Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 27


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Խորհրդարանի գնդակահարության զոհերի հիշատակի օրը 

  • Հայաստանի խորհրդարանի գնդակահարությունը 1999թ.հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի վրա իրականացված ահաբեկչական հարձակումն էր, որի արդյունքում սպանվեցին երկրի քաղաքական որոշումներ կայացնող երեք ղեկավարներից երկուսը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գահակալության տարեդարձը

  • Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվեց Հայ Առաքելական Եկեղեցու գերագույն ղեկավար 1999 թ. հոկտեմբերի 27-ին, երբ աշխարհի հայկական եկեղեցական իրավազորություններից 450-ից ավելի պատվիրակներ հավաքվել էին ազգային եկեղեցական ժողովում՝ Սուրբ Էջմիածնում: 

Սևերիանոս Սեբաստացու, Բաբելա Ծերունու և նրա ութսունչորս աշակերտների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Սևերիանոսը († 320) նշանավոր զորավար էր Փոքր Հայքի Սեբաստիայի արքունի բանակում, Լիկիանոս կայսեր օրոք: Երբ «Հայկական լեգեոն» կոչված գնդի 40 քրիստոնյա զինվորները բանտարկվում են, Սևերիոսն այցելում է նրանց և հոգածություն ցուցաբերում: Նրանց նահատակությունից հետո էլ շարունակում է պաշտպանել քրիստոնյաներին և քննադատել օրվա իշխանավորներին, որոնք անտեղի հալածում են անմեղ քրիստոնյաներին: Սակայն կրկին դատական ատյան է բերվում, անլուր չարչարանքների ենթարկվում` արժանանալով մարտիրոսության պսակի:
  • Բաբելա Ծերունին († 298) ուսուցիչ էր Նիկոմիդիայում, Մաքսիմինոս կայսեր օրոք, որտեղ քրիստոնյա մանուկներին Սուրբ Գիրք էր ուսուցանում: Հեթանոսները կայսրին հայտնում են, որ նա երեխաներին Սուրբ Գիրք և քրիստոնեական բարեպաշտություն է սովորեցնում: Կայսեր այն հարցին, թե` «Ինչո՞ւ ես երեխաներին օտար կրոն սովորեցնում և ոչ` մերը», ծերունին պատասխանում է. «Որովհետև ճշմարիտ հավատը քրիստոնեականն է»: Կայսեր հրահանգով ծերունին նետվում է բանտ և տանջանքների ենթարկվում: Նրանք փորձում են սիրաշահելով համոզել երեխաներին երկրպագել կուռքերին, սակայն ի պատասխան լսում են. «Մենք երբեք չենք երկրպագի անշունչ քարե արձանների»: Այս ամենից հետո ուսուցիչն աշակերտների հետ գլխատվում է:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-27, 2023-10-31, 2024-10-29, 2025-10-28, 2026-10-27, 2027-10-28, 2028-10-31, 2029-10-30, 2030-10-29։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2015 - Սահմանային լարվածությանը ականատես են դառնում Մինսկի խմբի միջնորդները. կրակոցներ են հնչում շփման գծի դիտարկման ժամանակ։

  • Տարածաշրջան կատարած այցի ընթացքում` Ղարաբաղի ղեկավարների հետ հանդիպումից հետո, Մինսկի խմբի համանախագահները որոշել էին դիտարկել իրավիճակը շփման գծում: Դիտարկման ավարտին գնդակոծություն էր սկսել. Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter֊ում պատմել էր` «Երբ մենք հատում էինք շփման գիծը, կրակահերթը ստիպեց ԵԱՀԿ-ի դիտորդներին պատսպարվել: Դա անընդունելի է»։ Ուորլիքը չէր հստակեցրել` որ կողմից են հնչել կրակոցները: Կողմերից յուրաքանչյուր պնդել էր`դիմացինն է մեղավոր:

2014 - Նախագահների տարվա երրրորդ հանդիպումը կայանում է Մինսկի խմբում նախագահող երրորդ երկրում` Ֆրանսիայում: Կողմերը, ըստ հրապարակային ելույթների, մեկ հարցի շուրջ են պայմանավորվում`հաջորդ հանդիպման, որը, սակայն, պետք է կայանար մեկ տարի անց միայն։

