Պատմության հայկական օրը. նոյեմբերի 10


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Գուրիասն ու Սամունասը եդեսացի երկու քահանաներ էին Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305): Որպես քրիստոնյաների նրանց ձերբակալում են, բերում քաղաքի դատավորի մոտ, որ կուռքերի առջև խնկարկելու և կայսեր պատկերին երկրպագելու հրաման տա: Մերժում ստանալով` նրանց մեկ ձեռքի վրա կախում են: Երբ հոդերը խախտվում են, կրկնում են իրենց հրամանը: Ժխտական պատասխան ստանալով` ձեռք ու ոտք կապած նետում են խոր փոսը: Տեսնելով չարչարանքներն անօգուտ են անցնում` գլխատում են Դ դարի սկզբին:
  • Աբիբ սարկավագը ծառայում էր Եդեսիայի եկեղեցում Դ դարի սկզբներին: Հալածանքների ժամանակ նա, շրջելով գյուղերում, քարոզում էր Աստծո խոսքը և քաջալերում նրանց, ովքեր հալածանքի էին ենթարկվում: Լիկիանոս կայսրն իմանալով այս մասին՝ հրամայում է ձերբակալել նրան, ինչը սակայն չի հաջողվում: Իսկ Աբիբ սարկավագը, երբ լսում է, որ իր մորն ու ազգականներին են բանտարկել, հոժարակամ հանձնվում է իշխանություններին: Դատավորը, չկարողանալով նրան համոզել, որ ուրանա Քրիստոսին, կրակով այրելու հրաման է տալիս: Սուրբը նախ աղոթում է, ապա նետվում է կրակի մեջ և ավանդում հոգին 312 թվականին: Նրան թաղում են այն տապանի մեջ, որտեղ ամփոփված էին նույն քաղաքի նույն օրերին նահատակված Գուրիաս և Սամոնաս քահանաների աճյունները:
  • Դիոկղետիանոսի հալածանքների շրջանում Ռոմանոս անունով կրոնավորը, ով ձերբակալվելով դատվում էր իր հավատի համար, դատավորին ասում է. «Մինչև իսկ եթե որևէ մանկան հարցնես, թե որն է ճիշտ` երկնքի ու երկրի Արարիչ միակ Աստծուն պաշտելը, թե բազում աստվածների, քեզ ճիշտ պատասխան կտա»: Արդարև, կանչում են պատահական մի մանկան, ով վերոհիշյալ հարցմանը պատասխանում է. «Մարդկանց Աստված կոչվածը մեկ պետք է լինի. մեր պաշտած Աստված միածին Որդի ունի, որ Հոր հետ մեկ է»: Զայրացած դատավորը իսկույն հրամայում է սպանել անմեղ մանկանը: Դեպքը տեղի է ունենում 304 թվականին:
  • Հյուսիքոս զինվորը չարչարվել է Դիոկղետիանոս կայսեր օրոք: Եղել է զինվորական, կայսեր մերձավորը. Քրիստոսին հավատալու համար ջրասույզ է արվել` պարանոցին քար կապված:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-10, 2023-11-16, 2024-11-14, 2025-11-13, 2026-11-12, 2027-11-11, 2028-11-16, 2029-11-15, 2030-11-14։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - «...Իրականում հնարավոր էր առանց արյունահեղության հասնել շատ նման համաձայնության։ Սա թերևս Նիկոլ Փաշինյանի մեծ ձախողումն է»,- ասել է բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը՝ պատասխանելով «արդյոք հնարավո՞ր էր նման արդյունքի հասնել առանց պատերազմի» հարցին։ 
2020 - Հրապարակվեց Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին:

  • Դա հուզումներ առաջացրեց Երևանում, տեղական ժամանակով ժամը 2։30-ի սահմաններում ցուցարարները ներխուժեցին ՀՀ կառավարության շենք, որտեղ նրանք փնտրում էին Նիկոլ Փաշինյանին։

2020 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Պահի հրամայականը» հայտարարություն էր տարածել.

  • «Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։
  • Քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ հայության համար։
  • Ուզում եմ հուսալ, որ ազգի ճակատագրով մտահոգ կուսակցությունները, հասարակական-քաղաքական խմբերը, ուժային կառույցները, մտավորականության հեղինակավոր ներկայացուցիչները և ընդհանրապես պատասխանատվության զգացում ունեցող բոլոր ուժերը կգործադրեն իրենց ողջ ազդեցությունը՝ նման աղետալի հեռանկարից խուսափելու համար»։

2020 - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պուտինի հետ տեսակոնֆերանսի ընթացքում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո համատեղ խաղաղապահ առաքելություն է ծավալվելու Ռուսաստանի և Թուրքիայի զինծառայողներից:
2007 - Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը պաշտոնապես առաջադրվում է Հայաստանի նախագահի թեկնածու։ 

  • Նա Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին ասում է. «Լևոն Տեր-Պետրոսյանը այնքան է կորցրել իրատեսությունը, որ հավատում է ռևանշի, և նույնիսկ խորհուրդ է տալիս հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ինձ հեռանալ քաղաքական ասպարեզից»։

2000 - Փորձարկվում է Դավիթաշենի կամուրջը՝ առաջին ավարտուն խոշոր շինությունը անկախ Հայաստանում։ 

  • Փորձարկման պահին կամուրջի տակ կանգնած են տարածքային կառավարման և քաղաքաշինության նախարարն ու լրագրողները՝ պատրաստվում են բաժակ բարձրացնել։

