Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 24


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Անաստաս քահանայի, Վարոսի, Թեոդորիտի և նրա որդիների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Վարոսը հռոմեացի զինվոր էր, որ ծառայում էր Եգիպտոսում Մաքսիմինոս կայսեր օրոք: Երբ 7 մենակյացները ձերբակալվում և բանտարկվում են, նրանցից մեկը մեռնում է նույն գիշեր, և Վարոսը մեռնողի տեղն է գրավում, որպեսզի ինքն էլ մարտիրոսանա, ինչի համար դատավորը, զայրանալով, չարաչար տանջանքների ենթարկելով, սպանում է նրան:
  • Թեոդիտեն ու նրա որդիները նահատակվել են Դիոկղետիանոս կայսեր օրոք շուրջ 304թ.: Թեոդիտեն այրի բարեպաշտ կին էր, ով բնակվում էր Մակեդոնիայում իր երեք զավակների հետ, և նրանց դաստիարակել էր քիստոնեական ոգով: Հեթանոս ազնվականներից մեկը, սիրահարվելով նրան, ամուսնության առաջարկ է անում, սակայն մերժվում է: Այս բանի համար նրա աչքի առաջ զավակներին չարաչար տանջում են, սակայն նրանք քաջաբար դիմանում են և չեն ուրանում իրենց հավատը: Ի վերջո, բոլորին կրակն են նետում:
    Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-24, 2023-10-30, 2024-10-28, 2025-10-27, 2026-10-26, 2027-10-25, 2028-10-30, 2029-10-29, 2030-10-2

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2019 - «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ հանդիպում տեղի ունեցավ։

  • «Բազմաթիվ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիվ հարցականներ, որոնք պետք է երկար վերլուծել, հասկանալ, բայց Հոկտեմբերի 27-ի գլխավոր շահառուները՝ հակահեղափոխական ճամբարներից հանդես եկող ռևանշիստական ուժերի պարագլուխները պետք է միշտ հիշեն՝ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Հենրիկ Աբրահամյանի, Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի դաժան սպանությամբ Հայաստանի պետությանն ու պետականությանը այս ահաբեկչական սպանդի հետևանքով հասցված վնասը չի ներվելու և որևէ մեկն անպատիժ չի մնալու»,- ասել էր Հունանյանի հետ շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցած ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

2014 - Երկրորդ անգամ, ոչ իշխանական ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգություն» կուսակցությունն Ազատության հրապարակում կազմակերպել էին համապետական հանրահավաք` իշխանափոխության կոչերով:
1995 -  ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ժամանակ տեղի է ունենում նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանի և Հ. Ալիևի հանդիպումը:

  • 1995թ. ընթացքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվում էին հակամարտության հետևանքների վերացման, խաղաղ կարգավորման հետ կապված խնդիրները` ապագային թողնելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, տարածքների և այլ հարցերը:

1993 - Արցախյան զինված կազմավորումների մի քանի ուղղություններով սկսած հակահարձակումը պսակվեց նոր հաջողությամբ։

  • Հայկական ուժերը ճնշեցին Հորադիզի երկաթուղային հանգույցի կրակակետերը, որով, փաստորեն, Ադրբեջանից մեկուսացվել են Զանգելանը և Ջաբրայիլի ու Կուբաթլուի՝ դեռևս չվնասազերծված ռազմական հենակետերը։ 

1992 - ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունում՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան։

  • Փաստաթուղթն արգելելում էր ԱՄՆ կառավարությանը ֆինանսական ու մարդասիրական օգնություն տրամադրել Ադրբեջանին, քանի դեռ Բաքուն չի դադարեցրել ռազմական գործողություններն ու Հայաստանի շրջափակումը: Արգելանքը հանվեց մոտ տասը տարի անց միայն` սեպտեմբեր 11-ի ահաբեկչությունից հետո, ի նշան ահաբեկչության դեմ պայքարին Ադրբեջանի ցուցաբերած աջակցության:

1975 - ASALA. Փարիզում Թուրքիայի դեսպանատնից ոչ հեռու սպանվեցին Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Էրեզը և նրա վարորդ Թալիփ Էները։ 

  • Գործողության պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են Հայ Գաղտնի Բանակ «Գուրգեն Յանիկեան Զորախումբը» և «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ»-ը։

