Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 22


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Տասներկու սուրբ վարդապետների՝ Ռեթեոսի, Դիոնիսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կյուրեղ Երուսաղեմացու, Եփրեմ Խուրի Ասորու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Աստվածաբանի, Եպիփան Կիպրացու, Հովհան Ոսկեբերանի և Կյուրեղ Ալեքսանդրացու հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Այս հայրերը կամ վարդապետները եղել են առաքինի կյանքով ու նկարագրով հռչակված անձնավորություններ, որոնք Եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել որպես Ընդհանրական Եկեղեցու մեծ հայրեր, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ, քրիստոնեական հավատի ուղղափառ ավանդապահներ: Տասներկու վարդապետների գործունեության կարևորագույն առանցքն ուղղափառ հավատի պահպանությունն ու անաղարտ փոխանցումն էր սերունդներին: Քրիստոնեության հիմնադրման օրվանից իսկ գոյություն են ունեցել հերետիկոսություններ, հերձվածներ, որոնց հետևորդները, սխալ ընկալելով ու մեկնաբանելով Աստծո խոսքը, զարգացրել են թյուր պատկերացումներ և մոլար ուսմունքներ՝ կապված քրիստոնեական վարդապետության հիմնարար սկզբունքների հետ: Բայց ի հակադրություն նրանց՝ եկեղեցու տասներկու վարդապետները, ամբողջության մեջ ըմբռնելով աստվածային հայտնությունը, տվել են վարդապետական առանցքային դրույթների և սկզբունքների ճշգրիտ մեկնությունը՝ ուղղափառության սահմանների մեջ զարգացնելով եկեղեցական աստվածաբանությունը: Տասներկու վարդապետների դերն ու նշանակությունն այսօր առավել քան երբևէ կարևոր է մեր հասարակության համար, որտեղ ներթափանցել են Սուրբ Գրքի կամայական մեկնիչներ, ովքեր Աստծո խոսքի՝ իրենց ոչ ճիշտ ընկալումներն ու պատկերացումները պատվաստում են մեր ժողովրդի զավակների մտայնության մեջ՝ հեռացնելով նրանց ոչ միայն իրական, ճշմարիտ փրկության ճանապարհից, այլև մեր ազգային գիտակցությունից, Աստվածաշունչ մատյանի ուղղափառ մեկնությամբ ձևավորված մտածողությունից, դրանով իսկ նաև ազգային դիմագծից ու նկարագրից: Ուստի, այս տոնը մեզ համար ևս մեկ պատեհ առիթ է՝ արժևորելու մեր նախնյաց թողած հարուստ ժառանգությունը` հավատարիմ մնալով մեր Եկեղեցուն և Քրիստոսի Եկեղեցու Ս. Հայրերի լույս հավատքին: Հայ Առաքելական Ս. Եկեղեցին տասներկու Ս. Վարդապետների խնկելի հիշատակը ոգեկոչում է Խաչվերացի 6-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-22, 2023-10-28, 2024-10-26, 2025-10-25, 2026-10-24, 2027-10-23, 2028-10-28, 2029-10-27, 2030-10-26։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2020 - Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը տեղեկացրեց, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: 

  • Նախկինում այնտեղ առկա գրքերը, տարբեր աղբյուրները ներկայացված էին «Հայկական կոտորածներ» խորագրի ներքո:

2019 - «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ 

  • Քանի որ Հունանյանի ազատազրկման 20 տարին լրացել է, 20 տարուց հետո ցմահ դատապարտյալները իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար։

2018 - Նիկոլ Փաշինյանը ընտրություների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր տեղափոխելով տապալեց ընտրական օրենսգրքի բարեփոխումը:

  • Ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների պրոցեսը: 

2018 - Թուրքիայում անցկացված բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ՀՀ ԶՈՒ զինծառայող Դավիթ Դադիկյանը նվաճեց ոսկե մեդալ:
2017 - Ռուսաստանում արգելվեց «Հայկական ֆաշիզմ» անվամբ ադրբեջանական ֆիլմի ցուցադրումը:
2016 - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԼՂ կարծիք է հայտնել, որ «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին: 

  • «Բանակցությունների տարրերի մեջ է մտնում օկուպացված տարածքների վերադարձը, փախստականների և հարկադրաբար վերաբնակեցվածների վերադարձը, ինչպես նաև խաղաղապահների տեղակայումը»,-ասել է Ուորլիքը:

2013 - Երևանը հայտարարում է, թե ադրբեջանական բանակը սկսել է գնդակոծել Տավուշի գյուղերը։

  • Ըստ Պաշտպանության նախարարության, գնդակոծվել էր Բերդ - Իջևան ճանապարհը, մեկ զինվոր զոհվել էր, երեքը՝ վիրավորվել։

1990 - Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց արտաքին քաղաքականության մասին իր տեսակատը։