1999 - Ազգային Ժողովում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ քննարկվում է ԱԺ պատգամավոր, հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալ, ձերբակալության 96 ժամվա ժամկետը լրացած Մուշեղ Մովսիսյանի կալանավորման հարցը։ 

  • Աղվան Հովսեփյանն ասում է, որ Մուշեղ Մովսիսյանը Նաիրի Հունանյանի հետ համատեղ քննարկել և ծրագրել է Վազգեն Սարգսյանի սպանությունը։ 
  • Մուշեղ Մովսիսյանն ասում է՝ Հովսեփյանը ստում է։ 
  • 90 կողմով Մովսիսյանին խորհրդարանի դահլիճից դուրս են բերում արդեն որպես կալանավոր:

1998 - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտության 3 կողմերին` Հայաստանին, Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին են ներկայացրել «Ընդհանուր Պետություն» կոչվող կարգավորման պլանը։

  • Այս պլանը վերջինն էր, որն ուղարկվել է նաև Ստեփանակերտ։ Երևանն ու Ստեփանակերտը կողմ են արտահայտվել պլանին, Բաքուն` դեմ։ 
  • Այն ներկայացվել է «Փուլային տարբերակից» 1 տարի անց։ Փուլային տարբերակին դեմ է եղել միայն Ստեփանակերտը։ 

1992 - Արցախի ինքնապաշտպանական ուժերը Մարտակերտի ռազմաճակատում սկսեցին վեցօրյա (նոյեմբերի 10-15-ը) հարձակողական օպերացիան, որի ընթացքում հայկական ուժերի վերահսկողության տակ անցան ադրբեջանցիների հունիս-հուլիսյան մեծ հարձակման ընթացքում գրավված Վաղուհաս, Հարությունագոմեր, Կճողուտ և Չլդրան գյուղերը:
1982 - ԽՍՀՄ առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի մահվան օրը, ձերբակալվում են այլախոհներ Ռաֆայել Պապայանը, Էդմոն Ավետյանը և Գեորգի Խոմիզուրին:

  • Ռաֆայել Պապայանի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվում է մեծ քանակությամբ հակասովետական գրականություն, այդ թվում՝ Սոլժենիցինի, Ավտորխանովի գործերը, «Ընթացիկ իրադարձությունների ժամանակագրության» նմուշներ և Մոսկովյան Հելսինկյան խմբի փաստաթղթեր:
  • Պապայանին և Խոմիզուրիին մեղադրանք է առաջադրվում Հայկական ԽՍՀ ՔՕ 65-րդ հոդվածի համաձայն (հակասովետական ագիտացիա և քարոզչություն), իսկ Ավետյանին ուղարկում են հոգեբուժարան:

1980 - ASALA. Պայթյուն Ֆրանսիայում, Ստրասբուրգի թուրքական հյուպատոսարանի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակը և Փե-Քա-Քա-ն՝ Քուրդիստանի Աշխատավորական Կուսակցությունը միասնաբար ստանձնում են պատասխանատվությունը։ Միացյալ հայտարարության մեջ նրանք շեշտում են «Հայ և քուրդ միացյալ պայքարը, որ մղվում է թրքական բռնապետության դեմ»։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1970 - Տիգրան Մայտեսյան, ջութակահար
1947 - Ատոմ Մուրադյան, հայ ֆիզիկոս
1937 - Էդուարդ Զոհրաբյան, հայ արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, ֆուտբոլի սպորտի վարպետ
1932 - Ռիչարդ Հովհաննիսյան (ծնվ. Թուլարի, Կալիֆորնիա, ԱՄՆ), Հայաստանի և Մերձավոր Արևելքի պատմության պրոֆեսոր Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (UCLA)
1929 - Էդմոնդ Ավետյան (ծնվ. Անդիժան, Ուզբեկստան, միտք. 2002), բանասեր, փիլիսոփայության սեմիոտիկ խնդիրների մասնագետ

  • 1982 թվականին, որպես այլախոհ, ձերբակալվել է, մեղադրվել է ռուս գրող Ալեքսանդր Սոլժենիցինի հետ նամակագրության և արգելված գրականություն պահելու մեջ։ Հարկադրված ուղարկվել է հոգեբուժարան, որտեղից ազատ է արձակվել 1984 թվականին։

1929 - Ռուբեն Ադալյան, հայ նկարիչ
1928 - Ազատ Շահինյան, գրող, դրամատուրգ
1913 - Հայկ Մարության (ծնվ. Շահումյանի, Վրաստան, մ. 2012), շեփորահար, ռազմական դիրիժոր, մանկավարժ, կոմպոզիտոր: Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոցենտ: Գնդապետ
1912 - Նաղուշ Հարությունյան (ծնվ. Երևան, մ. 1993), Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ:

  • Հայաստանում ժամանակակից մեխանիկայի դպրոցի հիմնադիրն է: Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության և ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահի տեղակալ

1901 - Գևորգ Գոյան (Տեր-Նիկողոսյան), Հայկական Խորհրդային թատերագետ
1881 - Արսեն Ամիրյան (մ. 1918), Հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից
1864 - Ստանիսլավ Բարոնչ (ծնվ. Լվով, մ. 1936), բանաստեղծ և թարգմանիչ

  • Ծնվել է հինավուրց հայ ազնվական ընտանիքում։
  • 6 տարեկանում ծանր հիվանդության հետևանքով կորցրել է տեսողությունը։ Կրթությունն ստացել է տանը, ապա եղել  է Լվովի համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետի ազատ ունկնդիր։