Պատմության հայկական օրը. մայիսի 14


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: 

  • Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում տիրող ներկա իրավիճակի և հնարավոր զարգացումների շուրջ:

2013 - «Հայռուսգազարդը» դիմեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ՀՀ-ում գազամատակարարման սակագների վերանայման հայտերով։

  • Ընկերությունը առաջարկեց սպառողներին վաճառվող 1000 խմ. բնական գազի դիմաց գործող 132 000 դրամ սակագինը դարձնել 221 հազ. դրամ։

2009 - Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանը քննում է մարտի 1-ի 3 զոհերի իրավահաջորդների բողոքն ընդդեմ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի։
2009 - Մի քանի պայթյուններից հետո հրդեհվում է Նաիրիտ գործարանի քլորոպրենային արտադրամասերից մեկը։ 

  • Աղետը խլում է գործարանի չորս աշխատակցի կյանք։ 

2009 - Բրիտանական հայտնի Ջեթրո Թալ ռոք խումբը համերգ տվեց Երևանում։
2007 - Մայիսի 12-ին կյանքից հեռացած 31-ամյա Լևոն Գուլյանի ազգականներն ու ընկերները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել՝ ակնկալելով հանդիպում Սերժ Սարգսյանի հետ՝ ասելու, որ իրենց հարազատին մի քանի օր առաջ ոստիկանության շենքում սպանել է Ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Հովիկ Թամամյանը։
2002 - Վանո Սիրադեղյանը գրում է. «Երբ երկրի օպոզիցիան պայքարում է ոչ թե օրվա, այլ տարիներ առաջ եղած իշխանության դեմ, երբ ապրիլի 24-ին խաշ են դնում և ակադեմիկոս ու հանցագործ սեղան են նստում օղռաշների հետ, երբ օրենք են գրում պատմական իրադարձության վերաբերյալ, երբ իրավապաշտպանները պաշտպանում են հաղթած բանակի Սպարապետի գլուխը կտրելու գնացած անասուններին  (միմիայն նրանց), երբ 100 հոգու ներկայությամբ մարդ են սպանում և ի հայտ չի գալիս մեկ լիարժեք վկա,-գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ: Իրավիճակի դրամատիզմը այն է, որ որքան ուշանում է աղետը, այնքան սպառվում են վերականգնումի բարոյական, դեմոգրաֆիկ, նյութական, քաղաքական ռեսուրսները»:
1999 - Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը Ազգային օպերայի դահլիճում հանդիպում են ուսանողության հետ։ 

  • Կարեն Դեմիրճյանը խոստանում է ուսումը դարձնել պետպատվերով ժողովրդական տնտեսություն ուսանողների համար։

1999 - Ղարաբաղի դատախազությունը պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ունեցվածքի վրա արգելանք դրեց։ 

  • Դատախազությունում է գտնվում Բաբայանի կնոջ ոսկեղենը։ Ներքին գործերի նախարար Բակո Սահակյանի հրահանգով առգրավել են Բաբայանների ընտանիքին պատկանող մեղվի 49 փեթակ։ Բանկերում սառեցվել է Բաբայանների դրամական կարողությունը, որն ավելի քան 40 հազար դոլար է։

1998 - Պաշտպանության նախարարությանը Հայ օգնության միության աջակցությամբ Հայաստան է վերադարձնում Եգիպտոսում մահացած լեգենդար Սոսե մայրիկի աճյունը։ 

  • Սոսեի աճյունը հանգչելու է Եռաբլուրում։

1992 - Մութալիբովը կարճ ժամանակով վերադառնում է Բաքու և դարձյալ հեռացվում։
1977 - ASALA. Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա գտնվող Թուրքիայի դեսպանատան զբոսաշրջության գրասենյակի առջև։

  • Վիրավորվում է պահակը։
  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին մոտ գտնվող «Հայկական Նոր Դիմադրություն» կազմակերպությունը։

1923 - Յուվա գյուղում քանդում են տեղի եկեղեցին։

  • Մամուլը գրում էր, որ քանդելու որոշումը կայացրել էին գյուղի բնակիչները։ Նրանք ժողով էին արել և եզրակացրել, որ իրենց «խավարի մեջ պահողը և մոլորեցնողը եղել է եկեղեցին»։ Իրադրությունը փրկելու և կրթվելու համար նրանք որոշել էին եկեղեցին վերածել ակումբի, ինչն էլ արագորեն իրականացրել էին։ 

1870 - Ալեքսանդր 2-րդի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
1805 - Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1969 - Ֆրենսիս Քուրքջյան (ծնվ. Գրասս, Ֆրանսիա), ֆրանսահայ պարֆյումեր, բույրերի մասնագետ, արվեստի ասպետ

  • 2001 թվականին նրան պարգևատրել են Ֆրանսուա Կոտիի՝ պարֆյումերիայի բնագավառում գլխավոր մրցանակով:
  • Նա նորաձևություն է մտցրել թեյի հոտերի վրա։

1956 - Կամո Արզումանյան (ծնվ. Եղվարդ, Կապանի շրջան), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2003)
1955 - Գարեգին Թոսունյան (ծնվ. Երևան,), բանկիր, ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ
1940 - Ռոբերտ Մավիսակալյան (ծնվ. Երևան, մ. 2003) լրագրող, հաղորդավար և հրապարակախոս
1930 - Արա Բերբերյան (ծնվ. Դեյթրոտ, մ. 2005) օպերայի արտիստ (բաս), համերգային երգիչ
1925 - Բորիս Փարսադանյան (ծնվ. Կիսլովոդսկ), կոմպոզիտոր, Էստոնիայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)
1923 - Սուրեն Շահբազյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1989), կինոօպերատոր և ռեժիսոր; Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1986)
1917 - Զոհրաբ Դուգլաս (ծնվ. Վելինգթըն, Նոր Զելանդիա, մ. 2008) դիվանագետը և պետական ծառայողը

  • Նոր Զելանդիայում բնակություն հաստատած առաջին հայերը Զոհրաբյանների ընտանիքն է։ Բուլֆուր Զոհրաբյանին հաջողվել է փրկել ընտանիքը 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ: Լքելով հայրենի Կարսը, նա բնակություն է հաստատել Սիրիայի Քեսաբ քաղաքում, որից հետո մեկնել է Ավստրալիա, այնտեղից էլ՝ Նոր Զելանդիա:
  • Մինչ օրս Էդվարդ Զոհրապի սուրճի գործարանը շարունակում է մնալ տարածաշրջանի խոշորագույն արտադրամասերից մեկը։

1901 - Սամվել Մկրտչյան, դերասան, հայկական կինոյի նախաձեռնողներից