Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 11

 Հայեր  11/10/2021   10:00    99
Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 11

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Աղվանքի Ս. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու, Թաթուլ և Վարոս, Թումաս, Անտոն, Կրոնիդես սուրբ հայրերի և յոթ խոտաճարակների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Գրիգորիս հայրապետը Վրթանես կաթողիկոսի ավագ որդին էր: Ըստ Փավստոս Բուզանդի՝ Ս. Գրիգորիսը եղել է Աղվանքի և Վիրքի կաթողիկոսը, նորոգել ու բարեկարգել բոլոր եկեղեցիները` Աստծո խոսքը քարոզելով մարդկանց: Նա Քրիստոսի սիրո վարդապետությունը քարոզել է նաև մազքութների երկրում: Մազքութները, Կասպից ծովի Վատնյան կոչվող դաշտում, սրբին կապել են ձիու պոչից և արձակել: Այդպես հայրապետը նահատակվել է: Ըստ ավանդության, նա թաղված է Արցախի Ամարաս գյուղի Ս. Գրիգորիս եկեղեցում:  
  • Նրա նշխարները գտնվել են 489 թվականին, հայոց Վաչագան թագավորի օրոք:
  • Թաթուլը և Վարոսը եղբայրներ էին` Ս. Սահակի և Ս. Մեսրոպի աշակերտները: Վարդանանց պատերազմից հետո առանձնանում են Աբեղյանց շրջանի լեռները` առանձին-առանձին ճգնելով Վիշապաձոր կոչվող վայրում: Որսորդները գտնում են Թաթուլի ճգնարանը, և նրա համբավը տարածվում է ամենուր: Մարդիկ տարբեր տեղերից գալիս են սրբի մոտ, խորհուրդներ հարցնում, լսում նրա մխիթարող խոսքերն ու խաղաղված վերադառնում իրենց բնակության վայրերը: Բազմաթիվ մարդիկ համախմբվում են երկու եղբայրների շուրջը և հիմնում միաբանություն, որ հոգևոր առաջնորդի անունով կոչվել է Ս. Թաթուլի միաբանություն: Միաբանության անդամներից էր նաև Թումասը, ում Ս. Թաթուլն առաջնորդ է կարգում և ինքն առանձնանում  է: Նա իր մահկանացուն կնքում է խոր ծերության հասակում:
  • Վարոսը ճգնում է Դիցմայր կոչվող քարանձավում, ուր հետագայում կառուցվում է գյուտի մենաստանը` ի հիշատակ նրա նշխարների գյուտի:
  • Անտոնը և Կրոնիդեսը կեսարացի հույներ էին, որոնց Հայաստան էր բերել Ս. Գրիգոր Լուսավորիչը: Նրանք վանականության հիմնադիրներն են հայ իրականության մեջ: Երբ հավատո հայր Ս. Գրիգորը Տարոնում քանդել է Իննակնյա բարձունքի վրա գտնվող Գիսանեի կուռքը, նույն տեղում կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին, որտեղ հաստատվել են այս երկու վանականները: 40 տարի ճգնելուց հետո Ս. Անտոնը և Ս. Կրոնիդեսը կնքել են իրենց մահկանացուն 4-րդ դարի երկրորդ քառորդում:
  • Յոթ խոտաճարակներն այն ճգնավորներն էին, ովքեր 584 թվականին Տարոնի Գլակա կամ Ս. Կարապետ եկեղեցի եկան և բնակվեցին Իննակնյա վանքի մոտ գտնվող Ավետյաց կոչվող բլուրի մոտ: Քանի որ նրանք սնվում էին միայն խոտերով, կոչվեցին խոտաճարակներ: Հայտնի են նաև նրանց անունները` Պողիկարոպոս, Թեովնաս, Սիմեոն, Հովհաննես, Եպիփան, Դիմառիոս և Նարկեսոս: 
  • Պարսից Խոսրով թագավորը պատերազմ է հայտարարում հույների դեմ և իր զորքի մի թևն ուղարկում է Տարոնի կողմերը՝ թալանի: Կանխազգալով թշնամու մոտալուտ հարձակումը` վանականները վանքի գանձերը փրկելու նպատակով թաքցնում են ապահով տեղերում, իսկ իրենք` հեռանում, բացի Ս. Խոտաճարակներից, ովքեր ոչ մի կերպ չեն համաձայնվում վանքը լքել: Պարսից զորքը 604 թվականին հարձակվում է վանքի վրա, բայց գանձեր չգտնելով՝ հուսախաբ լինում և գլխատում յոթ խոտաճարակներին: Երեք օր հետո հեռացած միաբանները գալիս և թաղում են նրանց մարմինները Ս. Անտոնի և Ս. Կրոնիդեսի գերեզմանների մոտ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-10, 2023-10-16, 2024-10-14, 2025-10-13, 2026-10-12, 2027-10-11, 2028-10-16, 2029-10-15, 2030-10-14:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2018 - Ուժային եռամարտի փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն, «Դյուցազնագիրք» Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքի կրկնակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը «Հարավկովկասյան երկաթուղի» Սևան կայարանում միջնամատով տեղաշարժել և 3 մետր քաշել է 23 տոննա քաշով բեռնատար վագոն:
2017 - ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ընդունվեց ընդդեմ Ադրբեջանի երկու զեկույց: 

