Պատմության հայկական օրը. նոյեմբերի 11


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2007 - ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է. «Երբ «քուչի կամ բազարի» կոդեքսի կատեգորիաները թափանցում են պետականության բարձրագույն ոլորտ, ապա վա՛յ այդ պետությանը»։
1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունում է Ղարաբաղի հարցով չորրորդ՝ 884 բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի Զանգելանի շրջանի հայկական ուժերի կողմից գրավումը և պահանջում դրանց դուրսբերումը։

  • Փաստաթուղթը կրկին կոչ է անում Հայաստանին օգտագործել Ղարաբաղի վրա ունեցած ազդեցությունը` հրադադար հաստատելու և նախորդ բանաձևերի պահանջները կատարելու համար: Դատապարտելով Ադրբեջանի Զանգելանի շրջանի ու Հորադիզ քաղաքի բռնազավթումը ` բանաձևը միաժամանակ փաստում է, որ վերջին լարվածությունն արձանագրվել է «հրադադարի խախտման և այդ խախտումներին ի պատասխան` ուժի անհամաչափ կիրառման արդյունքում»:
  • Քվեարկությունից հետո ԱՄՆ դեսպանը հայտարարում է`«բանաձևը ստեղծված իրավիճակի համար մեղադրում է միաժամանակ երկու կողմերին`մեկին հրադադարը խախտելու, մյուսին`անհամարժեք արձագանքելու համար»:

1992 - Բանգլադեշն ու Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել ։

  • Մայրաքաղաք Դաքքայում հայկական փոքր համայնք կա, Արմանիտոլի շրջանը անվանակոչվել է ի պատիվ հայ համայնքի։

1991 - Ռումինիան պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1983 - Վախճանվում է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը։

  • Խորհրդային Հայաստանում այս կորուստն առանձնահատուկ ծանր են տանում։ Բաբաջանյանին մարդիկ ընկալում էին որպես «մեր Առնո»։ Չնայած նա վաղուց ապրում էր Մոսկվայում և վայելում էր միութենական փառքը, Բաբաջանյանը ԽՍՀՄ-ում հաջողության հասած հայ արվեստագետներից «ամենահայկականն» էր՝ արտաքինով, կերպարով, ոչ վարժ ռուսերենով։
  • 1983 թվականին Առնո Բաբաջանյանին հետմահու շնորհում են ՀԽՍՀ պետական մրցանակ մեկ տարի առաջ էկրան բարձրացած «Երջանկության մեխանիկա» ֆիլմի երաժշտության համար։

1980 - ASALA. Պայթյուն Հռոմում «Թրքիշ Էյրլայնս»-ի գրասենյակի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակը և PKK-ն միասնաբար ստանձնում են գործողության պատասխանատվությունը։ Առանձին հաղորդագրությամբ գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ «Ալեք Ենիգոմշեան Քոմանտօ»-ն։

1945 - Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը դիմում է երեք մեծ տերությունների՝ ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Տրումենին, Ստալինին և Էտլիին՝ խնդրելով «ազատագրել և Սովետական Հայաստանին կցել» Թուրքիայի հայկական վիլայեթները։

  • «Այս արդար և վսեմ գործի հաջողության համար աղերսանոք դիմում եմ Ամենակարող Աստծո օգնությանը. թող Բարձրյալն օրհնե Ձեզ և առաջնորդե Ձեր միտքն ու կամքը բարին կատարելու, այլև շարժե ներկա Թյուրքիայի ղեկավարների խիղճը, քավելու իրենց և նախորդների ծանր հանցանքները»,- ասված էր կաթողիկոսի դիմումում։

1920 - Հայաստանի խորհրդարանը նրա նորընտիր ղեկավարի՝ Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ, հրավիրում է արտակարգ նիստ, որի ընթացքում ելույթ է ունենում վարչապետ Համո Օհանջանյանը:
1920 - Վ․ Գ․ Չիչերինը
 հեռագիր ուղարկեց թուրքական ազգային կառավարության նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

  • Մոսկվա, 11 նոյեմբերի։ Նկատի ունենալով այն, որ հայկական կառավարությունը դիմել է Հայաստանի և Թուրքիայի միջև Խորհրդային Ռուսաստանի միջնորդության մասին և թուրքական ազգային կառավարության ներկայացուցչությունը համաձայն է դրան, խորհրդային կառավարությունը տեղեկացնում է Ձեզ, որ նա ստանձնում է միջնորդությունը և այդ նպատակով ռազմական գործողությունների շրջան է ուղարկում իր լիազոր-ներկայացուցիչ Մդիվանուն։ Խորհրդային կառավարությունը հույս ունի, որ հետագա ռազմական գործողությունները կդադարեցվեն։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1974 - Ջալալ Հարությունյան, հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս։
1961- Արթուր Կիրակոսյան, հաղորդավար և մեկնաբան
1959 - Միշել Մոսեսյան, ֆրանսահայ ճարտարապետ
1949 - Սերգեյ Կուրղինյան, խորհրդային և ռուսաստանյան քաղաքագետ և վերլուծաբան
1933 - Զարեհ Սահակյանց (մ.1986), ջութակահար և դիրիժոր
1923 - Միքայել Տեր-Միքայելյան (մ.1986), տեսաբան ֆիզիկոս
1866 - Անտուան Մեյե, ֆրանսիացի լեզվաբան, հայագետ և սլավոնագետ
1797 - Գևորգ Հյուրմյուզյան (մ.1876), թարգմանիչ, եկեղեցական և մշակութային գործիչ
1762 - Մկրտիչ Ավգերյան (մ.1854), աստվածաբան և լեզվաբան-բառարանագիր