Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 19


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Մամասի, Փիլիկտիմոնի և Սիմեոն Սյունակյացի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Մամասը ծնվել է Պափլագոնիա նահանգի Գանգրա քաղաքում,աղքատ քրիստոնյա ընտանիքում: Քրիստոնյաների դեմ հալածանքների ժամանակ նրա ծնողները ևս ձերբակալվում են և աքսորվում Կեսարիա: Բանտում Մամասի ծնվելուց հետո, մահանում է նրա մայրը: Փոքրիկ Մամասին որդեգրում է բարեպաշտ քրիստոնյա մի կին, որն էլ սնում և դաստիարակում է նրան: Տասնհինգ տարեկանում, արդեն համոզված քրիստոնյա և համարձակ քարոզիչ լինելու համար` ձերբակալվում և չարչարանքների է մատնվում: Զրկանքներից ազատվելով՝ պարտադրված առանձնանում է Արգեոս լեռը: Ս. Մամասն իր ողջ կյանքում ծառայում է աղքատներին, սակայն կրկին մատնվում է, դատվում և խիստ չարչարանքներից հետո 273 թվականին խոցվում է եռաժանիով` նահատակվում:
  • Ս. Փիլիկտիմոնը, որ հունական և լատինական վկայաբանությունների մեջ հայտնի է Ֆիլոմենոս անունով, ցորենի վաճառական էր, որն իր հավատի համար, Ս. Մամասի նման Ավրելիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվում է, կտտանքների ենթարկվում և ի վերջո նահատակվում 274 թվականին՝ ոտքերն իրար և ձեռքերը գլխին գամված:
  • Ս. Սիմեոն Սյունակյացը ծնվել է 390 թվականին, Կիլիկիայում: Մանկուց եղել է հովիվ: Մի օր եկեղեցի է մտել և չհասկանալով ընթերցված Ավետարանի իմաստը, դիմել է մի ծերունու, որն էլ բացատրել է, որ խոսքը ժուժկալ լինելու մասին է, այսինքն` մարդը ճգնությամբ, զրկանքներով, ծոմապահությամբ պետք է երկնքի արքայությանն արժանանա: Այս խոսքերի վրա խորհելով՝ Սիմեոնը գնացել է Սիրիայի Հաթա նահանգ, ուր 3 տարի մի վանքում առանձնանալուց հետո, Աստծուց քարոզելու և բժշկելու շնորհ է ստացել: Տեսնելով, որ այցելուներն ու հիվանդներն իրեն շատ են նեղում, քարոզելու համար սկզբում մի խոր փոս է փորել, որտեղից միայն գլուխն է երևացել, ապա 60 կանգուն բարձրությամբ սյան վրա է բարձրացել: Գլխավերևում ծածկ չունենալով` ամբողջ օրը միայն կանգնած կամ ծնկած է անցկացրել` իբրև սնունդ շաբաթը միայն մեկ անգամ Ս. Հաղորդություն ստացել: Սյան վրայից տարիներ շարունակ քարոզել է և իր աղոթքներով բժշկել բազմաթիվ հիվանդների:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-09-19, 2023-09-25, 2024-09-23, 2025-09-22, 2026-09-21, 2027-09-20, 2028-09-25, 2029-09-24, 2030-09-23։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

1997 - Մինսկի խումբը շրջանառության մեջ է դնում կարգավորման նոր` «փուլային» տարբերակը, որը խոստանում էր խաղաղություն ու անվտանգության երաշխիքներ` կարգավիճակի հարցը թողնելով հետագա բանակցությունների։

  • Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վ. Կազիմիրովն իր գրքում ներկայացրել է այդ փաստաթուղթը, ըստ որի նախ պետք է Ղարաբաղի ուժերը վերադարձվեին ԼՂԻՄ 1988թ. սահմանագծից ներս` բացառությամբ Լաչինի շրջանի, հետո` ստեղծվեր բուֆերային գոտի, տարածքում տեղակայվեին միջազգային խաղաղապահ ուժեր, ապա` կողմերը բանակցություններ վարեին խնդրի համապարփակ կարգավորման, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ:
  • Փորձագետները փաստում էին, որ այս մոտեցումը «կաղում էր», որովհետեւ ամենադժվար հարցը` Ղարաբաղի կարգավիճակը, թողնում էր ապագային:

1996 - Հեռուստատեսային «Հինգշաբթի» ծրագրին տված հարցազրույցում Համբարձում Գալստյանի սպանության առնչությամբ խոսեց պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը

  • Համբարձում Գալստյանի սպանությունը կազմակերպվեց, որպեսզի «Ղարաբաղ» կոմիտեի իշխանությունում գտնվող հատվածին հանեն հարթակում գտնվող հատվածի դեմ։ 
  • Նրա սպանությունը հրեշային կերպով չափազանց ճիշտ էր հաշվարկված։ Դա այն պահն էր, որ «Ղարաբաղ» կոմիտեի մի կեսը հանձինս Աշոտ Մանուչարյանի, Վազգեն Մանուկյանի, Դավիթ Վարդանյանի, հարթակում էին, և իսկապես այն ժամանակ բազմահազար ժողովուրդ էր հավաքվում, մթնոլորտը հանրապետությունում ուղղակի պայթունավտանգ էր, ամեն ինչ կարող էր լինել, գալիս էին նախագահի նստավայրի առաջ, այսպես, զինված պայքարով շուռ տալու իշխանությունը, և հենց այդ նույն պահին նարկոբիզնեսի կասկածանքով ձերբակալվեց Դաշնակցության ներկայացուցիչը, ու արխիվներից արդեն դուրս եկան նյութերը «Դրո»-ի մասին։ 
  • Հերթը հասավ Հրանտ Մարգարյանին։ Շարքային դաշնակցականները, իհարկե, ոչ մի գաղափար չունեին «Դրո»-ի մասին, նարկոբիզնեսի մասին, բայց Դաշնակցության լիդերները շատ լավ էին հասկանում, թե հենց միայն «Դրո» բառն արդեն ինչ է նշանակում, թե ինչի է հասցնելու սա ի վերջո։ 

