Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 14


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2020 - ԱԱԾ աշխատակիցները տանից բերման ենթարկեցին Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին, նրա որդուն, եղբորը և տան մի քանի աշխատակցի:
2007 - «Վիվասել» ընկերությունը միավորվեց ռուսական МТС ընկերությանը։ 

  • Ընդամենը երկու ամիս առաջ Վիվասելի տնօրենը հայտարարում էր, որ իրենց «18 տարեկան գեղեցիկ, երիտասարդ աղջկա շուրջ փեսաները շատ են», և նա ընտրություն չի կարողանում կատարել ու չի ուզում ամուսնանալ:

2001 - Հայաստան ժամանեց Վլադիմիր Պուտինը։ 

  • Հենց այս այցելությամբ է որոշակիանում «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը, որով Ռուսաստանին ունեցած 100 միլիոն պարտքի դիմաց ռուսներին է տրվում Հայաստանի մի շարք խոշոր ձեռնարկություններ։ 
  • Պուտին-Քոչարյան ասուլիսի ժամանակ Քոչարյաննը հայտարարեց, որ դա հայկական կողմի նախաձեռնությունն է։

2001 - Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը Հայաստանում կնքում է 102-րդ ռազմաբազայի մարտունակության բարձրացմանը նպաստող պայմանագիր։ 

  • «Մենք մեր տանն ենք»,-Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում ասելէ Սերգեյ Իվանովը։

2001 - Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն Մարմինը Հայաստանում իր շենքը ձեռք բերեց։ 

  • Շենքը կուսակցության համար գնել են հունահայերը։

1999 - Բրյուսովի անվան նախկին ինստիտուտի շենքում բացվում է Սլավոնական համալսարանը։ 

  • Ուսուցումն այստեղ լինելու է միայն ռուսերեն։ 

1998 - Բաքվից Երևան ժամանած Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն ասում է, թե հավաքվել են արձանագրելու, որ Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները կվերսկսվեն միայն Ադրբեջանի հոկտեմբերի 11-ի նախագահի ընտրություններից հետո։
1997 - Հայաստանի Բանկերի ասոցիացիայի նախագահ, ՀՀ ապագա վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է անում վաուչերները ներդնել իտալական հիմնադրամում՝ շահույթներ ստանալու նպատակով։
1994 - Սեպտեմբերի 14-16-ին ԵԱՀԿ Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեն Պրահայում որոշում է ուսումնասիրել ԵԱՀԿ բազմազգ ուժերի ստեղծման հնարավորությունը, որոնք պետք է ԼՂ հակամարտության գոտում աջակցեին խաղաղության հաստատմանը:

  • Բանակցությունների այս փուլում քննարկվում էր հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը: Հիմնական խնդիրն այն էր, թե ո՞ր ուժերի խաղաղարարները պետք է ապահովեին կայուն խաղաղությունը` ԱՊՀ, այսինքն` ռուսական, թե՞ ԵԱՀԿ` այսինքն` միջազգային։

1991 - Հրապարակվեց Վազգեն Ա Հայրապետի կոչը հայ ժողովրդին:

Կամօքն Աստուծոյ եւ մեր ազատատենչ ազգի, յառաջիկայ Սեպ­տեմբերի 21-ին, մեր նորածին հանրապետութեան քաղաքացիները պիտի պատասխանեն անկախութեան հրաւէրին, միաձայն ու բարձ­րաձայն յայտարարելով՝ «Այո»:
Ազատութեան ու անկախութեան կանչը մեր բազմադարեան պատմութեան հրամայականն է, մեր ազգի գիտակցութեան թելադրանք է, մեր ապագայ գոյատեւման երաշխիքն է:
Կը խորեինք թէ Սեպտեմբերի 21-ի «Այո»-ն ոչ թէ լրումն է մեր անկախութեան իտեալի, այլ շարունակումն է անկախութեան առաւել վճռական ու գործարար գործընթացի, ապահովումը մեը հայ­րենիքի քաղաքական անվտանգութեան եւ տնտեսական զարգաց­ման:
Հայաստանեայց առաքելական եկեղեցին անվարան ու լաւատես սպասում է լսել մեր ժողովրդի պատմական «Այո»-ն եւ հետեւել այդ ձայնին:
Մաղթում ենք սրտանց, մեր երկրի երիտասարդ անձնուրաց ղե­կավարներին՝ ազգաշէն անսպառ եռանդ ու իմաստութիւն, միասնա­կան համերաշխ գործակցութեամբ:
Այս արեւոտ պահին, ես յիշում եմ՝ Բուխարեստում 1938 թուականին «Հերկ» ամսագրում, իմ խմբագրականի վերջին սա տողերը.

