Պատմության հայկական օրը. մայիսի 9


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Եռատոն

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը

  • Երկրորդ համաշխարհային պատերազմի մի փուլն էր, երբ Ֆաշիստական Գերմանիան, նվաճելով ցամաքային Եվրոպան, 1941թ. հունիսի 22-ին հարձակվեց Խորհրդային միության վրա: Դաժան և արյունալի պատերազմն ի վերջո ավարտվեց Խորհրդային Միության  հաղթանակով՝ 1945թ. մայիսի 2-ին, երբ Խորհրդային զորքերը գրավեցին Բեռլինը: Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլիացիայի ակտը: Խորհրդային Միության որոշմամբ՝ մայիսի 9-ը երկրում տոնական օր հայտարարվեց՝ Մեծ հաղթանակի օր: Երկրորդ համաշխարհային պատերազմում ընդգրկված է եղել 61 երկիր՝ 1.7 միլիարդ բնակչությամբ: Շուրջ 6 տարի տևած պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 50 միլիոն, և հաշմանադամ դարձել՝ 95 միլիոն մարդ:
  • Ի տարբերություն Առաջին աշխարհամարտի՝ Հայաստանի տարածքը զերծ մնաց պատերազմական գործողություններից: Սակայն հայերը գործուն մասնակցություն ունեցան համաշխարհային պատերազմի տարբեր ճակատներում: Բանակ է զորակոչվել մոտ 600 հազար հայորդի: Հայկական ԽՍՀ-ից մասնակցել է 300  հազար մարդ, ԽՍՀՄ  մյուս հանրապետություններից՝ 200 հազար, դաշնակից բանակների շարքերում՝ 100 հազար: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթնակը շատ կարևոր նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Հատկապես կարևոր էր 1942թ վերջին Ստալինգրադի ճակատամարտը, որի ժամանակ Թուրքիան 26 դիվիզիա էր կենտրոնացրել Անդրկովկասի սահմանի մոտ և Ստալինգրադում Խրհրդային զորքերի պարտության դեպքում, պատրաստվում էր ներխուժել Հայաստան և Անդրկովկաս, ինչը աղետալի հետևանքներ կունենար Հայաստանի համար:

Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրը

  • 1998թ-ին սկիզբ առած արցախահայության ազգային-ազատագրական պայքարը իր նշանակությամբ դարակազմիկ իրադարձություն էր հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ: Բողոք ազդարարվեց բոլոր նրանց դեմ, ովքեր ճշմարտությունը փորձեցին քողարկել պատմական սխալի վարագույրի հետևում: Ազատագրական պայքարի սկզբնական շրջանում իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ կանոնավոր, կենտրոնացված բանակ ստեղծելու գաղափարն իրացնելու ժամանակ, առավել ևս՝ անհրաժեշտ նյութատեխնիկական հնարավորություններ չկային: Սակայն ակնհայտ էր՝ պետք էր կազմակերպել ամուր և հստակ ինքնապաշտպանություն: Աստիճանաբար սկսեցին ի հայտ գալ առաջին կամավորական ջոկատները, որոնց շարքերը օր-օրի ավելանում էին: Արդեն 1991թ. վերջերին և 1992թ. սկզբներին Արցախի տարածքում կազմավորվել էին 10-ից ավելի դասակներ ու վաշտեր, որոնց մեջ ընդգրկված էր շուրջ հազար կամավորական: Սա թերևս առաջին առաջին կարևոր քայլերից մեկն էր կանոնավոր բանակ ստեղծելու ճանապարհին, ինչն արվում էր ռազմական գործողություններին զուգընթաց: Հետագայում Արցախի Պաշտպանության բանակն ավելի կայացավ և իրար հետևից փայլուն հաղթանակներ տարավ՝ թշնամուն դուրս շպրտելով Լեռնային Ղարաբաղից: Շուշիի գրավման հաջորդ օրը՝ մայիսի 9-ը, որոշվել է հայտարարել Արցախի Պաշտպանության բանակի հիմնդրման օր: 

