Պատմության հայկական օրը. 12 փետրվար


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2021 - Որոնողական աշխատանքների արդյունքում, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3՝ նախնական տվյալներով, զինծառայողների  աճյուն: 

  • Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
  • 2020 թվականի նոյեմբերից 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1374 աճյուն:

2015 - Հանրապետականի նիստում Սերժ Սարգսյանը անվանարկում է իշխանափոխության գործընթաց էր սկսած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

  • Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ գագիկ Ծառուկյանը պետք է դուրս գա քաղաքականությունից. «Ես էի, որ ձեզ արգելում էի նրան ասել Դոդ»:

2009 - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 4-րդ հերթական համագումարում հայաստանյան խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվում է կուսակցության նախագահի պաշտոնում: 
2008 - Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարում է, որ առաջին անգամ Հայաստանում բացահայտվել է «պաշտոնապես չգրանցված հասարակաց տուն»։ 

  • Այն վերագրվում է նախագահի առաջիկա ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից Հակոբ Հակոբյանին:

2000 - «Ինտերնետ օգտագործողների միությունը» հրապարակում է տվյալներ, ըստ որոնց Հայաստանում ներկա պահին գոյություն ունի ինտերնետին միացված 20 հազար համակարգիչ: 

  • Ամբողջ աշխարհում դրանց թիվը 43 միլիոն է: Ինտերնետին միանալու ամսեկան միջին գինը մեր երկրում 50 ամերիկյան դոլար է՝ ավելի թանկ, քան՝ Ամերիկայում և Եվրոպայում:

1998 - Հայաստան է ներգաղթում Դաշնակցության կարկառուն դեմքերից մեկը՝ Էդվարդ Հովհաննիսյանը: 

  • Նա երկու օր առաջ բանտից ազատված Վահան Հովհաննիսյանի հայրն է, որը Հայաստանից հեռացել էր դեռևս 1972-ին: 

1998 - Հայաստանի կոմկուսը հրավիրում է իր 34-րդ համագումարը: 

  • Համագումարը նախագահի թեկնածու է առաջադրում կոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանին: 
  • Վերջինս խոստովանում է, որ հանդիպել է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին և վարչապետ Ռոբերտ Քոչարյանին: Բադալյանը կանխատեսում է, որ ընտրությունները կընթանան երկու փուլով:

1994 - Հայկական կողմը ետ է մղում հակառակորդի առաջխաղացումը և հակագրոհ են իրականացնելով վերահսկողության տակ վերցնում կորցրած տարածքների մեծ մասը:

  • Ըստ փորձագետների, պատերազմի վերջին ամիսներն ամենաանողոքն էին. դեկտեմբերից մինչև մայիսյան զինադադար հայկական կողմերը տվեցին երկու հազարից ավելի զոհ, ադրբեջանցիները՝ ավելի քան հինգ հազար:

1992 - ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից փետրվարի 12-ը հայտարարվեց «Վերածննդի օր»՝ որպես Արցախյան ազատամարտի խորհրդանիշ։
1988 - Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական զանգվածային առաջին ցույցը՝ ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորելու պահանջով:

  • Մարզում անցկացվեցին կուսակցական-տնտեսական ակտիվի ժողովներ, որոնք պաշտպանեցին արցախահայության՝ Հայաստանին միանալու պահանջը:

1960 - Երևանի Լենինի հրապարակում մեծ տոնախմբությամբ նվշում էր Ղարադաղ-Աղստաֆա-Երևան գազամուղի կառուցման ավարտը:

  • Գազամուղի կառուցումն ընթացել էր բարդ աշխարհագրական պայմաններում: Հատկապես դժվարին էր Սեմյոնովկայի լեռնանցքի հատվածը, որն ուներ 2200 մետր բարձրություն: Գազամուղի կառուցման համար օգտագործվել էր 35 հազար տոննա պողպատե խողովակ:
  • Լենինի հրապարակի կենտրոնում դրված էր 27 մետր բարձրություն ունեցող մետաղական մոմ, որի գագաթին հանդիսավոր արարողության սկզբում վառվում էր գազի երկնագույն կրակը: Միջոցառմանը մասնակցում էին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանը, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանը, կուսակցական պաշտոնյաներ, գազամուղի շինարարության մասնակիցներ:

1932 - Երևանում գտնվող Հեղափոխական գրողների միջազգային բյուրոյի գլխավոր քարտուղար հունգար գրող Բելլա Իլլեշը հանդիպում է հայ գրողների հետ և զեկուցում «միջազգային պրոլետարական գրական կազմակերպությունների մասին»։ Նա ներկայացնում է իրականացված քայլերն ու ծրագրերը, ապա քննադատական խոսքեր ուղղում հայ գրողներին։

  • «Հայպրոլետգրողները նույնպես ձևականորեն պատկանում են միջազգային պրոլետգրական կազմակերպությանը։ Սակայն ի՞նչ են արել նրանք գործնականում։ Պետք է ցավոք սրտի արձանագրել, որ նրանք գործնականում ոչ մի աշխատանք չեն կատարել»,- ասում էր նա։
  • Հունգար գրողը կոչ էր անում զարկ տալ թարգմանական աշխատանքին, հայ գրողների ստեղծագործությունները թարգմանել տարբեր լեզուներով և ներկայացնել միջազգային պրոլետարիատին։ Իլլեշը նաև կարևորում էր Հայկական սփյուռքի դերակատարությունը՝ նշելով, որ Սփյուռքի գրական կառույցները կարող են «պայքարել» բուրժուական գաղափարների դեմ։ «Միջազգային հեղափոխական գրողների միության աջակցությամբ տեղիս հայ պրոլետգրողները կարող են գաղափարախոսական և կազմակերպչական տեսակետից ուժեղացնել արտասահմանյան գրական կազմակերպությունները և հաջողությամբ պայքարել բուրժուական գրողների դեմ»,- պնդում էր նա։

1921 - Սկսվեց Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու նախկին «չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը, որը փետրվարի 16-ին ավարտվեց լիակատար հաղթանակով:
1918 - Թուրքական հրամանատարությունը, խախտելով զինադադարը, 25 հազարանոց զորքով շարժվեց Էրզրումի, Վանի և մերձսևծովյան ուղղությամբ, իսկ հայկական զորամասերը միայնակ չկարողացան կասեցնել թուրքական գերակշիռ ուժերի հարձակումը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1962 - Սարգիս Հացպանյան, հասարակական, քաղաքական գործիչ (մահ. 2018 թ.)
1941 - Վիլեն Գալստյան, բալետի հայ արտիստ, պարուսույց
1935 - Հրանտ Մաթևոսյան, գրող, արձակագիր, կինոսցենարիստ 

  • «...Դուք ձեր սերը թաշկինակ եք անում կապում աչքերիդ, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել-հանկարծ կտեսնեն, որ ատում եք ու կտան կսպանեն: Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ` չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի-տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու պես մի անգամ կանգնեք` թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք` ձեզ թող զոռով կոտրեն-մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»:

1909 - Արամ Ղանալանյան, հայագետ, բանասեր 
1845 - Մաթեոս Իզմիրլյան, հայոց կաթողիկոս