  • «Ահա թե ինչու, այսօր երբ կը վերյիշենք կորսուած անկախութեան պատմութիւնը, լեցուն հաւատով ու լաւատեւսութեամբ մեր ազ­գի ներկայի եւ ապագայի նկատմամբ, կուզենք գոչել Թող ապրի մեր Հայաստանը: Թող մնայ Մայիս 28-ի խորհուրդը որպես անոր ապա­գայի աստղը»:

Հայոց աշխարհի հորիզոնի վըայ, ահա բարձրանում է անկախութեան այդ աստղը:
Օրհնություն եւ փառք ճառագայթող այդ աստղին ու յաւէտ ազատ՝ արմենական մեր ազգին:

Սբ էջմիածին
Վազգեն Ա կաթողիկոս ամենայն հայոց

1960 - Հայաստան է ժամանում Վիլյամ Սարոյանը։

  • Երևանի երկաթուղային կայարանում նրան դիմավորում են Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար Հրաչյա Հովհաննիսյանը, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերության նախագահ Բերսաբեր Գրիգորյանը, Հրաչյա Քոչարը, Ռաֆիկ Արամյանը, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Պատրիկ Սելյանը։
  • «Սա երկրորդ այցելությունն է։ Շրջագայեց, տեսավ կամեցածը և միշտ նույն կուսական զարմանքով ու անսքող հիացումով։ ...Հյուրընկալվեց նաև թատրոնում, եղավ թատերական թանգարանում, թատրոնի մարդկանց միջավայրում։ Տեսավ «Պաղտասար աղբարը», Հրաչյա Ներսիսյանին։ Ուրախ է, որ իր պիեսը («Սիրտս լեռներում է») բեմադրվելու է Սունդուկյանի անվան թատրոնում»,- գրել էր «Սովետական արվեստ» ամսագիրը։

1958 - Շահագործման հանձնվեց Կոտայքի ջրանցքը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1968 - Արա Մալիքյան, լիբանանահայ երաժիշտ ջութակահար

  • Իր առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկանում, իսկ 14-ում դիրիժոր Հանս Հերբերտ Յորիսի միջնորդությամբ գերմանական կառավարության կողմից կրթաթոշակ ստացավ, որպեսզի սովորի Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում։ 15 տարեկանում նա ամենաերիտասարդ ուսանողն էր, որն ընդունվել էր այս հաստատություն։ Հետագայում նա շարունակեց իր կրթությունը Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, զուգահեռաբար սովորելով այնպիսի աշխարհահռչակ պրոֆեսորների մոտ, ինչպիսիք են Ֆրանկո Գուլին, Ռուջերո Ռիչին, Իվրի Գիտլիսը, Հերման Կրեբերսը և Ալբանա Բերգի քառյակի անդամները։
  • Նա հաղթել է բազմաթիվ միջազգային հեղինակություն ունեցող մրցույթներում, այդ թվում առաջին մրցանակ Ֆելիքս Մենդելսոնի (Բեռլին, 1987 թվական) Պաբլո Սարասատեի (Պամպլոնա, ​​1995 թվական)։ Մրցանակներ է ստացել նաև Նիկոլո Պագանինիի (Ջենովա), Զինո Ֆրանչեսկատիի (Մարսել), Ռոդոլֆո Լիպեզեր (Գորիցիա), ինչպես նաև Բելգրադի, Լե Մանի, Նյու Յորքի և Ճապոնիայի միջազգային երաժշտական ​​մրցույթներում։ 1993 թվականին Գերմանիայի մշակույթի նախարարության կողմից մրցանակ է ստացել նվիրվածության և լավագույն գեղարվեստական ​​կատարման համար։
  • Նա նվագել է հինգ մայրցամաքների ավելի քան քառասուն երկրների լավագույն համերգասրահներում՝ Նյու Յորքում (Carnegie Hall), Փարիզում (Salle Pleyel), Վիեննայում (Musikverein), Տորոնտոյում (Ford Center ), Կալաոռայում (Ideal Theatre), Մադրիդում (Royal), ինչպես նաև Ցյուրիխի, Լոնդոն, Կադիսի, Պուերտոլյանոի, Տոկիոյի, Ստամբուլի, Բեռլինի, Աթենքի, Վենետիկի, Լոս Անջելեսի, Հոնկոնգի, Կուալա Լումպուրի, Կուբայի, Բոգոտայի, Մյունխենի, Բարսելոնայի և այլն համերգասրահներում։