Շուշիի ազատագրման օրը

  • Մայիսի 8-ն Արցախյան պատերազմի պատմության մեջ կարևոր օր է. 28 տարի առաջ այս օրը սկսվեց «Հարսանիք լեռներում» անվանումը կրող օպերացիան, որն ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին՝ Շուշիի ազատագրմամբ:
  • Բարձունքի վրա գտնվող Շուշին ադրբեջանցիները դարձրել էին հայկական բնակավայրերի ռմբակոծման հարթակ: Ստեփանակերտը պարբերաբար հրետակոծում էին հենց Շուշիից: 
  • Ռազմական գործողությունների ելքն կանխորոշվեց արդեն իսկ մայիսի 8-ին: Գիշերը` ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո հայկական զորքը վաղ առավոտյան արդեն Շուշիում էր, լուսաբացին բերդաքաղաքի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայկական եռագույնը: Իսկ երեկոյան տրված դադարը հակառակորդի համար պարզապես հնարավորություն էր՝ հատկացված միջանցքով բերդաքաղաքից հեռանալու համար։
  • Մայիսի 9-ին Շուշին արդեն ազատագրված էր։ Բերդաքաղաքի գրավումից հետո պատերազմը ընթացավ մինչև 1994թ. մայիսի 12-ը: Սակայն, Շուշիից հետո պատերազմի ավարտն արդեն տեսանելի էր, այն բեկումնային պահ էր դարձել Ղարաբաղյան պատերազմում:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Թուրքիայի Հանրապետության` 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների: 
2019 - Իսպանիայի Սորիայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

  • Քաղաքային նիստի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միության ներկայացրած միջնորդագիրը։ Միջնորդագիրը կարդաց քաղաքապետ Կառլոս Մարտինես Մինգեսը՝ հայտարարելով, որ Սորիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը  և հորդորում Կաստիյա և Լեոնի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններին հետևել իրենց օրինակին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա իրականացնողներին:

1996 - ՌԴ ԱԳ նախարար Եվգենի Պրիմակովի նախաձեռնությամբ Հայաստանից Բաքու են ուղարկվում 67 ադրբեջանցի ռազմագերիներ:
1995 -  ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունենում առաջին զորահանդեսը, որը նվիրված էր Շուշիի ազատագրման տարեդարձին:
1994 - Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհուրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշքեկում (Ղրղզստան) ստորագրված արարողակարգը:

  • Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք.կմ (15%), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք.կմ (8 %):

1992 - Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
1992 - Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Թեհրանում համատեղ հայտարարություն են ստորագրում` խոստանալով տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով։

  • Իրանի նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի նախաձեռնությամբ ընդունված փաստաթղթով կողմերը պայմանավորվել էին` մեկ շաբաթվա ընթացքում` Իրանի նախագահի ներկայացուցիչ Մ. Վայեզիի տարածաշրջանային այցից ու շահագրգիռ կողմերի հետ բանակցություններից հետո, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների աջակցությամբ հաստատվելու էր հրադադար, միաժամանակ բացվելու էին կոմունիկացիոն բոլոր ճանապարհները: Նշվում էր, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը Իրանից բացի պետք է հետևեին ԵԱՀԽ (ԵԱՀԿ) և այլ դիտորդներ:
  • Արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին` Հայաստանի առաջնորդ Լ. Տեր֊Պետրոսյանի և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովի բանակցությունները շարունակվել էին հինգ ժամ: Փաստաթղթի տակ ստորագրությունը սակայն չէր չորացել, երբ տեղեկություն է ստացվում, որ հայկական ուժերը մտել են Շուշի:

1992 - Խոցվում է Ստեփանակերտ-Երևան թռիչք իրականացնող ինքնաթիռը։
1961 - Հայաստանում գտնվող ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի և ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի հետ մեկնում է Սևան, լինում Սևան-Հրազդան կասկադի հիդրոհանգույցում, «Միկոյան» նավով զբոսնում լճի վրա։

  • Տարիներ անց Անտոն Քոչինյանը Միկոյանին պատմել էր, որ ցանկանում էին Սևանում հյուրասիրել Խրուշչովին, սակայն ոչ մի կարգին ռեստորան լճի շրջակայքում չկար, և Զարոբյանը «գենսեկին» առաջարկում է «Միկոյանի» վրա հաց ուտել։

