Ընտրողները մի կերպ կհասկանան աներձագ Հրաչին


Ընդդիմադիր Փաշինյանը ժամանակին սիրում էր խոսել իշխանությունների շռայլությունների մասին, թե ինչ թանկարժեք ծառայողական մեքենաներ են սպասարկում իշխանություններին, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Վարչապետ Փաշինյանը հիմա նույնպես խոսում է նախկիների թալանից, բայց առանց կոնկրետ անունների և առանց իրավական հետևանքների։ Մոռանալով խոստումները, որ «հեղափոխության» հիմնական պահահանջներն էին՝ սոցիալական արդարությունը և օրինականությունը։ Ոչ մեկը եղավ, ոչ մյուսը։ 

Համակարգային փոփոխություն չեղավ, հեղափոխությունից չորսուկես տարի անց Փաշինյանը հայտարարում է, որ համակարգը դիմադրում է հեղափոխությանը (մեջբերումը մոտավոր է)։ Մի խոսքով հպարտ քաղաքացու կյանքում դրական տեղաշարժ չեղավ։ Միայն իրենց բարեկեցությունը բարձրացավ։ 

Ոչնչով չհիմնավորված շռայլ ծախսերը (նախորդ հրապարակման մեջ արդեն ասել ենք, ամանորյա ծախսերի մասին՝ 650 հազար դոլար), իրենց չհիմնավորված պարգևավճարները (պարգևավճարը պիտի հիմնավորում ունենա), միլիոնից բարձր աշխատավարձերը, մի երկրում, որտեղ աղքատությունը որոշ տնտեսագետների կարծիքով արդեն 42% է, արտաքին պարտքն էլ հատել է 10 միլիարդը։ 

Մամուլը տեղեկացնում է, որ 500 հազար դոլար արժողությամբ հարկատուներիս հաշվին նոր մեքենաներ են գնելու, որոնք սպասարկելու են Փաշինյանին՝ որպես ուղեկցող մեքենա։ Ակնհակտ է, որ իրենց սպասարկող մեքենաներն ավելի թանկարժեք են, քան նախկիններին սպասարկող մեքենաները։ Իսկ աներձագ Հրաչն էլ անհաջող փորձ է արել արդարացնելու 500 հազար դոլար արժողությամբ մեքենաներ գնելը, թե դա Փաշինյանի համար չէ, դա պետության համար է, և հին մեքենաների վրա ծախսը շատ է լինում։

Աներձագ Հրաչը պիտի հասկանա, որ պետության համար առաջնայինը անվտանգության ապահովելն է և բյուջեի սուղ միջոցները պիտի ուղղեն պետության անվտանգությունը ապահովելուն, ոչ թե Փաշինյանին ուղեկցող մեքենաներին վճարեն 500 հազար դոլար։ Էս շռայլություներն արվում են պատերազմում ջախջախիչ պարտություն կրած երկրում և պատերազմի վտանգն էլ գլխին կանգնած։ Էդ բոլոր ծախսերը պիտի ուղղված լիներ բանակին։ Սա տնաքանդություն է։ 

Աներձագ Հրաչը արդարանալու մի անհաջող փորձ էլ է արել՝ ներկայացնելով սեփական «թշվառ» կենցաղը, թե Ձորաղբյուրի առանձնատանը գազ ու ջուր չունի։ Ի՞նչ է մնում աներձագ Հրաչին։ Մնում է, որ վայր դնի պատգամավորական մանդատը և գնա մի քիչ ավելի բարձր աշխատավարձ ստանա, որ գոնե գազ ու ջուր ունենա։ Ընտրողները մի կերպ կհասկանան։

Ջավահիր Այվազյան