Պատմության հայկական օրը. 18 փետրվար


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Կ.Պոլսի տիեզերաժողովի 150 սուրբ հայրապետների (381թ.) հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ընդհանրական Եկեղեցու առջև պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառացել են դավանաբանական, վարդապետական, վարչակազմակերպչական խնդիրներ, որոնց պատասխանները տրվել են սրբագումար տիեզերական ժողովների ընթացքում: Այդպիսի ժողովներից էր նաև 381 թվականին Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարված Կ.Պոլսի Բ տիեզերաժողովը:
  • Արիոսական վեճերի արդյունքում հայտնվել էր մի նոր հերետիկոսություն` գլուխ և պաշտպան ունենալով Կ.Պոլսի Մակեդոն արքեպիսկոպոսին, ով մերժում էր Սուրբ Հոգու աստվածությունը: Սույն խնդրով գումարված վերոհիշյալ տիեզերաժողովը վերահաստատում է Նիկիայի ժողովում ընդունված դավանությունը և ապա պաշտպանում Սուրբ Հոգու աստվածության վարդապետությունը` որդեգրելով «մի Աստվածություն, երեք անձինք» բանաձևը: Ընդունելով սույն տիեզերաժողովը` Հայ Եկեղեցին նշում է ժողովին մասնակից 150 սուրբ հայրապետների հիշատակության օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-02-18, 2024-02-10, 2025-03-01, 2026-01-24, 2027-02-06, 2028-02-26, 2029-02-10, 2030-03-02.

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցում ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների 106 աճյուն
2019 - ՀՀ ԱԱԾ-ն փողերի լվացման և հարկերից խուսափելու համար մեղադրանք առաջադրեց Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։

  • Սեդրակ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին:

2013 - Հայաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ։

  • Հիմնական մրցակիցները երկուսն են՝ Րաֆֆի Հովհաննիսյանը և Սերժ Սարգսյանը: Ընդհանուր առմամբ առաջադրվել էր 7 թեկնածու: Ոստիկանության տվյալներով ընտրողների թիվը 2 միլիոն 505 հազար է: 
  • Ողջ օրվա ընթացքում դիտորդները և վստահված անձինք տվյալներ են հրապարակում, որ Սերժ Սարգսյանի կողմնակիցներն իրենց թեկնածուի հաղթանակն ապահովելու համար դիմում են տոտալ կեղծիքների:

2012 - Երկրապահը համագումար է հրավիրում և նախագահի ընտրություններից մեկ տարի առաջ հայտարարում, որ սատարում է Սերժ Սարգսյանին:

  • 2008-ին Մանվել Գրիգորյանը և Երկրապահը Տեր-Պետրոսյանի կողքին էր: Հիմա ընդդիմադիր լինելը բացառվում է:

1999 - Կառավարության վերջին ՀՀՇ-ական անդամ Արամ Մանուկյանն ազատվում է մշակույթի փոխնախարարի պաշտոնից: 

  • Լրագրողներին ասում է, որ ազատումը ոչ մի շոշափելի հիմք չուներ: Ինքը պաշտոնում մնալը համարում էր գեղեցիկ առաքելություն՝ միմյանց չհանդուրժող կուսակցությունների՝ Դաշնակցության և ՀՀՇ-ի ներկայացուցիչներն աշխատում էին միասին: 

1998 - Հայաստանի սոցիալիստական կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրում Կարեն Դեմիրճյանին: 

  • Կուսակցությունը դեմ է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը, որովհետև Հայաստանի քաղաքացիություն չունենալու պատճառով Հայաստանի վարչապետն իրավունք չունի առաջադրվելու:

1998 - Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունում է «Հեռահաղորդակցության մասին» օրենքը, որով «Արմենթելին» տրվում է 15 տարի ժամկետով հեռահաղորդակցական ծառայություններ մատուցելու բացառիկ հնարավորություն:
1994 - ԼՂՄ ինքնապաշտպանական ուժերը վերագրավեցին նախորդ տարվա դեկտեմբերին կորցրած Օմարի լեռնանցքը:

  • Քելբաջարի շրջանի հյուսիսային մասի և Օմարի բարձրադիր լեռնանցքի ազատագրումը կարևոր նշանակություն է ունեցել Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող ՊԲ ստորաբաժանումների թիկունքն ապահովելու առումով։ Վերահսկողություն է սահմանվել Օմարի ռազմավարական կարևորության լեռնանցքի վրա, գլխովին ջախջախվել է այդ ուղղությամբ ամիսներ ի վեր կուտակված հակառակորդի զինուժը, շարքից հանվել կամ առգրավվել են մեծ քանակությամբ տեխնիկա, զենք ու զինամթերք, այդ թվում՝ թուրքական արտադրության սպառազինություն (ավելի քան 16 միավոր մարտական տեխնիկա, 5 հաուբից, 1 ինքնագնաց ականանետ)։
  • Օմարի ռազմագործողության հաջող ելքը կանխորոշել է նաև հյուսիսային ռազմաճակատում ՊԲ ստորաբաժանումների առաջխաղացման հաջողությունը։

1993 - Հայաստանի Հանրապետության և Ալբանիայի Հանրապետության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ 

  • Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվեց Գագիկ Ղալաչյանը, Հայաստանում Ալբանիայի դեսպան՝ Դանշոր Դերվիշին։ Երկու երկրների դեսպանատները գտնվում են Աթենքում։

1980 - ASALA. Պայթյուններ Հռոմի կենտրոնում գտնվող շվեյցարական «Սուիս Էյր», արևմտագերմանական «Լուֆթհանզա» և իսրայելական «Էլ Ալ» օդանավային ընկերությունների գրասենյակների առջև։

  • Պատճառվում են նյութական վնասներ։ Կա չորս վիրավոր։
  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակը, որը մեղադրում է այս ընկերությունների երկրներին «Հայկական Դատի թաղման աշխատանքին» օժանդակելու համար։
  • Շվեյցարիան զգուշացվում է, որպեսզի չբանտարկի անմեղ անմեղ հայերի, իսկ Արևմտյան Գերմանիան, որ չօժանդակի Թուրքիային և սիոնիզմի կենտրոն Իսրայելին։

1977 - Երևանում բացվեց ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանցի) արձանը։
1949 - Հայֆիլհարմոնիայի դահլիճում տեղի է ունենում Հովհաննես Թումանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որին մասնակցում էին Հայաստանի մշակութային գործիչները։ Երեկոն բացում է գրող Հրաչյա Քոչարը՝ իր ելույթում անդրադառնալով Թումանյանի հասարակական-մշակութային գործունեությանը։

  • «Ազգային խոշորագույն բանաստեղծ, խոսքի մեծ վարպետ, ժողովուրդների բարեկամության մարտիկ»,- այսպիսի բնորոշումներ էր տալիս նա Թումանյանին։
  • «Իր երկերում նա արտահայտել է հայ ժողովրդի լավագույն ձգտումներն ու իղձերը։ Նրա ստեղծագործության ակունքները խորապես ժողովրդական են, դրա համար էլ այնքան հարազատ են մեզ»,- ասել էր Հրաչյա Քոչարը։

1921 - Բոլշևիկյան Ռուսաստանի դեմ բարձրացած ժողովրդական ապստամբության մասնակիցները ազատագրեցին Երևանը։

  • Նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտե, Հեղկոմը հեռացավ Ղամարլու-Վեդիի շրջան:
  • Վրացյանի խոսքերով Երևանն այլևս զարդարված էր եռագույն դրոշներով: Հուզիչ էր ու ցնցիչ այն վայրկյանը, երբ ժողովրդական ցասման տակ խորտակվեցին բոլշևիկյան արյունոտ բանտի ու Չեկայի դռները և հազարավոր բանտարկյալներ դուրս եկան եռագույն դրոշներով պճնված փողոցը, ուր նրանց ողջունեց «Մեր հայրենիքը»:

1921 - Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվեցին ու գնդակահարվեցին հայ ազգային 21 գործիչներ, սպաներ։