1932 - ՀԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ լուծարքի ենթարկվեց Հայաստանի պրոլետարական գրողների միությունը և ստեղծվեց հանձնաժողով Հայաստանի խորհրդային գրողների միություն կազմակերպելու համար:
1930 - Հանդիսավոր միջոցառումներով ավարտվում է Ձորահէկի թունելի կառուցումը, որը շինարարության ամենաբարդ հատվածն էր։

  • «Ամենահաջող կերպով պայթեցվեցին և միացվեցին 5-րդ և 6-րդ տեղամասերը։
  • Ժամը 5:20 րոպեին թունելների երկու կողմից պայթեցված կետում գրկախառնվեցին բանվորները։ Թունելից լսվում էին «կեցցե էլեկտրաֆիկացիան», «կեցցե բայլշևիկյան կուսակցությունը»,- գրում էր «Խորհրդային Հայաստան» թերթը։
  • Ձորահէկի կառուցումն ընթանում էր երկու փուլով. առաջինն ավարտվելու էր 1931-ի հոկտեմբերին, երկրորդը՝ 1932-ի ապրիլին։

1884 - Էջմիածնի ընտրություններում Ներսես Վարժապետյանն ընտրվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս:
1859 - Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Միքայել Արամյան (ծնվ. Երևան), ռուս դերասան
1982 - Խաչատուր Բադալյան (ծնվ. Օրջոնիձե), տենոր, պետական ակադեմիական Մեծ թատրոնի և Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական թատրոնի հրավիրված մենակատար
1955 - Նաթան Հովհաննիսյան (ծնվ. Երևան), եպիսկոպոս, Մեծ Բրիտանիայի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ
1946 - Վիկտոր Միրզայանց (ծնվ. Կուրգան-Տյուբե, Տաջիկստան), հայ տաջիկ ռեժիսոր
1945 - Ռուզաննա Լիսիցյան (ծնվ. Մոսկվա), երգչուհի (սոպրանո), վոկալ մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1979), Հայաստանի ժողովրդական արտիստ (1987), Ռուսաստանի վաստակավոր արտիստ (1997)

  • Հայտնի օպերային երգիչ Պավել Լիսիցիանի և Դաղմարա Լիսիցիանի դուստրը: Կարինայի, Ռուբենի և Գերասիմ Լիսիցիանի քույրը։ Զարուհի Դոլուխանյանի զարմուհին:

1945 - Ռուբեն Լիսիցիան (ծնվ. Մոսկվա), համերգային երգիչ (տենոր և բարիտոն), մանկավարժ և հասարակական գործիչ; Ռուսաստանի վաստակավոր արտիստ (1990)
1942 - Գայանե Խաչատրյան (ծնվ. Թբիլիսի, մ. 2009), նկարիչ

  • Սերգեյ Փարաջանովը, Գայանեի ամենամտերիմ ընկերներից մեկը, նրան համարում էր 20-րդ դարի վերջին քառորդի հանճարեղ նկարչուհին։
  • Յոկո Օնոն, այցելելով Ստաս Նամինի տուն, հիացած էր Գայանեի աշխատանքներից։ «Միթե Ռուսաստանում նման նկարիչներ կան»- բացականչեց նա։ Յոկո Օնոն այնքան է հետաքրքրվել Գայանեի ստեղծագործությամբ, որ ուղարկել է իր օպերատորներին, որպեսզի նրանք նկարեն նրա համար:
  • Տոնինո Գուերան, որը հիացած է Գայանեի ստեղծագործությամբ, նրա մասին ֆիլմ է նկարահանել։ Դրանցից մեկը նվիրել է Ֆեդերիկո Ֆելինին։ Դա մեծ ռեժիսորի հավաքածուի սիրած նկարն էր։

1929 - Հերարդ Կարապետյան, դերասան, Վրաստանի վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ ՀԽՍՀ
1926 - Նիկողոս Թագմիզյան (ծնվ. Աթենք), երաժշտագետ, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984)
1926 - Արամ Ազարյան (ծնվ. Երևան), երաժիշտ, շեփորահար, մանկավարժ
1924 - Բուլատ Օկուջավա (սեռ. Մոսկվա), բանաստեղծ, արձակագիր, սցենարիստ, կոմպոզիտոր, կիթառահար, երգահան, հայ-վրացական արմատներով հեղինակ-կատարող
1902 - Գեորգի Խուբով (ծնվ. Կարս, մ. 1981), երաժշտագետ, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1969)