Պատմության հայկական օրը. փետրվարի 3


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Այս անունները քրիստոնեական ծագում ունեն և հունարեն հաջորդաբար նշանակում են` իմաստություն, հավատ, հույս և սեր: 
  • Սոփիան ազնվական ընտանիքի զավակ էր և բնակվում էր Հռոմ քաղաքի մոտ: Կորցնելով ամուսնուն` նա լիովին նվիրվում է Աստծուն: Լինելով Քրիստոսի ջերմեռանդ հետևորդ` իր երեք դուստրերին դաստիարակում է քրիստոնեական ոգով: Նրանց կյանքում իշխում են միայն քրիստոնեական արժեքներն ու գաղափարները: Եվ ահա հեթանոս մի երիտասարդ սիրահարվում է Սոփիայի աղջիկներից մեկին և կնության խնդրում: Սակայն մայրը մերժում է երիտասարդին` ասելով. «Մենք քրիստոնյա ենք և կուսությունը ոսկուց և մարգարտից ավելի թանկ ենք համարում»: Զայրանալով՝ երիտասարդն իր բողոքն է հայտնում ժամանակի կայսեր Ադրիանոսին: Կայսրն ավելի դաժան փորձության է մատնում նրանց, կանչում է երեք աղջիկներին և պահանջում կուռքերին զոհ մատուցել: Սակայն մանկուց դաստիարակված լինելով Հիսուս Քրիստոսի պատվիրաններով` աղջիկներն ընդդիմանում են կայսրին` հավատարիմ մնալով իրենց հավատին: Այդ ժամանակ կայսրն ավելի է բարկանում` հրամայելով գլխատել նրանց: Իսկ նրանց մայրը` Սոփիան հավաքում է զավակների մարմիններն ու հողին հանձնում: Ինքն էլ աղոթում է Աստծուն, որ Բարձրյալն օր առաջ իր հոգին վերցնի, որպեսզի միանա իր սիրասուն դուստրերին: Աստված լսում է մոր աղաչանքները, և Սոփիան խաղաղությամբ ավանդում է հոգին: 
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-08-03, 2024-07-25, 2025-02-06, 2026-07-30, 2027-07-22, 2028-02-03, 2029-07-26, 2030-02-07:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2021 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրամանագիր ստորագրեց, որով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը պետք է նշվի որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։

  • Այն կներառվի աշխարհով մեկ սփռված կաթողիկե եկեղեցիների տոնացույցերում, կնորացվեն պատարագի գրքերը և ժամերգության տեքստերը։ 
  • Դեռևս 2015թ. փետրվարի 23-ին Հռոմի Պապը հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը: Ֆրանցիսկոս Պապն այդպիսով հաստատել է Սուրբ Աթոռի Սրբերի հարցերով միաբանության ընդունած որոշումը, ըստ որի Նարեկացին արժանի էր ճանաչվել եկեղեցական մեծագույն պարգևին:

2009 - Աղմկահարույց սպանություններ. Իր տան շքամուտքում սպանվեց ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ Գևորգ Մհերյանը: 
1998 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առիթով երկրում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու, երկրի համար անկանխատեսելի հետևանքներով հղի ապակայունացում թույլ չտալու նպատակով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց ՀՀ Նախագահի պաշտոնից:

  • Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարությունը.

«Սիրելի հայրենակիցներ,
Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։
Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը։
Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն։
Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել։ Բարդույթների մեջ չպետք է ընկնել. Խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում։ Բայց և՛ Իսրայելում, և՛ Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր... Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել զսպվածություն, պահպանել երկրի անդորրը և անցկացնել նոր Նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ։ Դա կլինի ութ տարվա ընթացքում ձեզ հետ միասին մեր ստեղծած պետության հասունության վկայությունը և արտաքին վարկի պահպանման գրավականը։
Նոր նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի։
Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության և աջակցության համար։
Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ բոլոր զինակիցներին, ովքեր մշտապես անվերապահորեն եղան և մնում են իմ կողքին։
Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր։
Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որևէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը։
Բարին ընդ ձեզ»։

  • Հրաժարականից մեկ ամիս առաջ Տեր֊Պետրոսյանը Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել` Ղարաբաղի հարցով: Ավելի ուշ հրապարակած հուշերում առաջին նախագահը պատմել էր`ինչի մասին է խոսել դռնփակ այդ հանդիպմանը: «Ամենաապշեցուցիչը պնդումն է, թե Ղարաբաղի հարցում մենք պետք է փոխզիջման գնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք։ Մի՞թե հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հարկադրված զիջում. հարկադրված զիջումը նշանակում է կապիտուլյացիա։ Իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, կամ եթե զիջում էլ ես՝ դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին։ Քի՞չ է մեր անցյալի դառը փորձը։ Քի՞չ են Բաթումի ու Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրերը, երբ ավելի վաղ հնարավորություն կար շատ ավելի ձեռնտու լուծումներ գտնելու, բայց ժամանակի պատասխանատուները կորցրին այդ հնարավորությունները»,֊հայտարարել էր Լևոն Տեր֊Պետրոսյանը, հավելելով`Հայաստանի դաշնակից Ռուսաստանն անգամ չի ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, թեկուզ միայն այն պատճառով, որ իր կազմում ունի մոտ քսան Ղարաբաղ։

1991 - Արտոնագիր ստացավ առաջին հայկական ոչ պետական հեռուստաընկերությունը՝ «Ցայգը»:
1986 - ASALA. Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա գտնվող «Քլարիջ» պանդոկի «Գալերի Քլարիջ»-ում։

  • Կա ութ վիրավոր, նյութական վնասներ։ Նույն օրը ռումբ է հայտնաբերվում Էյֆելյան աշտարակի երրորդ հարկում։
  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Յանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ պահանջելով Ֆրանսիայից ազատ արձակել հայ և արաբ քաղաբանտարկյալներ Վարուժան Կարապետեանին, Սիմոն Նայիրեանին, Հովհաննես Սեմերճեանին, ժորժ Իբրահիմ Աբդալլային, Անիս Նագաշին, ինչպես նաև Իտալիայում ձերբակալված Ժոսեֆին Ապտօ Սարգիսին և Աբդալլա Մանսուրին։

1981 - ASALA. Վնասազերծվում է Լոս-Անջելեսում Շվեյցարիայի հյուպատոսարանի առջև դրված ռումբը։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտիկ «3 Հոկտեմբեր կազմակերպությունը» ստանձնում է պատասխանատվությունը։

1971 - ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Խորհրդային Հայաստանի 27 կին ստանում է «Հերոսուհի մայր» պատվավոր կոչումը։

  • Ուշագրավ է, որ նրանցից 13-ն ազգությամբ ադրբեջանուհի էր։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Գաբրիել Սարգսյան, հայ շախմատիստ, գրոյսմաստեր
1965 - Շանթ Հարությունյան, քաղաքական գործիչ, հեղափոխական գործիչ, ԱՄԿ հիմնադիր Շահեն Հարությունյանի որդին
1911 - Գարեգին Սևունց, հայ արձակագիր 

  • 1952-ին լույս տեսած «Թեհրան» վեպը բացառիկ երևույթ էր հայ գրականության համար։ Լույս տեսնելուն պես այն թարգմանվեց տասնյակ լեզուներով և համաշխարհային հռչակ բերեց հեղինակին։

1907 - Հրանտ Մանվելյան, հայ խորհրդային ռեժիսոր և դերասան
1897 - Անդրեյ Բաղդասարով, հայ թերապևտ, արյունաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԽՖՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (վ. 1961)