Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 17


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ղուկիանոս Հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը և Հովսեփ Աստվածահորը, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քույրերի՝ Մարթայի և Մարիամի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Ղուկիանոս հարյուրապետի անունը թեև չի նշված Նոր Կտակարանում, բայց ըստ Սրբազան Ավանդության` նա այն հարյուրապետն էր, որ ներկա է եղել Հիսուսի խաչելությանը և մահվանը հաջորդած հրաշքներին: Նա հռոմեացի զինվոր էր և ծնունդով Կապադովկիայից: Տիրոջ խաչելության ժամանակ դարձի է եկել` հավատալով Փրկչի վարդապետությանը: Ականատես լինելով Հիսուսի հրաշափառ հարությանը` հրաժարվում է սուտ վկայություն տալ, թե իբր Նրա մարմինը գողացել են աշակերտները: Ս. Ղուկիանոսը գլխատվել է Պիղատոսի կողմից:
  • Հովսեփ Աստվածահայրը Դավիթ թագավորի ցեղից էր: Հիսուս Քրիստոսի հայրն է երկրի վրա և Ս. Մարիամի ամուսինը: Ս. Մատթեոս Ավետարանիչը նրան «արդար» մակդիրով է բնութագրում (տես Մատթ. 1:19): Երբ Հովսեփն իմանում է, որ իր նշանածը հղի է, ցանկանում է նրան առանց աղմուկի արձակել: Բայց Տիրոջ հրեշտակը երևում է նրան և պատվիրում չարձակել Մարիամին, քանզի նրանից ծնվածը Սուրբ Հոգուց է: Հրեշտակը պատվիրում է Որդու անունը Հիսուս դնել, քանզի նա պիտի փրկի իր ժողովրդին մեղքերից: Հասկանալով Աստծուց իրեն վստահված առաքելության կարևորությունը` նա ավելի ուշադիր է դառնում նշանածի հանդեպ` պաշտպանելով և հոգ տանելով նրա մասին: Երբ ծնվեց մանուկ Հիսուսը, օրենքի համաձայն Հովսեփը թլփատեց նրան և քառասուն օրականում տաճարին ընծայեց: Իսկ երբ նրան վտանգ սպառնաց, Աստծո հրեշտակի հրամանով նրան Եգիպտոս փախցրեց` որոշ ժամանակ անց կրկին վերադառնալով Նազարեթ: Ս. Հովսեփն առանձնանում է առ Աստված ունեցած աներեր հավատով, ով միշտ անսաց և իր կյանքում աշխատեց իրագործել Աստծո պատվիրանները:
  • Ս. Հովսեփ Արիմաթացին Հիսուսի ծածուկ աշակերտներից էր` հարուստ, պարկեշտ, բարեգործ և արդար մի մարդ, ով Աստծո արքայությանն էր սպասում: Իմանալով, որ Հիսուսն արդեն մահացել է խաչի վրա, համարձակվում է մոտենալ Պիղատոսին և թույլտվություն է խնդրում Տիրոջ մարմինը թաղել: Նրա գերեզմանը գտնվում է Երուսաղեմի Փրկչական գերեզմանի մոտ, որը պատկանում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը:
  • Ղազարոսը, Մարթան և Մարիամն ապրել են Տիրոջ երկրային կյանքի ժամանակ` Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Բեթանիա գյուղում: Հիսուս առանձնահատուկ է սիրել այս ընտանիքին և Երուսաղեմ այցելելիս հաճախ հյուրընկալվել նրանց տանը: Մեռած Ղազարոսին Քրիստոս հարություն է տվել` ուրախացնելով նրա քույրերին: Ավագ քույրը` Մարթան, գործունյա և աշխատասեր էր, իսկ Մարիամը` Աստծո խոսքին ունկնդիր` բարեպաշտ հավատացյալ:
  • Ըստ ավանդության` նրանք մեկնել են Կիպրոս, որտեղ հետագայում կնքել են իրենց մահկանացուն:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-17, 2023-10-23, 2024-10-21, 2025-10-20, 2026-10-19, 2027-10-18, 2028-10-23, 2029-10-22, 2030-10-21։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2019 - Հայաստանը 144 ձայնով ընտրվեց ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022թթ. համար:
2019 - CNN-ի հրապարակած հոդվածում, որտեղ ներկայացնում է աշխարհի 50 լավագույն հացերը, ցուցակում երկրորդը հայկական լավաշն է:
2019 - ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

  • Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

2017 - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ արեց հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

  • «Նա ոգևորված է, որ նախագահները համաձայնվել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով և լրացուցիչ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար»,- ասված է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ:

