուրջ, ուժեղ, զանգվածային կուսակցություններ, ըստ իս, խորհրդարանական համակարգը մշտական անկայունության հիմք կդառնա եւ կարող է ընդհանրապես վտանգել մեր պետականությունը։
  • Ուստի այս պայմաններում ես չեմ տեսնում մեր պետականության այլ համակարգ, քան նախագահականն է»:

1992 - Լիբանանն ու Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել։
1981 - ASALA. Փարիզում Թուրքիայի դեսպանատան բարեկամական հարաբերությունների կցորդ Ռեշադ Մորալին և կրոնական հարցերով պաշտոնյա Արը Թեճելլին սպանվում են Հայ Գաղտնի Բանակ «Շահան Նաթալի Խմբակ»-ի կողմից։

  • Նրանց ընկերակցող երրորդ անձին՝ «Անատոլու» բանկի Փարիզի ներկայացուցիչ Իլքայ Քարաքոչին հաջողվում է փախչել։ Հինգ օր անց Հայ Գաղտնի Բանակը հանդես եկավ հայտարարությամբ, որով իր ընդվզումը հայտնեց Ֆրանսիայի իշխանությունների հանդեպ, որոնք նույն օրը պիտի ընդունեին Թուրքիայի արտգործնախարար Իլթեր Թյուրքմենին։
  • Ֆրանսիայի կառավարությունից պահանջվում էր նաև անմիջապես ազատ արձակել Հրայր Քիլինճեանին։ Հայտարարությունն ավարտվում էր այսպես. «Եվրոպայի բոլոր պետությունները թող լավ գիտակցեն, որ իրենց շահերը մեր հեղափոխականների հսկողության տակ են։ մենք պայքարում ենք վերադարձնելու համար մեր բռնագրավված հողերը»։

1981 - ASALA. Փարիզում հայ գրոհայինները կրակ բացեցին թուրքական դեսպանատան ատտաշե Ռոշատու Մորալի և Տեսելի Արիի վրա։

  • Սպանության պատասխանատվությունն իր վրա վերցրեց Հայկական գաղտնի բանակի «Շահան Նաթալի» խումբը։​​​​​

1965 - Հանդիսավոր նիստով բացվեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի նոր շենքը:

  • Մինչ այդ սունդուկյանցիները հանդես էին գալիս Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում:

1922 - Հայաստանի ժողկոմխորհն ընդունեց դեկրետ հայոց լեզվի նոր ուղղագրության մասին:
1917 - Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը հրապարակեց որոշում «Խղճի և ազգային սահմանափակումների վերացման մասին»:

  • Հուսավառված հայության անունից` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ 5-րդը ողջույնի հեռագիր հղեց Պետդումային, որտեղ ժամանակավոր կառավարությունը դիտվում էր փոքր ժողովուրդների, այդ թվում`հայերի միակ պաշտպան:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1941 - Բաբկեն Հարությունյան, հայ պատմաբան, պատմաաշխարհագրագետ (մ. 2013)
1940 - Ռաֆայել Համբարձումյան, ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր
1937 - Գենադի Մալխասյանց, բալետմեյստեր
1937 - Ռուդոլֆ Խաչատրյան, գեղանկարիչ
1937 - Բագրատ Ղարիբջանյան, քիմիաթերապևտ
1935 - Գրիգոր Գարեգինի Գրիգորյան, պետական գործիչ, գեներալ-մայոր (մ. 2020)

  • Գրիգոր Գարեգինի Գրիգորյան լայնածավալ աշխատանք է ծավալել պատմության մեջ առաջին անգամ ՀՀ սահմանապահ զորքերի ստեղծման գործում: 1993թ. նշանակվել է ՊՆ ռազմական հակահետախուզական վարչության պետ և ստեղծել այդ կառույցը: Ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի զինված ուժերի ստեղծման, հատկապես` հատուկ գնդի կազմավորման գործում: Երկու անգամ եղել է Հայաստանում գործող ֆիդայական խմբերից կազմավորված այդ գնդի հրամանատարը: Հատուկ գունդը հանրապետության առաջին զինվորական միավորումն էր, որի հիման վրա հետագայում կազմակերպվեցին Հայաստանի զինված ուժերը:

1893 - Կարապետ Մելիք-Օհանջանյան, հայագետ, արևելագետ
1878 - Ալեքսանդր Թամանյան, ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի գլխավոր ճարտարապետ