1963 - Արտուրո Սարուխան (ծնվ. Մեքսիկա), մեքսիկացի դիվանագետ

  • Սարուխանի ընտանիքը ծագումով Ռուսաստանից է։ Նրա պապը՝ Արթուր Սարուխանյանը, Ալեքսանդր Կերենսկու մտերիմ ընկերն ու զինակիցն էր։ Բոլշևիկների իշխանության գալուց հետո Սարուխանյանների ընտանիքը տեղափոխվեց Վենետիկ (Իտալիա), իսկ Մուսոլինիի իշխանության գալուց հետո լքեցին Իտալիան և տեղափոխվեին Մեքսիկա, որտեղ էլ ծնվեց Արտուրո Սարուխանը։
  • Հայաստանում մեքսիկացի դիվանագետն ընդամենը մեկ անգամ է եղել, այն էլ խորհրդային տարիներին։ Իր հայկական ծագման մասին Արտուրո Սարուխանը հաճախ է խոսում, սակայն որպես դիվանագետ նա առաջին հերթին պաշտպանում է երկրի շահերը, որը ներկայացնում է միջազգային ասպարեզում։

1962 - Համլետ Մխիթարյան, ֆուտբոլիստ (հարձակվող), հանդես է եկել Երևանի «Արարատում» և ֆրանսիական «Վալանսում»:

  • Խաղային կարիերան ստիպված է եղել ընդհատել ուղեղի հայտնաբերված ուռուցքի պատճառով։ Երեք վիրահատություններ, որոնք բժիշկներն արել են մեկ տարվա ընթացքում, չեն օգնել փրկել կյանքը։
  • Որդին՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն է։

1957 - Կարապետ Ռուբինյան, քաղաքական և հասարակական գործիչ
1955 - Սամվել Մարտիրոսյան, քաղաքագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ, զանգվածային լրատվության միջոցների փորձագետ
1954 - Ալեքսեյ Նոր-Արևյան (ծնվ. Դոնի Ռոստով), ՌԴ վաստակավոր օդաչու
1946 - Գևորգ Աբաջյան, թատրոնի և կինոյի արտիստ, Երևանի քաղաքապետարանին կից Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը
1945 - Անահիտ Տեր-Ղազարյան, թարգմանիչ

  • Թարգմանել է հայ գրականության դասականների (Գ.Զոհրապ, Ռ. Պատկանյան, Ա. Բակունց) և ժամանակակից գրողների մի շարք ստեղծագործություններ:

1939 - Անդրանիկ Կիլիկյան (ծնվ. Բեյրութ, Լիբանան), նկարիչ
1926 - Ջոն Տեր-Թադևոսյան, կոմպոզիտոր, ջութակահար, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980)
1920 - Խաչիկ Բաբայան, ֆիզիկոս
1920 - Գևորգ Աբգարյան, հայ բանասեր, պատմաբան, գրականագետ 1998)
1919 - Աբիգ Ավագյան (ծնվ. Թեհրան, Իրան), հայ արձակագիր (մ. 1983)

  • Նախնական կրթությունն ստացել է հայկական, պարսկական, ֆրանսիական դպրոցներում, ինչպես նաև ամերիկյան քոլեջում։

1919 - Ռուբեն Բուգայան (ծնվ. Մեծ Սալեր, Ռուսաստան), դասական և ազատ ոճի ըմբիշ, մարզիչ

