Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 19

 Հայեր  19/10/2021   10:00    80  
Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 19

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հրթիռահրետանային զորքերի օրը 

  • 1992թ. հոկտեմբերի 19-ին ավարտվեց Հայաստանի Զինված ուժերի Հրթիռահրետանային ստորաբաժանումների ձևավորումը: Այդ ժամանակվանից հոկտեմբերի 19-ը Հայաստանում նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր:
  • Հրթիռահրետանային զորքերը զգալի դերակատարություն են ունեցել հայ ազգային բանակի հզորացման գործում: Այդ օրը նշվում էր նաև Խորհրդային Միությունում` ի նշանավորումն Ստալինգրադի ճակատամարում գերմանացիների ջախջախման գործում հրետանու դերի:
  • Մեծ Հայրենական պատերազմի հերոսների թվում քիչ չէին հայ հրետանավորները: Խորհրդային Միության հերոս Սուրեն Հակոբի Գասպարյանը Առաջին Բելառուսական ճակատի 8-րդ գվարդիական բանակի 82-րդ դիվիզիայի հակատանկային-կործանիչ առանձին դիվիզիոնի սերժանտ էր:

Ս. Թեոդիտոն քահանայի, Զենոն, Մակար և Եվդոքսեա զինվորների և Ռամելասի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Թեոդիտոն քահանան եկեղեցու ավագերեցն էր, ապրել է Հուլիանոս Ուրացող կայսեր ժամանակաշրջանում: Վերջինիս եղբորորդին` Հուլիանոս Կոմսը, որ կայսրության արևելյան նահանգների կառավարիչն էր, հրաման է արձակում աքսորել բոլոր եկեղեցականներին` եկեղեցիների գանձերն ավելի դյուրությամբ կողոպտելու համար: Թեոդիտոն քահանան մերժում է հեռանալ եկեղեցուց կամ հանձնել եկեղեցական սպասքը` շարունակելով իր սովորական աստվածային պաշտամունքը և քարոզչությունը: Կոմսը  ձերբակալում է նրան, նախ չարչարանքի ենթարկում, ապա գլխատում: Նախքան մարտիրոսության պսակն առնելը Թեոդիտոնն ատյանում որոշ կանխասացություններ է անում, որոնք բառացիորեն կատարվում են: Հուլիանոս Կոմսն անծանոթ հիվանդությունից, իսկ Ուրացող կայսրը, պարսիկների դեմ մղած պատերազմի ընթացքում անծանոթի արձակած նետից խոցվելով՝ չարաչար մեռնում են:
  • Զենոնը, Մակարը և Եվդոքսիոսը չարչարանքների են ենթարկվել և նահատակվել Մաքսիմիանոս կայսեր օրոք, 311-312 թվականներին, Փոքր Հայքի Մելիտենե քաղաքում: Եվդոքսիոսը, ով կայսերական բանակի զորավար էր, հալածանքների ժամանակ իր կնոջ` Վասիլուհու և զինակից ընկերներ Զենոնի և Մակարի հետ թաքնվում են: Ապա նա թաքստոցից դուրս է գալիս, հանձնվում զինվորականներին և Զենոնի հետ գլխատվում: Նրանց հետևում է նաև Ս. Մակարը:
  • Ռամելասը նահատակվել է Մաքսիմիանոս կայսեր օրոք: Արևելքի արշավանքի ժամանակ կայսրն իր զորքում հայտնաբերում է 11.000 քրիստոնյաների, որոնց աքսորում է Փոքր Հայքի Մելիտենե քաղաքը: Պահակազորի հրամանատար Ռամելասը հանդիմանում է կայսերն անաստվածության և անարդարության համար ու բացահայտ հռչակում իր քրիստոնյա լինելը, ինչի համար էլ անմիջապես գլխատվում է: 
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-18, 2023-10-24, 2024-10-22, 2025-10-21, 2026-10-20, 2027-10-19, 2028-10-24, 2029-10-23, 2030-10-22։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2017 - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած քննարկումների ժամանակ հայտարարեց որ Արցախյան հակամարտության կողմերի դիրքորոշումներն իրականում բավական մոտ են։

  • «Կողմերը եկել են մի կետի, երբ առաջ շարժվելու հարցում նրանց դիրքորոշումներն այնքան էլ հեռու չեն իրարից: Կողմերը մի քանի անգամ գրեթե հասել են համաձայնության, և վերջին անգամ դա 2011 թվականին է եղել»,- ասել է նա:

2016 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն երկու առաջարկ արեց վարչապետի պաշտոնն ստանձնած Կարեն Կարապետյանին՝ ՀՀ նոր կառավարության ծրագրում ընդգրկելու համար:

  • «Կառավարության առջև կանգնած ամենահրատապ խնդիրը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարի ոչ թե ձևական, այլ հիրավի արդյունավետ մեխանիզմների կիրառումը, ինչի համար անհրաժեշտ է.
  • 1. Վերացնել նախարարությունների, պետական այլևայլ գերատեսչությունների, ինչպեսև տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվներն ու հիմնադրամները:
  • 2. Անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացմանը վերաբերող 20-րդ հոդվածը:
  • Մինչև Հայաստանում կոռուպցիան արմատախիլ չարվի, ոչ մի վարչապետ, որքան էլ կարող, որևէ հաջողության չի հասնի և կարճ ժամանակ անց կդառնա հերթական քավության նոխազը»:

2015 - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկեց Հայոց ցեղասպանության հարցը: 

  • «Այդ խնդիրը պետք է քննարկվի ակադեմիական մակարդակով, հատուկ հանձնաժողովի կողմից, որոնց կազմում ներառված կլինեն նաև գերմանացի պատմաբաններ: Մենք ցանկանում ենք պատմական հաշտեցման հասնել հայերի հետ և պատրաստ ենք ցանկացած համագործակցության»,- հայտարարել է Դավութօղլուն:

2014 - ՀԱԿ կուսակցությունը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը և նրա ընկերները քաղաքական բանտարկյալներ են։

  • 2013 թ. Երևանում բողոքի ցույց անցկացրած 12 քաղաքացիներից 10 դատապարտվել են 4-ից 7 տարվա ազատազրկման: Նրանց գործը լիովին համապատասխանում է ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանում» թիվ 1900 բանաձևին՝ համաձայն որի ազատազրկված անձը պետք է համարվի «քաղաքական բանտարկյալ», եթե «քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ նրա պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է մեղավոր կամ կասկածյալ»:

2011 - ՀՀ-ում լրատվամիջոցների դեմ սկսած արշավի կապակցությամբ, թերթերի խմբագիրները միացել են` իրենց բողոքն արտահայտելու` առ ան, որ ՀՀ դատարաններում շարունակվում են կայացվել անարդար վճիռներ, որոնք իրենց խստությամբ նպատակ են հետապնդում սննակացնել լրատվամիջոցներին:
2011 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ»-ի տնօրենների խորհրդի պատվիրակության անդամների` Ժերոմ Բակոնինի, Կուրտ Բայերի, Օլե Բլոնդալի, Ջանլուկա Գրանդիի, Օլե Հովլանդի, Հերբերտ Յունկի, Յան Մաասի և Պեդրո Մորիոնիի հետ:
2001 - Դատախազությունը հայտարարություն է հրապարակում, որով Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության վրայից հանում է «մազութը լափելու» մասին  հռչակավոր մեղադրանքը։

  • Հատուկ այդ նպատակով 15 ամիս առաջ ձևավորված քննչական խումբը ոչ մի տվյալ չի գտել, որ 200 միլիոն դոլարի մազութ է անհայտացել Հայաստանի տարածքում։

1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ հրթիռա-հրետանային զորամասերի ձևավորումը:

  • Հետագայում հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Հրթիռա-հրետանային զորքերի օր:

ԾՆՎԵԼ ԵՆ

1870 - Խնկո Ապեր (Աթաբեկ Խնկոյանխ մ.1935 թ.), հայ մանկագիր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1932)։

Ծնվել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում (այժմ կրում է Խնկոյան անունը)։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքային դպրոցում։ 1890-1910 թթվականին եղել է ուսուցիչ։ 1911 թ.–ին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ս. Լիսիցյանի պանսիոնում։ Աշխատակցել է «Աշխատավոր», «Նոր աշխատավոր», «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր», «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին։

Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծական փորձեր»-ը, լույս է տեսել 1890 թվականին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Խնկո Ապերը եկել է Հայաստան, ծավալել գրական–մշակութային գործունեություն։ Հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր («Մեր դպրոցը», «Կարմիր արև»)։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ, լեգենդներ, առակներ։

Խնկո Ապերը շուրջ 120 ինքնուրույն և թարգմանական գրքերի հեղինակ է։ Առավել հայտնի են նրա «Աղվեսն ու արջը» (1910), «Գող մաքին» (1911), «Առակներ» (1917), «Մրգաստան» (1939), «Հեքիաթներ ու պատմվածքներ» (1967) ժողովածուները։

Մանկագրի փոխադրություններից ու թարգմանություններից են «Պապն ու շաղգամը» (1911), «Քնած արքայադուստրը» (1912), «Առաջին դասը» (1927), «Ռոբինզոն Կրուզոն» (1932), «Գայլն ու գառը» (1941)։ Լայն ճանաչում են գտել «Ծաղկանց ծովը», «Մեղուն», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը» բանաստեղծությունները։ Խնկո Ապոր երկերն աչքի են ընկնում ժողովրդական լեզվամտածողությամբ։

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0