  • Դռնփակ բանակցություններից հետո կողմերը որևէ հայտարարություն չէին արել, ավելի ուշ արտգործնախարարներն էին որոշ մանրամասներ պատմել: Է. Նալբանդյանը նշել էր, որ կողմերը իրարամերժ դիրքորոշում ունեն միջնորդների առաջարկած`վստահության ամրապնդման միջոցառումների շուրջ: «...մեր համոզմամբ, այդ կարգի միջոցառումները կարող են լավ պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու համար , մինչդեռ Ադրբեջանի մոտեցումը մի փոքր այլ է։ Իրենք կարծում են, որ առաջընթացը կարող է պայմաններ ստեղծել վստահության ամրապնդման միջոցառումների համար»։
  • Ադրբեջանի արտգործնախարարը օրեր անց հաստատեց այս պնդումը. «Եթե հայկական զորքերը չլինեն մեր հողում, կվերանա նաև դիպուկահարների անհրաժեշտությունը, նշանակալից կնվազեն միջադեպերը, մենք խաղաղություն կկառուցենք ու կզարգացնենք տարածաշրջանը»,- Բաքվում ասել էր Է. Մամեդյարովը:

2010 - Աստրախան. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ևս մեկ համատեղ հռչակագիր են ընդունում։

  • Չնայած Կրեմլի ակտիվ միջնորդական ջանքերին` փաստաթղթի միակ նորությունը համաձայնությունն էր գերիների անհապաղ փոխանակման մասին:
  • Ըստ այդմ, արձանագրվում էր, որ «Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են որպես առաջին քայլ անհապաղ իրականացնել ռազմագերիների փոխանակում եւ զոհվածների մարմինների վերադարձ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմի խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ»:
  • Կարգավորման հարցում կողմերի տարաձայնությունների կամ դիրքորոշումների մերձեցման մասին որևէ հայտարարություն չարվեց:

2006 - «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը հավանություն տվեց «Հայռուսգազարդի» լրացուցիչ բաժնետոմսերի ձեռքբերման գործարքին, որի արդյունքում «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալում «Գազպրոմի» բաժնեմասը 45%-ից կհասներ 58%-ի։

  • «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով այն մտահոգություններին, որ Հայաստանի էներգետիկ ոլորտի 70-80 տոկոսը կուտակվում է մի երկրի ձեռքում, Իրան-Հայաստան գազատարն էլ է անցնում «Գազպրոմին», և Ռուսաստանը բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթն ունենալով՝ կարող է ցանկացած պահի փակել Հայաստան մտնող բոլոր գազախողովակները, հայտարարեց. «Սեփականատերերի ազգը, գույնը կապ չունի, եթե պետությունը արդյունավետ կառավարում է ուզում, պետք է օտարի»։

1999 - Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ահաբեկիչների խումբը խորհրդարանում գնդակահարում է ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին: 

  • Ահաբեկչական խումբը գերի էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։ Վիրավորված պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։
  • Գերի մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։
  • Ահաբեկչությունը իրականացրած ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման։ Բուն գործողությունը իրակացնողները 5-ն էին.
  • Այժմ ահաբեկիչները ցմահ ազատազրկում են կրում:

1999 - Տարածաշրջան է այցելում ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը`կարգավորման նոր առաջարկներով։

  • Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նախ հանդիպում է Ադրբեջանի իշխանությունների հետ, ապա` այցելում Երևան, Բաղրամյան 26֊ում բանակցում նախագահ Ռ. Քոչարյանի ու վարչապետ Վ. Սարգսյանի հետ: Այդ հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նաիրի Հունանյանի խումբը գրոհում է խորհրդարանի վրա`գնդակահարելով բարձրաստիճան 8 պաշտոնյաների, այդ թվում`վարչապետ Վ.Սարգսյանին ու Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին:
  • Ահաբեկչությունից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Բ. Քլինթոնը նամակ էր ուղարկել Ադրբեջանի առաջնորդին և կոչ արել ակտիվացնել ջանքերը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Ըստ դիվանագետների, Վաշինգտոնն ուզում էր, որ կողմերը ԵԱՀԿ֊ի` դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում արդեն համաձայնագիր ստորագրեին: Ընդ որում, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը այդ հնարավորությունը չէր բացառել, ամերիկացի դիվանագետն էլ Երևանի և Բաքվի հետ բանակցություններից հետո ծրագրել էր այցելել ղարաբաղյան խնդրով զբաղվող ու շահարգրգռված երկրներ` Թուրքիա, Ֆրանսիա, Ռուսաստան: Տարիներ անց Թալբոթը պատմել էր` «Քոչարյանի, Սարգսյանի և նախագահ Ալիևի հետ անձնական շփումներիցս ելնելով, կարող եմ ասել` նրանք, իրոք, շատ մոտ էին խաղաղությանը»:
  • Մի շարք պաշտոնյաներ, այդ թվում` Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը պնդում են` Քոչարյանն ու Ալիևն այդ ժամանակ քննարկում էին Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը:

