Պատմության հայկական օրը. մայիսի 26


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի օրը

  • Սարդարապատի 9-օրյա ճակատամարտն ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով, որի արդյունքում հակառակորդը ջախջախվեց ու հետ շպրտվեց 50-65 կմ, վերացվեց Երևանին սպառնացող անմիջական վտանգը։ Հաղթանակը վճռական դեր խաղաց Արևելյան Հայաստանի դեմ թուրքական զորքերի արշավանքի մասնակի ձախողման և, մասնավորապես մյուս ճակատներում՝ Բաշ-Ապարանում հաղթական հակահարվածի և Ղարաքիլիսայում հերոսական պաշտպանության ապահովման գործում։ Սարդարապատի հերոսամարտը տեղի բնակչությանն ու արևմտահայ գաղթականներին փրկեց անխուսափելի ջարդերից։
  • Կազմակերպչական մեծ ջանքերի գնով տարած հաղթանակը նպաստեց նաև Երևանում գործող քաղաքական ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև տեղի ղեկավար մարմինների ու առաջատար գործիչների դերի ամրապնդմանը[43]․ փաստացի հիմք դրվեց նորահռչակ Հայաստանի Հանրապետության կայացմանը։

Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:
  • Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Ս. Մարկոս և Ս. Ղուկաս ավետարանիչները, ինչպես նաև՝ «Գործք Առաքելոց»–ը։ «Եվ Ինքը` Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը:
  • Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է լուսավորչահիմն Ս. Էջմիածնում: Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Ս. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Ս. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջև կատարվում է նաև Հայրապետական մաղթանք:
  • Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:
  • Ծաղկամայրն ըստ ավանդության քրիստոնյա Վարվառե կույսն է, ով փախչելով կռապաշտ հորից՝ ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և սպանում նրան: Նահատակվելուց առաջ Վարվառեն Աստծուն խնդրում է, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:
  • Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և հանգանակություններով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց տերերին խրատներ և բարեմաղթանքներ են բաշխվում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-05-26, 2023-05-18, 2024-05-09, 2025-05-29, 2026-05-14, 2027-05-06, 2028-05-25, 2029-05-10, 2030-05-30:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել էր 23 կուսակցություն և 4 դաշինք։
2016 - Երևանում բացվեց ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը:
2011 - Դովիլ. Մինսկի խմբի երեք երկրների ղեկավարները հորդորում են հաշտեցման եզրեր գտնել մի քանի շաբաթից Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ։

  • «Կոչ ենք անում կողմերի առաջնորդներին իրենց երկրների բնակչությանը նախապատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի», - «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում հայտարարում են նախագահներ Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդեւն ու Նիկոլա Սարկոզին, հավելելով` «Հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի համաձայնության հասնելու կողմերի հանձնառությունը»: Նախագահները նաև պնդում էին, թե հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը, որը քննարկվել է մարտի 5-ին՝ Սոչիում, հիմք է ստեղծում համընդհանուր խաղաղ կարգավորման համար։

2011 - Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն Ազգային Ժողովում ներկայացնում է Անկախության հռչակման 20-ամյակին նվիրված Համաներման մասին օրինագիծը։ 

  • Մինչ այդ խոսվում էր, որ օրինագծով բանտերից դուրս են գալու նախ 2008-ի նախագահի ընտրություններից հետո ձերբակալված ընդդիմադիրները։ 

2008 - Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը մերժում է Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Հանրային խորհրդում ընդգրկվելու առաջարկը:  

  • Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն ասում է, որ նշված խորհրդի ձևավորման աշխատանքային խմբում ընդգրկվելու հարցը կարող է քննարկման առարկա դառնալ միայն` երբ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, չեղյալ հայտարարվեն հանրահավաքների մասին օրենքում կատարված փոփոխությունները, անկախ հետաքննություն իրականացվի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:

2001 - Հայաստանում սկսվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցը, թեպետ նա երկու օր է, ինչ Հայաստանում էր։ 

  • Երկու երկրների նախագահներն այդ օրը ստորագրեցին բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր, ինչպես նաև կրթության և արդարադատության նախարարությունների միջև համագործակցության համաձայնագիր։

1998 - Հայաստանում է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ 

  • Նա ասում է, որ Ամերիկան այլևս չպետք է պնդի Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի մաս կազմելը։ Ըստ Փալոնի, Ամերիկան պետք է ուսումնասիրի Ղարաբաղի առաջարկը Ադրբեջանի հետ հորիզոնական հարաբերություններ հաստատելու մասին։

1989 - ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով մայիսի 28-ը հռչակվում է հայկական պետականության վերականգնման օր։

  • «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. 1918թ. մայիսի 28-ը ճանաչել Հայկական պետականության վերականգնման օր։
2. Եռագույն (կարմիր-կապույտ-նարնջագույն) դրոշը համարել հայկական ազգային խորհրդանիշ։

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ՝ Հ. Ոսկանյան
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղար՝ Ն. Ստեփանյան
26 մայիսի, 1989թ., քաղ. Երևան»։

1982 - ASALA. Պայթյուն Լոս-Անջելեսում շվեյցարական «Սուիս Բենքինգ Քորփորեյշն» կազմակերպության դեմ։

  • Արարքի պատասխանատվությունը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակին։

1962 - Մատենադարանի դիմաց բացվում է Մեսրոպ Մաշտոցի արձանը, որի հեղինակը Ղուկաս Չուբարյանն է։

  • Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ Օշականում բացվում է Հայոց այբուբենի հուշակոթողը, որի ճարտարապետը Ջիմ Թորոսյանն է։

