Պատմության հայկական օրը. մայիսի 18


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Կայացավ Հայ Ազգային Կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որը քննարկեց Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։

  • Համակողմանի քննարկման արդյունքում, ընդունվել է հետևյալ որոշումը․ Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
  • Կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

2017 - Համանախագահները դիմում են կողմերին`առաջին անգամ հստակ արձանագրելով, որ շփման գծում լարվածության աճը սկսվել է Ադրբեջանի մեղքով։

  • «Մի շարք վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել Շփման գծից այն կողմ` խոցելով զինտեխնիկա: Մայիսի 16-ից մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել տարբեր տրամաչափի ականանետային կրակով: Երկու կողմերի այս գործողությունները հրադադարի նշանակալի խախտումներ են, որոնք մտահոգության տեղիք են տալիս»,- հայտարարել էին Մինսկի խմբի միջնորդները:

2007 - «Մեկ գումարած մեկ» կարգախոսով երթ տեղի ունեցավ Ազատության հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ։ 

  • Երթի մասնակիցները համարում էին, որ մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված են։

2001 - Մինսկի խմբի միջնորդները Բաքվում Հ. Ալիևին են ներկայացնում նոր առաջարկներ: Հանդիպումը շարունակվում է շուրջ չորս ժամ։

  • Թեև համանախագահները մանրամասները չեն հրապարակում, բայց նշում են, որ նոր նախագծի մեծ մասը վերցված է հնից՝ Քի Ուեսթում և Փարիզում պայմանավորված սկզբունքներից: Միջնորդների`տարածաշրջան կատարած այդ այցից առաջ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը զանգահարել էր Ռ.Քոչարյանին և Հ.Ալիևին` հորդորելով ընդունել Մինսկի խմբի առաջարկը:
  • Հաջորդ օրը, խախտելով մինչ այդ հաստատված երթուղին, միջնորդները առաջին անգամ Ադրբեջանից էին մտել Ղարաբաղ: Ճանապարհին , սակայն, հակահետևակային ական է պայթում`՝ վիրավորելով ադրբեջանցի երեք զինծառայողների: Միջնորդները փաստում են`ողբերգական այդ միջադեպը ևս մեկ անգամ ցույց տվեց, հակամարտությունը սառեցված չէ և կարող է նոր կորուստների բերել:

1999 - Վերջապես լույս ընծայվեց «Ոսկեփորիկ» մանկական հանրագիտարանի վերջին՝ 3-րդ հատորը։ 

  • Հատորը լույս ընծայված չհասցրեց տեսնել դրա խմբագիր Կոնստանտին Խուդավերդյանը։

1993 - «Կանազ» փակ բաժնետիրական ընկերության պետության նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով որոշվեց օտարել «Կանազ» մշակույթի կենտրոնը։ 

  • Մշակույթի կենտրոնում այդ պահին գործում էին պարախմբեր, որոնք նաև լիարժեք համերգային գործունեություն էին իրականացնում, ընդ որում՝ ինքնաֆինանսավորմամբ։

1992 - Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանական բանակի ուժերը հակագրոհեցին և հետ վերցրին Լաչինի շրջանը (Սյունյաց նահանգի Աղահեճք գավառը, 13-րդ դարից` Քաշաթաղ) և Լաչին քաղաքը (Բերձոր)։

  • Բացվեց Մայր Հայաստանի հետ միացնող կապ, ու ճեղքվեց Արցախի շրջափակման մահացու օղակը:
  • Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին ռազմավարական օպերացիայի տրամաբանական ավարտը:
  • Այս ճանապարհն ստացավ «Կյանքի ճանապարհ» անվանումը:
  • Ամիսներ անց ռուսական կողմը առաջարկել էր հակամարտության լուծման տարբերակ, որով Աղդամ֊Ստեփանակերտ֊Շուշի֊Լաչին֊Գորիս ճանապարհը ստանում էր հատուկ կարգավիճակ`դառնալով «խաղաղության ու վստահության ճանապարհ»: Այսօր էլ Լաչինի միջանցքի հարցը առանցքային դեր ունի կարգավորման գործընթացում և Ղարաբաղի հարակից մյուս շրջաններից անջատ է դիտարկվում։

1981 - Վախճանվեց ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը (ծն. 1908)։
1920 - Բաքվում լույս է տեսնում «Կոմունիստ» օրաթերթը` հայերեն:
1886 - Ցարական հրամանագրի համաձայն Անդրկովկասում 1887թ. հունիսի 2-ից մտցվեց պարտադիր զինվորագրություն:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1996 - Արտեմի Չոլոկյան (ծնվ. Մոսկվա), ռուսաստանցի երաժիշտ, հոբոյի վիրտուոզ
1946 - Վարուժան Արքեպիսկոպոս Հերկելեան (ծնվ. Անջար, Լիբանան), արքեպիսկոպոս, Կիպրոսի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ (1997-2014
1934 - Ժակ Տեր-Ալեքսանյան (ծնվ. Վալանս, Ֆրանսիա), գրող
1914 - Լուսպարոն Խանտիմերյան (ծնվ. Ղրիմ, մ. 1994), դասական ոճի ըմբիշ, ԽՍՀՄ չեմպիոն
1910 - Արծրունի Հարությունյան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ԽՍՀՄ (1950)
905 - Կոստանդին VII Ծիրանածին (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 959), բյուզանդական կայսր Մակեդոնական (Հայկական) արքայատոհմից։

  • Անվանապես թագավորել է 913 թվականից, իսկ փաստացի՝ 945 թվականից։
  • Կոստանդինը Լևոն VI Իմաստունի և նրա չորրորդ կնոջ՝ Զոյայի որդին էր։ Չորրորդ ամուսնությունը չէր թույլատրվում եկեղեցու կողմից և ծնված երեխան համարվեց ապօրինի, թեև Լևոն VI-ի միակ զավակն էր։ Միայն 906 թվականի հունվարին Կոստանդինը մկրտվեց, իսկ 906 թվականի ապրիլին, պատրիարք Նիկոլայ Միստիկոսի կամքին հակառակ, Լևոնը և Զոյան ամուսնացան։
  • Ծիրանածին մականունը ծագում է կայսերական պալատի Ծիրանի (բոսորագույն) դահլիճից, որտեղ ծննդաբերում էին կայսրուհիները, և տրվում էր ընդգծելու համար արքայական ծագումը։