Պատմության հայկական օրը. նոյեմբերի 15


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Ադրիանոսի և նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելևթյուրոս վկաների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ադրիանոսը Մաքսիմիանոս կայսեր օրոք հռոմեական բանակում բարձրաստիճան պաշտոնյա էր, որ սկզբնապես հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Սակայն տեսնելով նրանց քաջությունն ու համբերությունը` իր կնոջ` Անատոլիայի աղոթքի ու ջանքերի շնորհիվ ի վերջո քրիստոնյա է դառնում: Նոր հավատքի համար նա բանտարկվում է և խստագույն չարչարանքների ենթարկվելով` նահատակվում է 310 թվականին: 
  • Անատոլիան, ով քրիստոնյաների դեմ հարուցված հալածանքների ժամանակ գոտեպնդում էր բանտարկյալներին` չտկարանալ հավատի մեջ և արիաբար ընդունել մարտիրոսական պսակն, իր ամուսնու նահատակությանը ներկա էր՝ ձևանալով այր: Նա այնքան անձնվիրաբար էր ծառայում բանտարկյալ քրիստոնյաներին, որ ստանում է «քույր մարտիրոսաց» անունը: Ամուսնու մահից հետո քաշվում է Բյուզանդիոն, ապրում առաքինի վարքով և իր մահկանացուն կնքում խաղաղ մահով:
  • Թեոդորոսը զորավար էր հռոմեական բանակում Լիկիանոս կայսեր օրոք: Վերջինս թեև Կոստանդիանոսի հետ ստորագրել էր քրիստոնյաների ազատագրման հրովարտակը, բայց հետագայում մտափոխվում է և սկսում հալածել քրիստոնյաներին: Իրազեկ դառնալով, որ Թեոդորոսը ոչ միայն քրիստոնյա է, այլև ուրիշներին է քրիստոնեացնում, Լիկիանոսը հրահանգում է նրան հրաժարվել նոր հավատից և դառնալ հին կրոնին: Սակայն Թեոդորոսը գերադասում է ենթարկվել չարչարանքների, քան ուրանալ Քրիստոսին: Կայսեր հրամանով նրան ձաղկում են, ապա գլխիվայր կապում խաչափայտին ու գլխատում 319 թվականին:
  • Ելևթյուրոսը ապրել և գործել է Դեկոս կայեր իշխանության օրոք Գաղատիայում: Դաժանաբարո Կումվրիա թագավորին պախարակելու համար գլխատվում է քաղաքի բնակիչներից մեկը: Նրա գլխատմանը ներկա Ելևթյուրոսը դատարանին է դիմում առավել խիստ հանդիմանություններով, որի համար հալածվում է և հրաշքով փրկվում: Հրաշքին ականատես լինելով` բազում հեթանոսներ քրիստոնյա են դառնում, ի թիվս որոնց` Կալինիկոս քուրմն, ով իրեն բացահայտ քրիստոնյա է հռչակում և գլխատվում: Ելևթյուրոսը, դիմագրավելով բազմաթիվ տանջանքների, վախճանվում է իր մահով:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-15, 2023-09-05, 2024-09-08, 2025-01-30, 2026-08-06, 2027-11-16, 2028-09-05, 2029-09-04, 2030-01-31:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 -  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը հեռախոսազրույց ունեցան, որի ժամանակ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։
1981 - ASALA. Չորս պայթյուններ Լիբանանի Ջյունիի շրջանի «Էյր Ֆրանս» օդանավային ընկերության գրասենյակի, Դորայի շրջանի «Լբանո-Ֆրանսեզ» բանկի, Բուրջ-Համմուտի «Յունիոն Նասիոնալ դը Փարի» բանկի և Զուք Մըքայելի «Ֆրանսաբանկ» դրամատան առջև։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը։

1256 - Հայոց Արքա Հեթումը ասպետացրեց  («ձիավորեցրեց») իր որդի Լևոն արքայազնին։

  • Այս օրը նշվում է Հայ Ասպետության տոն։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Գրիգոր Մխիթարյան (ծնվ. Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլահայ շախմատիստ, Բրազիլիայի կրկնակի չեմպիոն (2012, 2016), գրոսմայստեր 

  • Գրիգոր Սևակ Մխիթարյանը պորտուգալերենին զուգահեռ տիրապետում է նաև հայերենին։ Առաջին անգամ Հայաստանում եղել է 1999 թվականին, հոր հետ։ 

1967 - Հովհաննես Լոլոյան (ծնվ. 1967, Լենինական), ճանապարհորդ, մարզիկ

  • 2,5 տարեկանում հիվանդացել է պոլիոմիելիտով: 1998-2007թթ. եղել է «Կամք» հաշմանդամային ընկերության կազմակերպիչը և նախագահը:
  • 2004 թ. մարզական սայլակով անցել է 2.300 կմ Գյումրիից մինչև Հունաստանի մայրաքաղաք Աթենք՝ 7 պետությունների տարածքով ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի և Հունաստանի: Այս մարաթոնի նպատակն էր ցույց տալ մարդու կամքի անսասան ուժը:

1864 - Շմավոն Շահպունի (մ. 1960), Հայաստանի վաստակավոր դասախոս, հանրապետական նշանակության անհատական թոշակառու
1845 - Վասիլե Կոնտա (Գոնտա) (ծնվ. Նյամց, Ռումինիա,  մ. 1882), հայազգի ռումին փիլիսոփա, պետական, քաղաքական գործիչ, իրավագետ