1946 - Գետառ գետի վարարումից մեծ վնաս է հասցվում Երևանին, ջրի ծախսը մեծացել էր մոտ 100 անգամ:
1918 - Սարդարապատի ճակատամարտը:
1918 - Ցրվում է Անդրկովկասյան սեյմը:

  • Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը հայտարարվում են անկախ հանրապետություններ (մինչև մայիսի 28-ը):

1907 - Սոլուխի կռվում զոհվեց հայ ազատագրական շարժման գործիչ Գևորգ Չաուշը:
1805
 - Ղարաբաղի տիրակալ Իբրահիմ խանը հանդիսավորությամբ հավատարմության երդում տվեց Ռուսաստանին:
451 - Ավարայրի ճակատամարտը՝ Վարդանանց հերոսամարտը:

  • Հայերը կորցրին մոտ 35.000 զինվոր, այդ թվում զոհվեցին սպարապետ Վարդան Քաջ Մամիկոնյանը, Վահան Արծրունին, Խորեն Խորխոռունին, Արտակ Պալունին, Տաճատ Գնթունին, Հմայակ Դիմաքսյանը, Ներսեհ Քաջբերունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին և Գարեգին Սրվանձտյանը, ինչպես նաև ընկան 133 ռազմիկներ Մամիկոնյան տոհմից, 57 ռազմիկներ Պալունի տոհմից, 22 ռազմիկներ Դիմաքսյան տոհմից, 20 ռազմիկներ Սրվանձտյան տոհմից, 19 ռազմիկներ Խորխոռունյաց տոհմից, 19 ռազմիկներ Գնթունյաց տոհմից, 7 ռազմիկներ Ընծայեցյաց տոհմից, 7 ռազմիկներ Քաջբերունյաց տոհմից, 3 ռազմիկներ Գնունյաց տոհմից, ինչպես նաև 739 ռազմիկներ այլ նախարարական տոհմերից։
  • Պարսից թագավորության բանակը կորցրեց մոտ 120.000 զինվոր, որոնց թվում 3544 ռազմիկներ դավաճաններից:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1998 - Վլադիմիր Արզումանյան (ծնվ. Ստեփանակերտ), «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթի հաղթող

  • Ունի կարատեի շագանակագույն գոտի, զբաղվում է ֆուտբոլով։

1979 - Հրաչ Թիթիզյան (ծնվ. Լոս Անջելես), ամերիկյան կինոյի դերասան
1969 - Քրիստոֆ Քալֆայան (ծնվ. Ֆրանսիա), ազատ ոճի լողորդ

  • Ֆրանսիան ներկայացրել է 3-րդ ամառային Օլիմպիական խաղերում ՝ սկսած 1988 թվականից։ Տղամարդկանց լողաոճում Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ՝ 50 մ ազատ ոճում (1993 և 1995թթ.):

1950 - Դեյվիդ Իգնատիուս (ծնվ. Վաշինգտոն), ամերիկահայ լրագրող և գրող

  • Հայրը՝ Փոլ Ռոբերտ Իգնատիուսը, նախկին ռազմածովային նախարար և "The Washington Post"ի նախագահն է։

1943 - Գերասիմ Լիսիցյան (ծնվ. Երևան), թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, բանաստեղծ
1929 - Ռուբեն Վարդանյան (ծնվ. Էրիվան, մ. 1996), դասական ոճի խորհրդային ըմբիշ, ԽՍՀՄ առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1951)

  • 1946թ. Մասնակցել է ԽՍՀՄ 12 առաջնություններին։ Համամիութենական կարգի դատավոր (1963), միջազգային կարգի դատավոր (1969):

1928 - Ջեք Գևորգյան, Դոկտոր Մահ (ծնվ. Պոնտիակ, Միչիգան, մ. 2011), ամերիկահայ բժիշկ, էվթանազիայի հանրահռչակող

  • Ջ ․ Գևորգյանի մասին «Դուք չեք ճանաչում Ջեքին» ֆիլմում Ջեքի դերը կատարել է Ալ Պաչինոն:
  • Բժիշկ Գևորգյանը մի անգամ իրեն համեմատել է Մարտին Լյութեր Քինգի և Մահաթմա Գանդիի հետ։ Չէ՞ որ, նրա խոսքով, ինքը նույնպես պայքարել է մարդու իրավունքների համար՝ արժանապատվորեն և անցավ մահանալու իրավունքի համար։

1927 - Ֆրունզե Դովլաթյան (ծնվ. Նոր Բայազետ, մ. 1997), դերասան և ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1966), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983)
1927 - Համլետ Վարդապետյան (ծնվ. Երևան, մ. 2013), ֆիզիկոս-փորձարար, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս
1926 - Վահագն Տատրյան (ծնվ. Ստամբուլ, մ. 2019), ամերիկահայ պատմաբան, Հայոց ցեղասպանության պատմության մասնագետ
1923 - Սերգեյ Դավիդյան (ծնվ. Մոսկվա, մ. 1996), խորհրդային երգիչ (քնարա-դրամատիկական տենոր); ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1959)

  • Հայտնի է «Առաջին Սիրո Երգը» ֆիլմից Առնո Բաբջանյանի երգերի կատարմամբ։
  • Ջազ երգիչ և երաժիշտ Անդրեյ Դավիդյանի հայրն է:

1897 - Մամիկոն Ազնավուրյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1968), երգիչ (բարիտոն), հայկական թափառող օպերետի արտիստ

  • Շառլ Ազնավուրի հայրն է։

1814 - Կարապետ Շահնազարյան (ծնվ. Համադան, Իրան, մ. 1865), XIX դարի կեսերի հասարակական և կրոնական գործիչ