Պատմության հայկական օրը. նոյեմբերի 11

 Հայեր  11/11/2021   11:00    54  
Պատմության հայկական օրը. նոյեմբերի 11

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Գուրիասն ու Սամունասը եդեսացի երկու քահանաներ էին Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305): Որպես քրիստոնյաների նրանց ձերբակալում են, բերում քաղաքի դատավորի մոտ, որ կուռքերի առջև խնկարկելու և կայսեր պատկերին երկրպագելու հրաման տա: Մերժում ստանալով` նրանց մեկ ձեռքի վրա կախում են: Երբ հոդերը խախտվում են, կրկնում են իրենց հրամանը: Ժխտական պատասխան ստանալով` ձեռք ու ոտք կապած նետում են խոր փոսը: Տեսնելով չարչարանքներն անօգուտ են անցնում` գլխատում են Դ դարի սկզբին:
  • Աբիբ սարկավագը ծառայում էր Եդեսիայի եկեղեցում Դ դարի սկզբներին: Հալածանքների ժամանակ նա, շրջելով գյուղերում, քարոզում էր Աստծո խոսքը և քաջալերում նրանց, ովքեր հալածանքի էին ենթարկվում: Լիկիանոս կայսրն իմանալով այս մասին՝ հրամայում է ձերբակալել նրան, ինչը սակայն չի հաջողվում: Իսկ Աբիբ սարկավագը, երբ լսում է, որ իր մորն ու ազգականներին են բանտարկել, հոժարակամ հանձնվում է իշխանություններին: Դատավորը, չկարողանալով նրան համոզել, որ ուրանա Քրիստոսին, կրակով այրելու հրաման է տալիս: Սուրբը նախ աղոթում է, ապա նետվում է կրակի մեջ և ավանդում հոգին 312 թվականին: Նրան թաղում են այն տապանի մեջ, որտեղ ամփոփված էին նույն քաղաքի նույն օրերին նահատակված Գուրիաս և Սամոնաս քահանաների աճյունները:
  • Դիոկղետիանոսի հալածանքների շրջանում Ռոմանոս անունով կրոնավորը, ով ձերբակալվելով դատվում էր իր հավատի համար, դատավորին ասում է. «Մինչև իսկ եթե որևէ մանկան հարցնես, թե որն է ճիշտ` երկնքի ու երկրի Արարիչ միակ Աստծուն պաշտելը, թե բազում աստվածների, քեզ ճիշտ պատասխան կտա»: Արդարև, կանչում են պատահական մի մանկան, ով վերոհիշյալ հարցմանը պատասխանում է. «Մարդկանց Աստված կոչվածը մեկ պետք է լինի. մեր պաշտած Աստված միածին Որդի ունի, որ Հոր հետ մեկ է»: Զայրացած դատավորը իսկույն հրամայում է սպանել անմեղ մանկանը: Դեպքը տեղի է ունենում 304 թվականին:
  • Հյուսիքոս զինվորը չարչարվել է Դիոկղետիանոս կայսեր օրոք: Եղել է զինվորական, կայսեր մերձավորը. Քրիստոսին հավատալու համար ջրասույզ է արվել` պարանոցին քար կապված:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-10, 2023-11-16, 2024-11-14, 2025-11-13, 2026-11-12, 2027-11-11, 2028-11-16, 2029-11-15, 2030-11-14։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունում է Ղարաբաղի հարցով չորրորդ՝ 884 բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի Զանգելանի շրջանի հայկական ուժերի կողմից գրավումը և պահանջում դրանց դուրսբերումը։

  • Փաստաթուղթը կրկին կոչ է անում Հայաստանին օգտագործել Ղարաբաղի վրա ունեցած ազդեցությունը` հրադադար հաստատելու և նախորդ բանաձևերի պահանջները կատարելու համար: Դատապարտելով Ադրբեջանի Զանգելանի շրջանի ու Հորադիզ քաղաքի բռնազավթումը ` բանաձևը միաժամանակ փաստում է, որ վերջին լարվածությունն արձանագրվել է «հրադադարի խախտման և այդ խախտումներին ի պատասխան` ուժի անհամաչափ կիրառման արդյունքում»:
  • Քվեարկությունից հետո ԱՄՆ դեսպանը հայտարարում է`«բանաձևը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է միաժամանակ երկու կողմերին`մեկին հրադադարը խախտելու, մյուսին`անհամարժեք արձագանքելու համար»:

1983 - Վախճանվում է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը։

  • Խորհրդային Հայաստանում այս կորուստն առանձնահատուկ ծանր են տանում։ Բաբաջանյանին մարդիկ ընկալում էին որպես «մեր Առնո»։ Չնայած նա վաղուց ապրում էր Մոսկվայում և վայելում էր միութենական փառքը, Բաբաջանյանը ԽՍՀՄ-ում հաջողության հասած հայ արվեստագետներից «ամենահայկականն» էր՝ արտաքինով, կերպարով, ոչ վարժ ռուսերենով։
  • 1983 թվականին Առնո Բաբաջանյանին հետմահու շնորհում են ՀԽՍՀ պետական մրցանակ մեկ տարի առաջ էկրան բարձրացած «Երջանկության մեխանիկա» ֆիլմի երաժշտության համար։

1980 - ASALA. Պայթյուն Հռոմում «Թրքիշ Էյրլայնս»-ի գրասենյակի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակը և PKK-ն միասնաբար ստանձնում են գործողության պատասխանատվությունը։ Առանձին հաղորդագրությամբ գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ «Ալեք Ենիգոմշեան Քոմանտօ»-ն։

1920 - Հայաստանի խորհրդարանը նրա նորընտիր ղեկավարի՝ Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ, հրավիրում է արտակարգ նիստ, որի ընթացքում ելույթ է ունենում վարչապետ Համո Օհանջանյանը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1974 - Ջալալ Հարությունյան, հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս։
1961- Արթուր Կիրակոսյան, հաղորդավար և մեկնաբան
1959 - Միշել Մոսեսյան ֆրանսահայ ճարտարապետ
1949 - Սերգեյ Կուրղինյան, խորհրդային և ռուսաստանյան քաղաքագետ և վերլուծաբան
1933 - Զարեհ Սահակյանց (մ.1986), ջութակահար և դիրիժոր
1923 - Միքայել Տեր-Միքայելյան (մ.1986), տեսաբան ֆիզիկոս
1866 - Անտուան Մեյե, ֆրանսիացի լեզվաբան, հայագետ և սլավոնագետ
1797 - Գևորգ Հյուրմյուզյան (մ.1876) թարգմանիչ, եկեղեցական և մշակութային գործիչ
1762 - Մկրտիչ Ավգերյան (մ.1854) աստվածաբան և լեզվաբան-բառարանագիր

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0