1992 - ՌԴ ՊՆ Պավել Գրաչովը կովկասյան պետությունների պաշտպանության նախարարներին Սոչիում հրավիրում է հանդիպման։

  • Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Սոչիում երկամսյա հրադադարի համաձայնագիր են ստորագրում։

1991 - Անկախության Հանրաքվեից առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բա­լետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից ուղիղ հեռարձակու­մով հնչեց Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1999 - Դալիտա Ավանեսյան (ծնվ. Թեհրան, Իրան), հայ երգչուհի, Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթի մասնակից
1993 - Սամվել Տեր-Սահակյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր (2009), շախմատի աշխարհի չեմպիոն (մինչև 18 տարեկանների խմբում)
1972 - Աշոտ Նադանյան, հայ շախմատիստ, միջազգային վարպետ (1997), Հայաստանի վաստակավոր մարզիչ (1998), ՖԻԴԵ մարզիչ (2007)

  • Շախմատային տեսաբան, իր ներդրումն է ունեցել դեբյուտային տեսության մեջ. նրա անունով է կոչվում Գրյունֆելդի պաշտպանության զարգացման համակարգը։
  • Նադանյանին է նվիրված Տիբոր Կարոյիի «Հանճարը հետին պլանում» գրքի վեցերորդ գլուխը (անգլ. ՝ Genius in the Background, 2009)։

1959 - Ջուստո Տրաինա (ծնվ. Պալերմո, Իտալիա), իտալացի պատմաբան, Ռուանդայի համալսարանի հին աշխարհի պատմության պրոֆեսոր (Ֆրանսիա)

  • «Էրեբունի» ֆրանս-հայկական առաքելության անդամ է, ղեկավարում է Storia dell'Europa e del Mediterraneo հնագույն Հռոմի բաժանմունքը, հայկական հետազոտությունների միջազգային ասոցիացիայի (AIEA) անդամ և ամսագրի հրատարակիչ, Le Muséon ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ և Iran and the Caucasus-ի փոխնախագահ:

1938 - Արտաշես Ազնաուրյան (ծնվ. Բաթում, Վրաստան), պաթոմորֆոլոգ, ՀՀ առողջապահության նախարար (1989-1990)

  • Ազնաուրյանի անունով 1997 թվականին աստղ է կոչվել։

1932 - Պավել Սարկիսով, Ռուսաստանի քիմիական-տեխնոլոգիական համալսարանի նախագահ
1920 - Կարեն Խաչատրյան, հայկական ծագում ունեցող կոմպոզիտոր (մ. 2011)
1906 - Խաչատուր Օսկուզյան (ծնվ. Կարս), գալարափողի վարպետ, Երևանի օպերայի և բալետի թատրոնի և Հայկական ԽՍՀ սիմֆոնիկ նվագախմբի արտիստ, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ
1900 - Գուրգեն Վիզիրյան, ավիացիոն արդյունաբերության նախարարի տեղակալ (1942-1947)

  • Նրա անունը ամուր մտել է խորհրդային ավիացիոն արդյունաբերության պատմության մեջ։

1886 - Ահարոն Տատուրյան, բանաստեղծ (1965)
1869 - Երվանդ Օտյան (ծնվ. Պոլիս, Թուրքիա), արևմտահայ գրող-երգիծաբան (1926)

  • Օտյանը Միսակ Թորլաքյանի դատավարության ժամանակ հանդես է եկել որպես թուրքական վայրագությունների ականատես։
  • Գրել է «Հեղափոխության մակաբույծները» (1898-1899), վիպակները («Ընկեր Փանջունի», 1908, և այլն), «Աբդուլ Համիդ և Շերլոկ Հոլմս» (1911), «Սալիհա Խանում« (1912) վեպերը՝ սուլթանական բռնապետության դեմ Թուրքիայի ժողովուրդների պայքարի մասին։

866 - Լևոն VI իմաստուն, Բյուզանդիայի կայսր (մ. 912)

  • Լևոն VI Իմաստասերը Բյուզանդիան 867-1056 թթ. կառավարած Հայկական հարստության ներկայացուցիչ է։
  • «Իմաստասեր» անունը ստացել է պետական կառավարման տարբեր բնագավառներին և ռազմարվեստին վերաբերող երկեր գրելու, բանաստեղծություններ և ճառեր հորինելու, ինչպես նաև իր հոր՝ Բարսեղ Ա կողմից նախաձեռնած «Բազիլիկաներ» անունը կրող օրենքների ժողովածուն ավարտելու համար։