2015 - Հայ Ազգային Կոնգրեսը և Հայաստանի ժողովրդական կուսակցություը դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեի առիթով ստեղծեցին «Ոչ»-ի համատեղ շտաբ:
2013 - Տոկիոյի Գինզա կենտրոնի Օջի համերգասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ:
2008 - Արցախում տեղի ունեցավ գրեթե 700 զույգի աննախադեպ հարսանեկան արարողություն:

  • Նախաձեռնողը հայտնի բարերար և գործարար էր, ծագումով Արցախից ՝ Լևոն Հայրապետյանը:

1993 - Ադրբեջանական զորամիավորումները հրետակոծեցին Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղը, ապա նաև՝ Մարտունիի դիրքերը։

  • Ի պատասխան՝ հայերը մշակել և իրականացրեցին Հորադիզի ռազմական գործողությունը։

1991 - Ադրբեջանական օդուժը, հրետանին և «Գրադ» ռեակտիվ կայանները զանգվածային ռմբակոծության և գնդակոծության ենթարկեցին ԼՂՀ Մարտունի քաղաքն ու նրա մատույցները:
1957 - 81 տարեկանում Երևանում մահանում է Վարպետը՝ գրող Ավետիք Իսահակյանը։

  • Ավետիք Իսահակյանի հիշատակին նվիրված խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոս   Վազգեն Առաջինն ասում է. «Վարպետը մեռավ, Վարպետը կապրի և պիտի ապրի հայ ժողովրդի հոգում ու կյանքում, բաշխվելով ամբողջապես մեր բոլորիս և հետագա բոլոր սերունդներին։ Եվ նա կմնա միշտ մեզ հետ, կլինի միշտ մերը՝ իբրև ներշնչման աղբյուր, իբրև լուսաշող փարոս»։
  • Ավետիք Իսահակյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է ուղարկում ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանը։

1922 - ՀԽՍՀ կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Սարգիս Համբարձումյանը հաստատում է հայկական հեռագրական գործակալության՝ Արմենտայի (Армянское телеграфное агентство) կանոնադրությունը։

  • Արմենտան ստեղծման պահին ուներ երեք բաժին՝ Խորհրդային Հայաստանի, Անդրկովկասյան դաշնության և արտասահմանյան լուրերի։
  • Գործակալությունը պետք է տեղեկություններ ստանար ժողովրդական կոմիսարիատներից, պետական հիմնարկություններից, մշակութային իրադարձություններից։ Հավաքելուց հետո Արմենտայի աշխատակիցները պետք է պատրաստեին ռադիոբյուլետեններ, որոնք հեռարձակվելու էին ռադիոկայանով։
  • Բացի այդ, գործակալությունը պատրաստում էր պլակատներ և պարտավոր էր դրանք կախել նախանշված վայրերում։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Սամվել Բալոյան, ըմբշամարտիկ, մարտական ձեռնամարտի մասնագետ
1983 - Վահե Թադևոսյան, հայ ֆուտբոլիստ
1933 - Ռուբեն Մանասարյան, կրկեսի արտիստ, ակրոբատ, 20-րդ դարի 50-60-ական թվականների Հայրենական ուժային ակրոբատիկայի լավագույն ներկայացուցիչներից: 
1932 - Եվգենի Դրամփյան (մ. 2011), մոնումենտալ նկարիչ, գեղանկարիչ, ՌՍՖՍՀ Նկարիչների միության անդամ
1931 - Վլադիմիր Գրիգորյան, գեղանկարիչ, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ (1966 )
1923 - Շուշանիկ Ափոյան (մ. 2005), երաժշտագետ, դաշնակահար և երաժշտական ուսուցիչ

  • Հայտնի է դաշնամուրային մանկավարժության և դաշնամուրի, երաժշտական կրթության և դաստիարակության, հայ կոմպոզիտորների դաշնամուրային արվեստի, կատարողական արվեստի ոլորտներում ունեցած իր հետազոտություններով:

1920 - Վազգեն Մուրադյան, կոմպոզիտոր, ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների միության անդամ

  • Վազգեն Մուրադյանը Ամերիկայի նշանավոր կոմպոզիտորներից է դասական երաժշտության ժանրում։

1895 - Գեորգի Ղևոնդյան (մ. 1959), Հայկական ԽՍՀ առողջապահության մինիստր (1931-1938, 1944-1949)
1820 - Իվան Լազարև (մ. 1879), ռուսական բանակի հայազգի զինվորական
1737 - Մինաս Լազարև (Մինաս Լազարյան, ծնվ. Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, մ. 1809), հասարակական գործիչ, դատական խորհրդական, վարչապետ մայոր

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսի Դանիել Ա-ի ներկայացուցիչը Ռուսաստանի մայրաքաղաքում:
  • Նրա միջոցներով Մոսկվայում կառուցվել է Հայկական Վհղանկովյան եկեղեցին։