Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 11


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. առաքյալներ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպպոսի, Հովհաննեսի և Շիղայի` Սիղվանոսի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Անանիան Հիսուս Քրիստոսի 72 աշակերտներից է, Դամասկոսի եպիսկոպոսը: Աստծո հրամանով նա մկրտել է Սավուղին` ապագա Ս. Պողոս առաքյալին: Ս. Անանիան Աստծո խոսքը տարածել է հրեաների և հեթանոսների մեջ: Հրաժարվելով կուռքերին զոհ մատուցել` քարկոծվելով մահացել է:
  • Ս. Մատաթիան այն աշակերտներից մեկն էր, ով միշտ շրջել է Հիսուսի հետ, սկսած Նրա մկրտությունից մինչև համբարձում: Նա առաքյալ ընտրվեց Հուդա Իսկարիովտացու փոխարեն: (Տես՝ Գործք Առաք. 1:21-23):
  • Ս. Բառնաբասը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Նա ծնվել է Կիպրոսում: Նախնական անունը Հովսեփ էր, սակայն առաքյալները նրան Բառնաբաս կոչեցին, որ նշանակում է «մխիթարության որդի»: Վաճառել է իր ողջ ունեցվածքը և գումարը տվել առաքյալներին` հետևելով Հիսուսի վարդապետությանը: Նա եղել է Ս. Պողոս առաքյալի գործակիցը: Նահատակվել է Սալամինա քաղաքում` քարկոծվելով հրեաների կողմից: 
  • Ս. Փիլիպպոսը նույնպես Քրիստոսի 12 առաքյալներից է, ծնունդով Բեթսայիդայից: Ենթադրվում է, որ եղել է Ս. Հովհաննես Մկրտչի աշակերտը: Սակայն կանչվելով Տիրոջից` հետևել է նրան: Նա Աստծո խոսքը քարոզել է Հունաստանում, Սիրիայում, Փռյուգիայում, որտեղ բազմաթիվ բժշկումներ և հրաշքներ է կատարել: Ըստ ավանդության՝ առաքյալը նահատակվել է Հերապոլիս քաղաքում` գլխիվայր խաչվելով:
  • Ս. Հովհաննեսը` Տիրոջ սիրելի առաքյալը, Հիսուսի 12 աշակերտներից է, վերջին Ավետարանի հեղինակը: Նա սկզբում աշակերտել է Ս. Հովհաննես Մկրտչին: Ս. Աստվածածնի վերափոխումից հետո եկել է Եփեսոս` Աստծո խոսքը քարոզելով Փոքր Ասիայի եկեղեցիներում: Դոմետիանոս կայսեր օրոք չարչարանքների է ենթարկվել` աքսորվել Պատմոս կղզի, ուր և գրել է Նոր Կտակարանի վերջին գիրքը` «Հայտնությունը»: Նա միակ առաքյալն է, որ մահացել է բնական մահով:
  • Ս. Շիղան եղել է Ս. Պողոս առաքյալի գործընկերներից մեկը: Եբրայական այս անվան հունական ձևը Սիղվանոս է: Բանտարկվել է Պողոսի հետ, բայց ազատվելով` շարունակել է Աստծո խոսքի տարածումը: Վախճանի մասին ստույգ ոչինչ հայտնի չէ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-11, 2023-10-17, 2024-10-15, 2025-10-14, 2026-10-13, 2027-10-12, 2028-10-17, 2029-10-16, 2030-10-15։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2018 - Ուժային եռամարտի փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն, «Դյուցազնագիրք» Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքի կրկնակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Վարազդատ Հակոբյանը «Հարավկովկասյան երկաթուղի» Սևան կայարանում միջնամատով տեղաշարժել և 3 մետր քաշել է 23 տոննա քաշով բեռնատար վագոն:
2017 - ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ընդունվեց ընդդեմ Ադրբեջանի երկու զեկույց: 

  • 114 կողմ և 24 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Ադրբեջանի նախագահություն. ինչ հետևանքներ կան» զեկույցը, իսկ 117 կողմ 18 դեմ ձայների հարաբերակցությամբ  «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը զեկույցը»:

2014 - Սերժ Սարգսյանը Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողության ժամանակ սենսացիոն հայտարարություն կատարեց.