  • Այդ թվում՝ Սարդարապատի հերոսներ Համազասպ Սրվանձտյանը և Նիկոլայ Ղորղանյանը։

1920 - Հիմնադրվեց Հայաստանի Կարմիր խաչը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1980 - Աստղիկ Արծրունի, դերասանուհի
1963 - Միշել Տեր-Զաքարյան (ծնվ. Երևան), ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ

  • Միշել Տեր-Զաքարյանն անցկացրել է 374 հանդիպում, որոնցում խփել է 16 գոլ 1 դիվիզիոնում: Խաղում էր «Նանտում»։ Ֆրանսիայի առաջնությունում հաղթել է 1983 թ. և երկրորդ տեղը զբաղեցրել 1985-ին և 1986-ին:

1950 - Միխայիլ Կարագոզյան (ծնվ. Սոչի), աճպարար; Սոչիում ամերիկյան մոգերի ասոցիացիայի անդամ
1945 - Անդրանիկ Ասարյան, լուսանկարիչ

  • Սանթոս քաղաքում բացվել է «Անդրանիկ ֆոտո և վիդեո» լուսանկարչատունը։
  • Բրազիլիայի հայ համայնքի աշխարհիկ և կրոնական կյանքի մասին վավերագրական լուսանկարների շարքերի հեղինակ է։

1942 - Սեթ Կուրազյան (ծնվ. Լենինական), գրող
1932 - Զավեն Խադիչյան (ծնվ. Բեյրութ), քանդակագործ, նկարիչ, Լիբանանի քանդակի առաջին պրոֆեսորը 
1930 - Ալեքսանդր Ազատյան, հայ նկարիչ, գոբելենատոր
1913 - Արամ Սաթունց (ծնվ. Մերվե, Թուրքմենստան, մ. 1990), կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական խմբագիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)
1912 - Եվգենիա Խաչիկյան (ծնվ. Թիֆլիս), երգչուհի (լիրիկո-դրամատիկ սոպրանո), ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1961)
1906 - Համազասպ Բաբաջանյան (ծնվ. Չարդախլու, Արցախ, մ. 1977), ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս (26.04.1944)
1887 - Հայկ Բժշկյանց (ծնվ. Թավրիզ, մ. 1937), ռազմական հրամանատար

  • Անհիմն մեղադրվել է «Ստալինի դեմ մահափորձի մեջ»։ Դրա հետ Գայը չէր կարող հաշտվել, Յարոսլավլի բանտից դուրս էր եկել գնացի վագոնի պատուհանից և նետվել, թափառել անտառում, ապա բռնվել և հայտնվել բանտային հիվանդանոցում։
  • Գնդակահարվել է 1937 թ. դեկտեմբերի 11-ին։ Ամբողջությամբ արդարացվել է հետմահու։

1877 - Դերենիկ Դեմիրճյան (ծնվ. Ախալքալաք, մ. 1956), հայ գրող, դրամատուրգ

  • Դեմիրճյանը մասնակցել է Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի կազմակերպած «Վերնատուն» գրական ընկերության (1899-1903) աշխատանքներին։
  • Նրա անունը տրվել է Երևանի թիվ 27, Ախալքալաքի թիվ 4 դպրոցներին։ Երևանում գործում է Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանը (1977)։ Լավագույն արձակ ստեղծագործությունների համար սահմանվել է Դ. Դեմիրճյանի անվան ամենամյա մրցանակ (1980):

1755 - Ավգուստին Կատեան (ծնվ. Լվով, մ. 1831), Լվովի հայ կաթողիկե արքեպիսկոպոսության արքեպիսկոպոս (1820-1831)
1755 - Սիրիլ Ստեֆանովիչ (ծնվ. Լիսեց, մ. 1858), Լվովի հայ կաթողիկե արքեպիսկոպոսության արքեպիսկոպոս (1832-1858)

  • Եղել է այն ժամանակվա Եվրոպայի ամենատարեց գործող եպիսկոպոսը։ Մահացել է 103 տարեկանում։