1973 - ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահությունը պարգևատրում է Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին։

  • «Կոմունիստական կուսակցությանն ու սովետական պետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան վաթսունամյակի կապակցությամբ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար ընկ. Անտոն Երվանդի Քոչինյանին պարգևատրել Լենինի շքանշանով»,- ասված էր հրամանագրում։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1947 - Ռուբեն Կարապետյան, հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ
1946 - Անդա Կալագուրեանու (ծնվ. Բուխարեստ, մ. 1992), դերասանուհի, թեթև և ժողովրդական երաժշտության կատարող 
1932 - Շալիկո Բադանյան (ծնվ. Ախալքալաք, Վրաստան, մ. 2003), քիմիկոս, բնական ցածր մոլեկուլային կենսակարգավորիչների սինթեզի մասնագետ
1929 - Սոս Սարգսյան (ծնվ. Ստեփանավան, մ. 2013), թատրոնի և կինոյի հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1972), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1972), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1985)
1925 - Լևոն Վարդան (Բեդիրյան), գրող և պատմաբան (1997)
1900 - Ամատունի Ամատունի, հայկական խորհրդային պետական և կուսակցական գործիչ
1888 - Լեռ Կամսար (Արամ Տեր-Թովմասյան, ծնվ. Վան, մ. 1965), հայ երգիծաբան գրող

  • Իր առաջին ֆելետոնները, որոնք հրապարակվել են հայրենի Վանի թերթերում, նա ստորագրել է մանկուց իր սիրած Կամսար անունով։ Մի անգամ երևելի քաղաքացիներից մեկը, հանդիպելով փողոցում, շնորհավորեց հերթական երգիծական պատմվածքի կապակցությամբ և, ուսին թոթվելով ասաց. «Դու Կամսար չես, չէ, դու մեծ Կամսար ես, Լեռ (ժայռ) Կամսար։ « Ահա այդպես էլ հայտնվեց նրա գրական կեղծանունը՝ Լեռ Կամսար։
  • 1921-1935 թվականներին Երևանում Լեռ Կամսարը տեղական թերթում երգիծական սյունակի հեղինակն է եղել: Հակախորհրդային գրականության համար ձերբակալվել և աքսորվել է:
  • Մահվանից առաջ նա հասցրել է ասել միայն. «Խնդրում եմ ձեզ ինձ թաղել դեմքով ներքև... այս կառավարությանը չտեսնելու համար։ Մի կասկածեք, մի օր ռեժիմը կփոխվի, և ես, նույնիսկ լրիվ քայքայված վիճակում շրջվելու եմ մեջքի»։

1872 - Գարեգին Լևոնյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1947), գրականագետ, արվեստաբան, նկարիչ, աշուղական պոեզիայի հետազոտող

  • Աշուղ Ջիվանու որդին։ Հայաստանի առաջին արվեստի վաստակավոր գործիչը (1932):

1864 - Հարություն Ճուղուրյան, արձակագիր
1841 - Ալեքսանդր Երիցյան, հայ գրող, պատմաբան և հայագետ (1902)
1817 - Վիլմոշ Լազար (Լազարյան ծնվ. Վելիկի Բեչկերեկ, Սերբիա, մ. 1849), գնդապետ, հունգարական հեղափոխության հերոս (1848-1849)

  • Ծնվել է հունգարահայ ազնվական ընտանիքում։
  • Մահապատժի է ենթարկվել 1848 թ. Հունգարական հեղափոխությանը մասնակցելու համար և համարվում է հեղափոխական բանակի («Արադի նահատակներ») 13 զորահրամանատարներից մեկը։

1558 - Շիմոն Զիմորովիչ (Շիմոն Շիմոնովիչ, ծնվ. Լվով, Լեհաստան, մ. 1629), լեհ բանաստեղծ, բանասեր և հայ մշակույթի գործիչ

  • Լեհաստանի խոշորագույն բանաստեղծներից է, լեհական գրականության ռեալիզմի հիմնադիրը: Իր լատինատառ պոեզիայով եվրոպական ճանաչում է ձեռք բերել, իսկ հայրենիքում ստացել է «լեհական Պինդարա» անունը։