Պատմության հայկական օրը. մարտի 6


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Արտաքսման կիրակի (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Մեծ Պահքի երկրոդ կիրակին կոչվում է նաև Արտաքսման: Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23): Նախապատմությունը հետևյալն է. մարդն ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով` համտեսեց արգելված պտղից: Որպես պատիժ, մարդն իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց: Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա և վերջում էլ ասվեց նրան. «...հող էիր և հող կդառնաս» (Ծննդ.3.19):
  • Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին՝ ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք: Սա ինքնին մարդուն խորհելու ևս մեկ առիթ է սեփական անձին անդրադառնալու, պահոց շրջանն արդյունավետ անցկացնելու համար:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-02-26, 2024-02-18, 2025-03-09, 2026-02-22, 2027-02-14, 2028-03-05, 2029-02-18, 2030-03-10:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Մարտական գործողությունների  Ֆիզուլի և Ջաբրայիլ  ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերեցին 2 զոհվածի աճյուն:
2017 - Ադրբեջանի արտգործնախարարը այցելում է Մոսկվա, բանակցություններից հետո Ս. Լավրովը որոշ մանրամասներ է հայտնում։

  • Ռուսաստանի արտգործնախարարը, անդրադառնալով բանակցային սեղանին առկա սկզբունքներին, ասել էր` «քննարկման օրակարգում և՛ անվտանգության հարցեր են, և՛ հումանիտար, և՛ Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձի հարցն է, այն տարածքների, որ չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից, և՛ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»։ Ընդ որում, Լավրովը նշել էր, որ կարգավորման շատ բաղադրիչներ արդեն համաձայնեցված են, բայց առկախ հարցերն ամենաբարդն են: Թե որոնք են դրանք`դիվանագետը չէր հստակեցրել:

2012 - «Ռոսավիացիան» կուտակած պարտքերի պատճառով «Արմավիային» արգելում է թռիչքներ իրականացնել Ռուսաստանի տարածքով։

  • Ռուսներն «Արմավիային» պարտքերը փակելու համար տալիս են 7 օր ժամանակ։ 

2009 - ԱՄՆ պետդեպարտամենտը, նկատի ունենալով 2008-ի մարտի 1-ին հաջորդած հարյուրավոր ընդդիմադիրների ձերբակալությունները, սպանությունները, արտակարգ դրությունը և ծեծ ու ջարդը, դատապարտում է Հայաստանի իշխանությունների ընկալումը Մարդու իրավունքների մասին։ 
2001 - Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ խաղաղությունը գին ունի և Ղարաբաղի հարցի լուծման համար պետ է գրավյալ տարածքներ զիջենք։
1998 - Միջնորդները շրջանառության մեջ են դնում կարգավորման նոր` ընդհանուր պետության տարբերակը, որն առավել հայտնի է որպես Ռուսաստանի արտգործնախարար Ե. Պրիմակովի պլան:

  • Ավելի ուշ համացանցում հրապարակված այդ նախագծում նշվում է`Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական եւ տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ըստ այդմ, Ղարաբաղն ունենում էր իր սեփական սահմանադրությունը,կառավարման մարմինները, դրոշը, զինանշանն ու օրհներգը, իրավասություն ստանում մասնակցել Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը այն հարցերում, որոնք իր շահերին են վերաբերում: Փաստաթղթի երկրորդ բաժինը վերաբերում էր հակամարտության հետեւանքների վերացմանը: Ղարաբաղյան ուժերը պետք է հեռանային իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններից, բացառությամբ` Լաչինի:

1992 - Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
1992 - Այազ Մութալիբովը հեռացավ Ադրբեջանի նախագահի պաշտոնից։
1945 - Նելսոն Ստեփանյանին հետմահու շնորհվեց ԽՍՀՄ հերոսի երկրորդ շքանշանը։
1926 - Երևանում հիմնադրվեց 1-ին կարի ֆաբրիկան։ 

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Անդրանիկ Թեյմուրյան (ծնվ. Թեհրան), կիսապաշտպան Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականում
1964 - Լևոն Խաչիկյան (ծնվ. Ավստրալիա), Նոր Հարավային Ուելսի համալսարանի անոթային հետազոտությունների կենտրոնի տնօրեն (Ավստրալիա)
1939 - Էդուարդ Ջերեջյան (ծնվ. Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի դիվանագետ, Իսրայելում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան (1993-1994)

  • 50-ականների վերջին, դեռ կարիերայի ամենասկզբում, երբ նրան ներկայացրին Միկոյանին, նա ձեռք մեկնեց և ազգանվան փոխարեն արտասանեց՝ ես այ էմ (ես հայ եմ)։

1923 - Էդմոն Թամիզ (ծնվ. Փարիզ), Փարիզի "Դ' Իստ Թատրոնի" գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր
1898 - Կոնստանտին Ավետիսյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1989), հաշվապահ, օպերային երգիչ լիրիկական բարիտոն), քաղաքական հալածանքների զոհ
1894 - Իլյա Արբատով (Եղիա Յաղուբյան, մ. 1967), բալետի դերասան և բալետմայստեր
1864 - Հովհաննես Մասեյան (ծնվ. Թեհրան, մ. 1931), հրապարակախոս-Լուսավորիչ, թարգմանիչ, Իրանի հասարակական և քաղաքական գործիչ

  • Գտնվելով Իրանի դիվանագիտական ծառայության մեջ, միաժամանակ նվիրվել է հայ գրականությանը. թարգմանել է Շեքսպիրի «Լիր արքա» (1900), «Համլետ» (1901), «Վենետիկյան վաճառականը» (1905), «Ռոմեո և Ջուլիետ» (1910), Գյոթեի («Ֆաուստ»), Բայրոնի («Մանֆրեդ»), Վ. Սքոթի, Շիլլերի և այլոց հիմնական ստեղծագործությունները:
  • Բանաստեղծական թարգմանության վարպետ է:

1812 - Մաթևոս Գամազյանց (Մատվեյ Գամազով, ծնվ. Սանկտ Պետերբուրգ, մ. 1893) դիվանագետ, թարգմանիչ, լեզվաբան, դեսպան

  • Հին հայկական իշխանական Սահարունիների հետնորդն է։ Պոլիգլոտ էր, գիտեր 15 լեզու: Դեսպան Իտալիայում և Հունաստանում: Բառարանագիր է: Թարգմանում էր Ֆիրդոուսուն, Սաադին, Հաֆեզին, Շեքսպիր, Շեքսպիրի ողբերգության առաջին թարգմանիչներից էր։