1997 - Արձակագիր Հրանտ Մաթևոսյանը Գրողների միությունում ներկայացրեց իր ընկերոջը՝ Անդրեյ Բիտովին, իսկ Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը նրան հանձնում է Հայաստանի պատվավոր քաղաքացու կոչումը: 
1997 - ԱԺ պատգամավոր Արա Սահակյանը իշխանություններին առաջարկում է կերակրել սոված ժողովրդին և ոչ թե քննադատել նախկիններին: 

  • «Եթե մեղավոր լինեինք, վաղուց էիք ձեռքներս ոլորել ու տարել»,- նոր իշխանություններին ասում է պատգամավորը:

1981 - ASALA. Երկու պայթյուններ Փարիզի «Ռուասի» օդանավակայանի մեքենաների կայանատեղում և շարժասանդուղքի հարևանությամբ՝ պատճառելով նյութական վնասներ։ 

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Սեպտեմբեր-Ֆրանսա Կազմակերպություն»-ը ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

1963 - Երևանում հանդիսավորությամբ բացվեց Սայաթ-Նովա պողոտան։
1929 - Տեղի է ունենում ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ, լուսժողկոմ Ասքանազ Մռավյանի հուղարկավորությունը. հայտարարվել էր սգո օր:

  • Ասքանազ Մռավյանը հանկարծամահ էր եղել հոկտեմբերի 23-ին։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1975 - Անդրեյ Մովսեսյան, հայ ֆուտբոլիստ
1970 - Ալեն Բոգոսյան (ծնվ. Դինգ-լե-Բեն, Ֆրանսիա), ֆուտբոլիստ, կիսապաշտպան, 1998 թվականի աշխարհի չեմպիոն

  • Ալենը Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է հայկական արմատներով երկրորդ ֆուտբոլիստը, որը 1998թ.աշխարհի չեմպիոն է դարձել Յուրի Ջորկաեֆի հետ միասին:

1964 - Մերի Մեգեր (ծնվ. Լուիսվիլ, ԱՄՆ), ամերիկացի լողորդ, օլիմպիական եռակի չեմպիոն

  • 14 տարեկանում սահմանել է ազատ ոճի լողի ռեկորդներ։

1959 - Սուսան Հարությունյան, արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու

  • Հայրը նշանավոր քանդակագործ-մոնումենտալիստ Արա Հարությունյանն է։

1953 - Քաջիկ Օհանյան, սոցիոլոգ, սոցիալական տեխնոլոգիաների մասնագետ, գիտության և կրթության վաստակավոր գործիչ (ՌՀՄ) (2007)

  • Կ. Օհանյանի գիտական և այլ ձեռքբերումների մասին տեղեկություններ կան «Ռուսաստանի ականավոր գործիչներ» կենսագրական հանրագիտարանում։

1952 - Իվան Դիվանյան (ծնվ. Գուրիև, Ղազախստան), բալետի արտիստ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1976)
1944 - Վիտալի Գաբրիելյան, շաշիստ, միջազգային գրոսմայստեր, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ռուսական շաշկու ԽՍՀՄ չեմպիոն (1966, 1969, 1973, 1977), ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող (1987), Բրազիլիայի չեմպիոն (Բրազիլական շաշկու)

  • Մարիա Գորկայում անցկացվում է Վիտալի Գաբրիելյանի մրցանակի «Լիստոպադ» շաշկու միջազգային ավանդական մրցաշարը:

1924 - Սերիկա Շեկոյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1915), Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ (1962), Վրաստանի ժողովրդական արտիստ (1983)
1914 - Գեորգի Խոլոպով (մ. 1990), հայկական ծագմամբ ռուս գրող 
1904 - Բորիս Աստաուրով (Բորիս Աստաուրյան, ծնվ. Մոսկվա, մ. 1974) կենսաբան, ցիտոգենետիկ, էմբրիոլոգ-փորձարար
1899 - Արտեմի Հարությունյան (ծնվ. Նախիջևան, մ. 1978), դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1966)
1899 - Աստղիկ Աղասյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1992), ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)
1881 - Խաչատուր Քանայան (մ. 1976), լեզվաբան