  • «Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ: Եվ վստահ եմ, որ այդ օրը գալու է և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ»։

2013 - Մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը հաղթող է ճանաչվել միջազգային Elite Model Look Armenia մրցույթում: 
2013 - Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտված առաջնությունում նվաճեց Եվրոպայի մինչև 18 տարեկան շախմատիստների փոխչեմպիոնի կոչումը:
2012 - Բուխարեստում կայացած Ռումինիայի միջազգային 7-րդ կինոփառատոնի ժամանակ հայազգի դերասան Միքայել Պողոսյանը «Եթե բոլորը…» ֆիլմում գլխավոր դերակատարման համար արժանացել է «Լավագույն դերասան» կոչմանը: 
2011 - Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանին: 

  • Հանդիպմանը քննարկվել են Արցախում կառույցի աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: 

1999 - Ռ. Քոչարյանն ու Հ. Ալիևը հանդիպում են չորրորդ անգամ` առանց միջնորդների, սեփական նախաձեռնությամբ։

  • Կողմերի հանդիպումն այս անգամ կայանում է Հայաստանի ու Նախիջևանի սահմանի` Երասխ֊Սադարակ հատվածում: Նախագահները հրապարակավ նշում են, որ քննարկել են հնարավոր փոխզիջումների հարցը, և միմյանցից բաժանվում ակնհայտ բարձր տրամադրությամբ:
  • Ադրբեջանի առաջնորդի պաշտոնական կայքի համաձայն, մասնավորապես, բանակցություններից հետո Հ.Ալիևը հայտարարել էր.«մենք շատ հարցեր ենք քննարկել, սակայն, որոշում կայացնելու համար դեռ ժամանակ է հարկավոր, հանդիպումներ, բանակցություններ ու փոխզիջումներ: Ռոբերտ Սեդրակովիչն ու ես մտածում ենք` ով ինչ փոխզիջման կարող է գնալ»: Ռ.Քոչարյանը հարկ էր համարել ավելացնել. «Այո՛, պետք է ասեմ, որ մենք քննարկել ենք հենց փոխզիջումների, բանակցային գործընթացում այսպես ասած, միմյանց ընդառաջ գնալու աստիճանը»:
  • Ռ. Քոչարյանն անգամ կատակել էր` հիշեցնելով Ալիևի պատվին մորթված ոչխարները. «Իսկ մեզ ոչխար տվեցի՞ն, թե`չէ»: «Կարծում եմ`ոչխարը հենց այստեղ կմորթեն ու մեզ համար խորոված կանեն, երբ մենք վերջնական համաձայնության գանք»,֊ պատասխանել էր Հ.Ալիևը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1961 - Արթուր Արիստակիսյան (ծնվ. Քիշնև), ռուս և մոլդովացի կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր
1955 - Ալեքսան Հակոբյան, պատմաբան, կովկասյան Ավղանքի պատմության մասնագետ,  «Ղարաբաղ» կոմիտեի անդամ

  • 1993-2004 թվականներին եղել է Քաշաթաղի շրջանի ղեկավար։

1953 - Ռոզա Չագոյան (ծնվ. Մեխիկո), հայկական ծագումով մեքսիկացի դերասանուհի և  երգչուհի
1941 - Ալեքսանդր Հակոբյան, ԽՍՀՄ սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող
1939 - Վալերի Ակոպով (ծնվ. Կիև), նկարիչ-բնանկարիչ, գրականագետ, Ուկրաինայի նկարիչների միության անդամ
1901 - Դմիտրի Շիկանյան, բալետի հայ խորհրդային արտիստ, դիրիժոր
1880 - Ալեքսանդր Սաղաթելով (մ. 1927), ինժեներ, ազնվական

  • Հեղափոխությունից հետո Ալեքսանդր Սաղաթելովը, թաքցնելով իր ազնվական ծագումը, փոխել է ազգանունը «Սաղաթելյան» և ընտանիքով տեղափոխվել Հոր հայրենիք՝ Ստեփանավան քաղաք։
  • Խորհրդային շրջանում նա Ստեփանավանում առաջին հիդրոէլեկտրակայանն էր կառուցում։