Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 4


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Թեկղի, Վառվառա և Պեղագեա սուրբ կույսերի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Թեկղին (Ա դար) ծնունդով Իկոնիայից է և շատերին քրիստոնեական հավատի բերելու համար կոչվել է «առաքելահավասար»: Նա 18 տարեկանում լսել էր Ս. Պողոս առաքյալի քարոզը, դարձի եկել: Որոշել էր չամուսնանալ և իր կյանքը նվիրաբերել Քրիստոսի խոսքը քարոզելուն: Թեկղիի մայրը, զայրանալով աղջկա որոշման վրա, գանահարել և ցանկացել է այրել նրան: Սակայն հորդառատ անձրևը թույլ չի տվել, որ կրակը բորբոքվի: Կույսը մեկնել է Պիսիդյան Անտիոք, որտեղ կրկին հարազատների պահանջով, նետվել է վայրի գազանների առաջ, որոնք չեն վնասել նրան: Ի վերջո նա Կիլիկիայի Սելևկիա քաղաքի մերձակայքի մենաստանում առանձնացել է, նվիրվել  Ավետարանի քարոզչությանը, հիվանդներ բժշկել և խնամել, ապրել է  90 տարի:
  • Ս. Վառվառան (†շուրջ 306) նահատակվել է Մաքսիմիանոս կայսեր օրոք, Փյունիկյան Իլիոպոլիս քաղաքում: Նա լսելով իր հայրենի քաղաքի քրիստոնյաների քարոզը, այնտեղ էլ մկրտվել է: Վառվառան կարգադրել է իրենց նորոգվող տան պատուհաններից մեկը խաչաձև սարքել, որի համար Վառվառայի հեթանոս հայրը չարչարանքների է մատնել նրան: Ս. կույսը երկարատև տնային բանտարկությունից հետո էլ չի ուրացել իր հավատը և դատարանի որոշմամբ գլխատվել է հոր կողմից: Քիչ ժամանակ անց դաժան դատավորն ու կույսի հայրը այրվել են կայծակից:
  • Ս. Պեղագեա Տարսոնացին (†290) մեծահարուստ և ազնվական ընտանիքի զավակ էր, Դիոկղետիանոս կայսեր ժամանակակիցը: Նա մկրտվել է և իր թանկարժեք զգեստները վաճառելով` գումարը բաժանել է աղքատներին և կարիքավորներին: Կույսը մերժել է դառնալ Դիոկղետիանոս կայսեր որդեգրի կինը: Պեղագեան իբրև քրիստոնյա հանձնվել է կայսերական դատարանին, չարչարվել, և հավատը չուրանալու համար այրվել է հրաշեկ հնոցում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-04, 2023-10-10, 2024-10-08, 2025-10-07, 2026-10-06, 2027-10-05, 2028-10-10, 2029-10-09, 2030-10-08։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2020 - Արցախյան 2-րդ պատերազմ. ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ՝ քրոնիկոն։
1995 - Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը հանդիպում է Ադրբեջանի առաջնորդ Հ. Ալիևին:

  • Ըստ նախագահի խոսնակ Լ. Զուրաբյանի,Հայաստանի նախագահը վստահություն էր հայտնել, որ հրադադարի պահպանումը առաջնային է մնում երեք կողմերի` Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի համար:
  • Պատասխանելով «Ազատության» հարցին` ինչու է հրադադարի պահպանումն այդքան կարևորվում, կա՞ արդյոք ռազմական գործողությունների վերսկսման վտանգ, Զուրաբյանն ասել էր` «Հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ մինչ օրս հրադադարը պահպանվում է միայն կողմերի բարի կամքի շնորհիվ, և որևէ այլ, հավելյալ երաշխիք չկա: Քանի որ բանակցություններն արդյունավետ չեն, կողմերի մոտ ցանկացած պահի կարող է պատերազմը վերսկսելու գայթակղություն ծագել»:

1992 - Արցախյան պատերազմ. Երկօրյա արյունահեղ մարտերի ընթացքում, չնայած երկուստեք ծանր կորուստներին, լիովին ձախողվեց հյուսիսից հասցված զանգվածային հարվածի օգնությամբ Լաչինի միջանցքը գրավելու ադրբեջանցիների փորձը:
1980 - ASALA. Մադրիդում գտնվող իտալական «Ալ Իտալիա» օդանավային ընկերության գրասենյակի առջև։

  • Վիրավորվում է 12 հոգի։ Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակի «Եվրոպայի տարածքում գործող հայկական ուժերին պատկանող 21 խմբակ»-ը։
  • Գործողությունը կատարված է ի պատասխան Միջին Արևելքի հայությանը դեպի ԱՄՆ արտագաղթի մղող ԱՆՉԱ կազմակերպության գործունեության։
  • Մինչ այդ ԱՍԱԼԱ-ն պահանջել էր իտալական կառավարությունից փակել ԱՆՉԱ-ն, սակայն պահանջն անտեսվել էր։