  • 114 կողմ և 24 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Ադրբեջանի նախագահություն. ինչ հետևանքներ կան» զեկույցը, իսկ 117 կողմ 18 դեմ ձայների հարաբերակցությամբ  «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը զեկույցը»:

2014 - Սերժ Սարգսյանը Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողության ժամանակ սենսացիոն հայտարարություն կատարեց.

  • «Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ: Եվ վստահ եմ, որ այդ օրը գալու է և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ»։

2013 - Մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը հաղթող է ճանաչվել միջազգային Elite Model Look Armenia մրցույթում: 
2013 - Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտված առաջնությունում նվաճեց Եվրոպայի մինչև 18 տարեկան շախմատիստների փոխչեմպիոնի կոչումը:
2012 - Բուխարեստում կայացած Ռումինիայի միջազգային 7-րդ կինոփառատոնի ժամանակ հայազգի դերասան Միքայել Պողոսյանը «Եթե բոլորը…» ֆիլմում գլխավոր դերակատարման համար արժանացել է «Լավագույն դերասան» կոչմանը: 
2011 - Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանին: 

  • Հանդիպմանը քննարկվել են Արցախում կառույցի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: 

1999 - Ռ. Քոչարյանն ու Հ. Ալիևը հանդիպում են չորրորդ անգամ` առանց միջնորդների, սեփական նախաձեռնությամբ։

  • Կողմերի հանդիպումն այս անգամ կայանում է Հայաստանի ու Նախիջևանի սահմանի` Երասխ֊Սադարակ հատվածում: Նախագահները հրապարակավ նշում են, որ քննարկել են հնարավոր փոխզիջումների հարցը, և միմյանցից բաժանվում ակնհայտ բարձր տրամադրությամբ:
  • Ադրբեջանի առաջնորդի պաշտոնական կայքի համաձայն, մասնավորապես, բանակցություններից հետո Հ.Ալիևը հայտարարել էր.«մենք շատ հարցեր ենք քննարկել, սակայն, որոշում կայացնելու համար դեռ ժամանակ է հարկավոր, հանդիպումներ, բանակցություններ ու փոխզիջումներ: Ռոբերտ Սեդրակովիչն ու ես մտածում ենք` ով ինչ փոխզիջման կարող է գնալ»: Ռ.Քոչարյանը հարկ էր համարել ավելացնել. «Այո՛, պետք է ասեմ, որ մենք քննարկել ենք հենց փոխզիջումների, բանակցային գործընթացում այսպես ասած, միմյանց ընդառաջ գնալու աստիճանը»:
  • Ռ. Քոչարյանն անգամ կատակել էր` հիշեցնելով Ալիևի պատվին մորթված ոչխարները. «Իսկ մեզ ոչխար տվեցի՞ն, թե`չէ»: «Կարծում եմ`ոչխարը հենց այստեղ կմորթեն ու մեզ համար խորոված կանեն, երբ մենք վերջնական համաձայնության գանք»,֊ պատասխանել էր Հ.Ալիևը:

ԾՆՎԵԼ ԵՆ

1961 - Արթուր Արիստակիսյան (ծնվ. Քիշնև), ռուս և մոլդովացի կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1955 - Ալեքսան Հակոբյան, պատմաբան, կովկասյան Ավղանքի պատմության մասնագետ,  «Ղարաբաղ» կոմիտեի անդամ

  • 1993-2004 թվականներին եղել է Քաշաթաղի շրջանի ղեկավար։

1953 - Ռոզա Չագոյան (ծնվ. Մեխիկո), հայկական ծագումով մեքսիկացի դերասանուհի և  երգչուհի
1941 - Ալեքսանդր Հակոբյան, ԽՍՀՄ սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող
1939 - Վալերի Ակոպով (ծնվ. Կիև), նկարիչ-բնանկարիչ, գրականագետ, Ուկրաինայի նկարիչների միության անդամ
1901 - Դմիտրի Շիկանյան, բալետի հայ խորհրդային արտիստ, դիրիժոր
1880 - Ալեքսանդր Սաղաթելով (մ. 1927), ինժեներ, ազնվական

  • Հեղափոխությունից հետո Ալեքսանդր Սաղաթելովը, թաքցնելով իր ազնվական ծագումը, փոխել է ազգանունը «Սաղաթելյան» և ընտանիքով տեղափոխվել Հոր հայրենիք՝ Ստեփանավան քաղաք։
  • Խորհրդային շրջանում նա Ստեփանավանում առաջին հիդրոէլեկտրակայանն էր կառուցում։

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 2
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 1
armenlur