Պատմության հայկական օրը. 5 փետրվար


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

  • Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

2021 - Պաշտպանության բանակը հրապարակեց պատերազմում զոհված ևս 52 զինծառայողի անուն։
2015 - Հայաստանի սահմանամերձ գյուղերում մեկ օրում երկու խաղաղ բնակիչ է զոհվում , տասնյակ համայնքներ`գնդակոծվում: Պաշտպանության նախարարությունը հաղորդում է`«սահմանին դանդաղ պատերազմ է»...

  • Զոհերից մեկը Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ էր, մյուսը` Մովսեսի:Արձագանքելով հայկական կողմի պնդումներին, թե սահմանին «դանդաղ պատերազմ է»,Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր`«Իրականում վերջին 20 տարիներին պատերազմը չէր էլ դադարել, այն սկսվեց, երբ հայերը ագրեսիա իրականացրին Ադրբեջանի դեմ։ Եվ այժմ, պատերազմի դադարեցման միակ ուղին Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումն ու այդ տարածքներից հայկական օկուպացիոն ուժերի անվերապահ դուրս բերումն է»։

2008 - Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի է մեկնում Արարատի մարզ: 

  • Արտաշատում քարոզչական հանրահավաքի ժամանակ խուլիգանները քարեր, սառույցի և բետոնի կտորներ են նետում Տեր-Պետրոսյանի կողմնակիցների վրա: 
  • Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի խոսքին հավաքվածները չեն հավատում, ավելին, բղավում են՝ հեռացեք: 

2007 - Այն հարցին, թե արդյո՞ք վերջնական է Իրան-Հայաստան գազատարը ռուսական կողմին հանձնելու պայմանավորվածությունը, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց.

  • «Պայմանավորվածությունը ձեռք բերված չի, բանակցությունները գնում են. եթե նորմալ առաջարկ լինի, մեզ համար ընդունելի, մեզ համար ինչ-որ բան ավելացնելու հնարավորություն լինի, կընդունենք»։

2003 - Հայաստանը դարձավ Առևտրի Համաշխարհային Կազմակերպության անդամ:
2000 - Երկրապահ Կամավորական Միության նիստու գեներալ Մանվել Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանին զգուշացնում է՝ հանկարծ թող չփորձի առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Մեղրին փոխանակել այլ հողերի դիմաց: 

  • Վարչապետ Արամ Սարգսյանը հանգստացնում է երկրապահներին: 

1999 - Ռոբերտ Քոչարյանն ակնարկում է, որ խորհրդարանի լուծարման պատճառ կարող է դառնալ Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու համար դատախազի միջնորդությունը:

  • Խորհրդարանի նախագահ Խոսրով Հարությունյանը երաշխավորում է, որ Ազգային Ժողովը դատախազին չի մերժի:

1998 - Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ուղերձ է հղում Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նախագահի պաշտոնից նրա հրաժարանի առիթով.

  • «Ինձ դուր էր գալիս նրա հետ աշխատել: Երբ հարցեր էին առաջանում՝ շատ հանգիստ լուծում էինք, օգնում էինք իրար, փոխհամագործակցում էինք ԱՊՀ-ում: Ցանկացած հարցի շուրջ նրա հետ կարելի էր համաձայնության գալ: Ես ափսոսում եմ, որ նա հրաժարական տվեց»:

1998 - Խորհրդարանում Վանո Սիրադեղյանն անդրադառնում է վերջին օրերի իրադարձություններին, որոնք հանգուցալուծվեցին նախագահի հրաժարականով: 

  • Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը երկու տարի առաջ զգուշացրել էր Սահմանադրության այս ծուղակի մասին, նրան լսող չի եղել: Վանո Սիրադեղյանի կարծիքով նախագահը հեռացավ ոչ թե ուժայինների ճնշման տակ, այլ Սահմանադրության:

1998 - Վազգեն Սարգսյանն անձամբ է փորձում բացել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստում «իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ» արտահայտության փակագծերը: 

  • Վ. Սարգսյանը առաջիկա երկու տարում ռազմական գործողությունների վերսկսում չի սպասում, և չի ընդունում ձևավորված «խաղաղության և պատերազմի կուսակցություններ» ձևակերպումը:

1993 - Արցախյան 1-ին պատերազմ. ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվեց Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ:
1993 - Ազատության հրապարակում ԱԻՄ-ի նախաձեռնությամբ կազմակերպված հանրահավաքում դժգոհում են ցրտից և ջեռուցման բացակայությունից, պատերազմից, շրջափակումից և այդ ամենի մեղավոր համարում միայն Հայաստանի ղեկավարությանը և պահանջում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու խորհրդարանի արձակումը:

  • Այս պահանջով նրանք Ազատության հրապարակից շարժվում են նախագահի նստավայր: Նախագահն անձամբ է ընդունում բողոքավորների պատվիրակությանը:

1986 - ASALA. Պայթյուն Փարիզի «Ֆընաք» վաճառատների կենտրոնում. կա 7 վիրավոր։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ Ֆրանսիայից պահանջելով ազատ արձակել հայ և արաբ քաղբանտարկյալներ Վարուժան Կարապետեանին, Սիմոն Նայիրեանին, Հովհաննես Սեմերճեանին։

1981 - ASALA. Երկու պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա ֆրանսիական «Էյր Ֆրանս» և ամերիկյան «Թի Դաբլյու Էյ» օդանավային ընկերությունների գրասենյակների առջև։

  • Կա մեկ վիրավոր, նյութական վնասներ։ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտիկ «3 Հոկտեմբեր կազմակերպությունը» ստանձնում է պատասխանատվությունը։

1966 - Երևանում տեղի է ունենում ՀԿԿ կենտկոմի պլենումը, որը պաշտոնից ազատում է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանին:

  • Նրան փոխարինում է Անտոն Քոչինյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի պաշտոնը: Քոչինյանը Խորհրդային Հայաստանը ղեկավարում է մինչև 1974 թվականը, երբ նրան փոխարինում է Կարեն Դեմիրճյանը: 
  • ՀԽՍՀ գերագույն խորհուրդը Խորհրդային Հայաստանի կառավարության ղեկավար է նշանակում Բադալ Մուրադյանին:

1957 - Սկսեց հեռարձակվել Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը:
1953 - ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը համաձայնում է պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը։ 

  • Տեղամասային հանձնաժողովի նախագահ Խուդոյանը ելույթ է ունենում աշխատավորների առաջ և ասում.
  • «Ընկերներ, հենց նոր ուրախալի լուր ստացվեց, որ մեր հայր և ուսուցիչ, մեր ժամանակի մեծագույն հանճար Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինը համաձայնություն է տվել քվեարկվելու աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի ընտրությունների N 1 ընտրական օկրուգում, որպես քաղաքային սովետի դեպուտատ»։
  • Ընտրությունները նշանակված էին մարտի 1-ին։ Երևանի քաղխորհրդի ընտրություններից մի քանի ժամ անց՝ մարտի 2-ի գիշերը, Ստալինը կաթված է ստանում։ Մարտի 5-ին՝ ժամը 21։50-ին, նա մահանում է։

1930 - ՀԽՍՀ կենտրոնական գործադիր կոմիտեն և Ժողկոմխորհն ընդունում են որոշում, որով խիստ պատիժ է սահմանվում անորակ ապրանք արտադրելու համար։

  • Քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի բ. եւ գ. կետերը սահմանում էին, որ պարբերաբար անորակ արտադրանք թողարկելու համար նախատեսվում է մինչեւ հինգ տարի ազատազրկում կամ մեկ տարի հարկադիր աշխատանք։ Իսկ նախատեսված չափորոշիչները խախտելու համար ազատազրկում էին երկու տարով։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1957 - Ֆլորա Մարտիրոսյան, երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի (վ. 2012)
1956 - Սյուզան Խարդալյան, շվեդահայ լրագրող, հրապարակախոս և փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր
1948 - Լավրենտ Վարդանյան, հայ նկարիչ
1900 - Հայկ Ասատրյան, հայ հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա (վ. 1956)
1879 - Հովհաննես Ադամյան, հայ ճարտարագետ, գյուտարար (վ. 1932)
1540 - Սիմեոն Ապարանեցի, բանաստեղծ և պատմագիր (վ. 1614)