1979 - ASALA. Պայթյուն Կոպենհագենի «Թրքիշ Էյրլայնս» ընկերության գրասենյակի առջև, որի արդյունքում երկու տեղացիներ թեթև վիրավորվում են։

  • Հայ Գաղտնի Բանակի «Նահատակ Հարություն Սասունեան Քոմանտօ»-ն ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Բյուրակն Հախվերդյան (ծնվ. Լեյդեն), ջրագնդակ մարզաձևի մարզուհի, Պեկինի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն

  • Ծնվել է հոլանդական Լեյդեն փոքրիկ քաղաքում՝ Իրանից գաղթած հայերի ընտանիքում։

1981 - Արմեն Տատինցյան, հայ ֆուտբոլիստ, Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի պաշտպան
1969 - Ելենա Հակոբյան (ծնվ. Ենակիևո, Ուկրաինա), լողի ամառային պարալիմպիկ խաղերի չեմպիոն և բազմակի մրցանակակիր, դահուկավազքի և բիաթլոնի ձմեռային Պարալիմպիկ խաղերի կրկնակի մրցանակակիր, Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ: 

  • Պարգևատրվել է «Ծառայությունների համար» I, II և II աստիճանի և Օլգա իշխանուհու II և IIІ աստիճանի շքանշաններով։

1952 - Մուրադ Հովակիմյան, նկարիչ-մոնումենտալիստ, մանկավարժ, սցենարիստ, քանդակագործ, խաչքարերի հեղինակ
1947 - Արմեն Տեր-Կյուրեղյան (ծնվ. Սպաան, Իրան), ճարտարապետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի տա համահիմնադիր (1991), ճարտարապետական ֆակուլտետի հիմնադիր և դեկան, ճարտարապետական հետազոտությունների կենտրոնի տնօրեն (1991-ից)
1939 - Հենրիկ Աբրահամյան (մ. 1999), պետական գործիչ

  • Զոհվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։

1939 - Ռոբերտ Բաբայանց (մ. 2011), Ուկրաինայի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար

  • Այս վաստակը բարձր է գնահատել սամբոյի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ նրան հանձնելով Ուկրաինայում միակ՝ «Աշխարհում սամբոյի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար» շքանշանը:

1921 - Ալեքսանդր Քեմուրջյան (մ. 2003) հայ ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար, մարսագնացի նախագծի հեղինակներից 

  • 1997 թ. Միջազգային աստղագիտական միության որոշմամբ Արեգակնային համակարգի № 5993 փոքր մոլորակն անվանվեց «Քեմուրջիան»:

1881 - Լև Թումանով (ծնվ. Սանկտ Պետերբուրգ, միտք. 1948), գեներալ-մայոր, իշխան

  • Ծնվել է հին հայկական իշխանական տոհմից, որը սկիզբ է առնում Մամիկոնյան հին հայկական իշխանությունից։
  • 1917 թ. նոյեմբերին Թիֆլիսում մասնակցել է հայկական ռազմական խորհրդի գործադիր կոմիտեի նիստերին: Նա ղեկավարել է Մակինսկի հետևակային գնդի առանձին Հայկական կորպուսի գումարտակը։ 1918 թվականի մարտի 31-ին Հայաստանի Հանրապետության ռազմական նախարարության կողմից նշանակվել է Հայկական հրետանային դիվիզիոնի հրամանատար:
  • Ընտանիքի հետ արտագաղթել է Հարավսլավիա, ապա՝ Փարիզ, 1928-ին՝ ԱՄՆ։ ԱՄՆ-ում նախկին ռուս ծովային սպաների միության անդամ էր:

1865 - Ստեփան Լիսիցիան (ծնվ. Թբիլիսի, մ. 1947), ազգագրագետ, պատմաբան, բանասեր, հրատարակիչ, հասարակական գործիչ, Հայկական աշխարհագրական ընկերության հիմնադիրն ուառաջին նախագահը

  • Դասավանդել է Ներսիսյան ճեմարանում։ Տիրապետում էր 12 լեզուների:
  • Ս. Լիսիցիանը Կ. Մարքսի առաջին հայ հրատարակիչն է Անդրկովկասում։
  • Նրա անունը շնորհվել է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրական բաժնին և Երևանի թիվ 34 միջնակարգ դպրոցին:
  • Երևանի համալսարանում հիմնադրվել է նրա անվան չորս կրթաթոշակներ։