  • Ազատ ոճի ըմբշամարտի ՌՍՖՍՀ չեմպիոն (վեցակի): ՌՍՖՍՀ սպորտի վարպետ. ՌՍՖՍՀ վաստակավոր մարզիչ։ Համամիութենական կարգի դատավոր։
  • Մեծ Սալիում բացվել է նրա անվան մանկական մարզադպրոց։ Ամեն տարի այստեղ անցկացվում է հունա-հռոմեական ըմբշամարտի շրջանային մրցաշար՝ նվիրված իր Ռ. Բուգայանի հիշատակին։

1909 - Սերգո Պայազատ, հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ (մ. 1971)
1905 - Գուսան Շահեն (Շահեն Սարգսյան) (մ. ՝ 1990), հայ գուսան, բանաստեղծ, պատմաբան: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967): ԽՍՀՄ գրողների միության անդամ (1970):
1905 - Մարտին Կասյան, ՀԽՍՀ ԳԱ մեքենաշինության հիմնախնդիրների գիտական խորհրդի նախագահ, գիտության և տեխնիկայի գծով ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1970)
1904 - Հրայր Ղարիբյան, կինոօպերատոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1969)
1894 - Ռոման Դոլուբեկով, ազնվական, բեկ, երգիչ (բարիտոն), հին հայկական ազնվական-բեկական տոհմի բնակիչ
1875 - Սերգեյ Աբրամով (ծն. Հեթհաուն, ԱՄՆ), բժիշկ, պրոֆեսոր, հասարակական գործիչ

  • Նախիջևանում Աբրամովների ընտանիքի նախահայրը՝Հովհաննես Աբրահամյանը (ազնվական, ք. Կաֆա, Թեոդոսիա), Նոր Նախիջևանի հիմնադիրներից է։
  • Ս. Աբրամովը դարձավ նշանավոր գիտնական-պաթոլոգոանատ, դիակի հետազոտման մանրէաբանական և այլ լաբորատոր մեթոդների ներդրման էնտուզիաստ, ինչպես նաև «Պաթոլոգիական անատոմիա» մասնագիտության ռուսերեն թարգմանությունների հրատարակումը գերմաներենից և ֆրանսերենից, ինչը միանգամայն տեղին էր Ռուսաստանում հետհեղափոխական առաջին տարիներին, երբ ուսումնական և մեթոդական գրականությունը չափազանց քիչ էր։

1862 - Մովսես Սիլիկյան, ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Սարդարապատի հերոս (գնդակահարվել է 1937 թ.)

  • 1937 թվականին բռնադատվել է Սարդարապատի մյուս հերոսների հետ միասին։ Արդարացվել է 1987 թ-ին։

1857 - Ալիսա Սթոուն Բլեքուել (ծն. Օրանժ, ԱՄՆ Նյու Ջերսի), հումանիտար գիտությունների դոկտոր

  • 1893-ին Ալիսայի «մորաքույրը»՝ Իզաբելա Բերոուզը, որը Թուրքիայի հայերին աջակցող շարժման ակտիվ մասնակից էր, Լայպցիգում ծանոթացել է աստվածաբանության ուսանող Հովհաննես Չաթշումյանի հետ։ Իզաբելան Հովհաննեսին համոզել է այցելել նրան և նրա ամուսնուն՝ Ամերիկա։ Այդպես Ալիսան հանդիպեց Հովհաննեսին և սկսեց ուսումնասիրել հայերի վատթարացող վիճակի մանրամասները։ Իզաբելան Ալիսային և Հովհաննեսին առաջարկել է աշխատել «քնարական և գեղեցիկ հայկական բանաստեղծությունների  անգլերեն թարգմանության վրա։ Նրանք էլ սկսել են Ռաֆայել Պատկանյանի «Արաքսի արցունքներից»։
  • 1893-ին Ալիսան զբաղեցրել է «Կանանց հանդեսի» գլխավոր խմբագրի պաշտոնըը և սկսել է ավելի շատ զբաղվել «Հայկական հարցով»։ Ալիսան և Հովհաննեսը ստեղծել են «Հայաստանի բարեկամներ» կոչվող միոււթյունը։ Կազմակերպությունը տեղեկություններ է տրամադրել հայերի և Հայկական հարցի մասին ամերիկյան մամուլին։