  • «Մեր քաղաքականության հիմնական զենքը պետք է դառնա մանևրելու կարողությունը, ճկուն դիվանագիտությունը: Մենք պետք է ուշի‑ուշով հետևենք մեր քաղաքական գործընկերների ու հակառակորդների հարաբերություններին և նուրբ մանևրներով հմտորեն օգտվենք նրանց միջև գոյություն ունեցող անգամ չնչին հակասություններից: Դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ հրաժարվել ցուցադրական, անլուրջ քաղաքական գործողություններից, որոնք մի կողմից ավելորդ կերպով գրգռում են մեր քաղաքական գործընկերներին ու հակառակորդներին, իսկ մյուս կողմից՝ չհանգեցնելով որևէ օգտակար արդյունքի, խոր հիասթափություն են առաջացնում զանգվածների մեջ:
  • Քաղաքականությունը համակարգ է, ոչ թե պատահական գործողությունների պարզ գումար, ուստի ինքնուրույն քաղաքականություն վարող ոչ մի ընտրյալ իշխանություն իրավունք չունի տուրք տալ կողմնակի ճնշումներին և շեղվել իր որդեգրած հիմնական դիրքորոշումից: Քաղաքականության որևէ համակարգի կարելի է հակադրել միայն մի այլ համակարգ և ոչ թե նրա ոգուն հակասող առանձին գործողությունների պահանջներ: Դա չի նշանակում, անշուշտ, որ քաղաքական համակարգը դոգմա է և ենթակա չէ սրբագրումների՝ պահի հրամայականին համապատասխան»։

1975 - ASALA. Վիեննայում սպանվում է Ավստրիայում Թուրքիայի դեսպան Թանըշ Թունալիկիլը։ 

  • Գործողության պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ի «Նահատակ Պոլտիկեանի Խումբը» (ըստ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ի հաղորդագրության «նահատակ Պոլտիկեանը այն հերոսուհին է, որը 1975 թվականի սեպտեմբերի 21-ին Բեյրութում զոհ գնաց փաղանգավոր ոճրագործի գնդակին») և Դաշնակցության հովանավորությունն ունեցող «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ»-ը։»

1935 - Վիլ-Ժուիֆի հիվանդանոցում վախճանվեց հայ մեծանուն երգահան Կոմիտաս Վարդապետը։ 

  • 1936 թվականին նրա աճյունը փոխադրվեց Երևան և թաղվեց Կոմիտասի անվան պանթեոնում։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1956 - Վահան Զատիկյան (ծնվ. Լոմատուրցխ, Վրաստան, մ. 1999) պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ (1995)
1938 - Միխայել Սթոուն (ծնվ. Լիդս, Մեծ Բրիտանիա), Երուսաղեմի Հրեական համալսարանի պրոֆեսոր, "Armenian Studies"-ի ղեկավարը

  • Մ. Սթոունը զբաղվել է միջնադարյան հայ պոեզիայի թարգմանությամբ։ Հետաքրքրվել է հայկական տարեգրություններով և պեղումների ընթացքում հայտնաբերել մի շարք հին հայկական տարեգրություններ Սինայի անապատում։ «1970-1980-ական թվականներին Սինայ լեռան վրա և նրա շրջակայքում մենք հայտնաբերեցինք շատ հին հայկական ձեռագրեր։ Դրանք արվել են 430-440 թվականներին»։
  • Սթոունը մասնակցել է նաև Հայաստանի հնագիտական պեղումներին ՝ Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղի մոտակայքում։ Այստեղ գիտնականները հայտնաբերել են 13-րդ դարի հրեական գերեզմանոց՝ եբրայերեն և արամեերեն տապանաքարերի վրա գրություններով։
  • Սթոունը նշում է Հայոց ցեղասպանության ճանաչման (այդ թվում ՝ Իսրայելի) և փոխհատուցման տրամադրման անհրաժեշտությունը, քանի որ դա կարևոր հարց է ողջ մարդկության համար: Երուսաղեմի Հրեական համալսարանում պաշտոնապես նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

1933 - Յուրի Հայրապետյան (ծնվ. Երևան), դաշնակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977)
1929 - Վիլ Միրիմանով (ծնվ. Թբիլիսի, մ. 2004) արվեստաբան, աֆրիկագետ, արվեստաբանության դոկտոր
1927 - Ժիրայր Ավետիսյան (ծնվ. Էջմիածին, մ. 2011), կինոռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Հայտնի են նրա նկարահանած «Ձորի Միրո» (1979), «Ջրհորի մոտ» (1970), «Շրթներկ #4» (1964) կինոնկարները:
1910 - Մկրտիչ Տեր-Կարապետյան (ծնվ. Իզմիր, Թուրքիա, մ. 1982), կենսաքիմիկոս, պրոֆեսոր և Պիեռ և Մարի Կյուրի անվան Ֆրանսիայի պետական համալսարանի կենսաքիմիայի բաժնի ղեկավար (1972-1981)
1901 - Էրվանդ Սևորտյան (ծնվ. Յալթա, մ. 1978), լեզվաբան, թուրքագետ-կոմպարատիվիստ, էթիմոլոգ, մանկավարժ, գիտության կազմակերպիչ, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1972)
1816 - Մկրտիչ Պողոսյանց (ծնվ. Աստրախան, մ. 1888), քահանա

  • Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցիների գույքի կառավարման խորհրդի անդամ, գեներալ պ. Ս. Սուլթան-շահը բարձր է գնահատել առնվազն 40 տարի հայկական եկեղեցուն  նրա ծառայությունը։

1844 - Սեդրակ Մանդինյան, հայ մանկավարժ, դերասան (մ. 1915)