Պատմության հայկական օրը. նոյեմբերի 1


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Ակիփսիմոս եպիսոկոպոսը, Հովսեփ քահանան և Այիթալա սարկավագը նահատակվել են Դ դարում: Ս. Ակիփսիմոսն ազգությամբ պարսիկ էր: Նա Հովսեփ քահանայի և իր Այիթալա սարկավագի հետ ձերբակալվում է Շապուհ Բ արքայի` քրիստոնյաների դեմ կիրառած հալածանքների ժամանակ: Նրանց տանում են Արբելա քաղաքը արևի գերագույն քուրմ Արդախի մոտ դատվելու համար, սակայն նրանք հրաժարվում են երկրպագել արեգակին և կրակին: Նրանց նետում են մի մութ գուբ, ուր մնում են երեք տարի: Այնուհետև սրբերին ուղարկում են Մեդիա` հանձնելով Շապուհ արքայի դատին, ուր և Քրիստոսի սուրբ վկաներն ընդունում են նահատակության անթառամ պսակը: Ըստ վարքագրական աղբյուրների` Ս. Ակիփսիմոսը գլխատվում է, իսկ Հովսեփն ու Այիթալան` քարկոծվում:
  • Ս. Պղատոնը ծնվել է Անկյուրիայում՝քրիստոնյա բարեպաշտ ընտանիքում: Դեռ մանկուց սնվել և դաստիարակվել է Ս. Ավետարանի պատվիրաններով: Վաղ տարիքից զրկվելով ծնողներից` նա վաճառում է իրեն բաժին ընկած ողջ ունեցվածքը աղքատներին և կարիքավորներին` նվիրվելով հեթանոսներին դարձի բերելու և Աստծո խոսքի տարածման առաքելությանը: Քրիստոնյա լինելու պատճառով ձերբակալվում է և անասելի տանջանքների մատնվում: Դատավորը ոչ մի կերպ չի կարողանում նրան ետ պահել քրիստոնեությունից և հրամայում է, որ սրբին գլխատեն: Ս. Պղատոնը նահատակվել է 4-րդ դարի առաջին քառորդում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-01, 2023-11-07, 2024-11-05, 2025-11-04, 2026-11-03, 2027-11-02, 2028-11-06, 2029-11-05, 2030-11-05։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
1999 - Ազգային անվտանգության նախարարի պաշտոնից հրաժարական է տալիս Սերժ Սարգսյանը։
1997 -
Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում է  «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» ծավալուն հոդվածը, որից երեք ամիս անց «հայտնի ուժերի ճնշման տակ» հրաժարական է տալիս` ղարաբաղյան խնդրի շուրջ խորացող տարաձայնությունների պատճառով։

  • Հոդվածում առաջին նախագահը անդրադառնում է պնդումներին, թե Հայաստանն իբր ճնշումներ է բանեցնում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վրա։ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. Հայաստանը միայն մեկ անգամ է ճնշում բանեցրել Ղարաբաղի վրա՝ 1993 թվականին նրան համոզելով մասնակցել Մինսկի խմբի բանակցություններին, եւ այդ մասնակցությունը իրեն լիովին արդարացրել է»,֊ գրել էր Լևոն Տեր֊Պետրոսյանն ընդգծելով, որ Ղարաբաղի անունից որոշումներ է ընդունում միայն նրա ղեկավարությունը՝ բնականաբար կրելով դրա պատասխանատվությունը ոչ միայն Ղարաբաղի բնակչության, այլեւ ողջ հայ ժողովրդի առջև։
  • Հայաստանի անկախությունից հետո առայսօր դա ղարաբաղյան կարգավորման շուրջ գրված ծանրակշիռ, բայց նաև հակասական գնահատականների ու խիստ քննադատության արժանացած վերլուծություններից է:
  • Հայաստանի առաջնորդը փորձեց մամուլում հրապարակային լուրջ բանավեճ ծավալել հայ ժողովրդի առջև կանգնած ամենակնճռոտ խնդրի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների շուրջ:
  • Տեր-Պետրոսյանը հռետորական հարց տվեց` հակամարտությունը պետք է լուծվի պատերազմի՞, թե՞ բանակցությունների միջոցով, հնարավո՞ր է արդյոք հավերժ կամ թեկուզ երկար ժամանակով պահպանել ստատուս-քվոն, Ղարաբաղին և Հայաստանին ձեռնտու է հարցի կարգավորվա՞ծ, թե՞ չկարգավորված վիճակը, հարցը պետք է լուծվի փոխզիջումո՞վ, թե՞ կողմերից մեկի պարտությամբ, և այդ դեպքում ո՞վ է լինելու պարտվող կողմը:
  • Հայաստանի նախագահի տեսակետը միանշանակ էր. «Հարցը պետք է լուծվի միայն ու միայն խաղաղ բանակցությունների միջոցով, ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետև դա թույլ չեն տա ո'չ միջազգային հանրությունը, ո'չ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները, Ղարաբաղին և Հայաստանին ձեռնտու չէ հարցի չկարգավորված վիճակը, որովհետև դա զգալիորեն խոչընդոտում է Հայաստանի, հետևաբար, նաև Ղարաբաղի տնտեսական զարգացմանը»:
  • «Առաջին թյուրիմացությունը, եթե կուզեք՝ վտանգավոր մոլորությունն այն է, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է, որին կարելի է հեշտությամբ ծնկի բերել։ Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել։ Չհասկանալ այս պարզ իրողությունը, կնշանակի մեր ժողովրդին մատնել դաժան փորձությունների»։

1993 - Արցախյան 1-ին պատերազմ. Ավարտին հասցվեց հակառակորդի Հորադիզ-Կուբաթլու-Զանգելանի զորախմբի ջախջախման ռազմագործողությունը։

  • Հայկական ուժերը վերահսկողություն հաստատեցին Զանգելան շրջկենտրոնի և ռազմական հենակետերի վերածված մոտակա բնակավայրերի նկատմամբ։

1967 - Ստեփանակերտի մուտքի մոտ կանգնեցվեց Արցախի խորհրդանիշը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, որը հայտնի է նաև որպես «Պապիկ և տատիկ»:

  • Դրանում կարևոր սիմվոլիկա է դրված։ «Պապիկն ու տատիկը» գտնվում են երկրի պարանոցին, այսինքն՝ նրանք ու նրանց նախնիները հազարամյակներ ապրել են այս հողի վրա և արմատներով խորն են գնում։ Հուշարձանը խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի միջև արյունալի կապը։ 
  • 9 մետրանոց այս խոշոր հուշարձանի հեղինակը Արցախի Բանազուր գյուղի բնակիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է։

1919 - ՀՀ վարչապետ Ալեքսանտր Խատիսեանը ժամանեց Արտահան։

Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է

  • Անկախ Հայաստանի առաջին և վերջին ղեկավարի այցն էր Կարսի նահանգ։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1950 - Կարպ Փաշինյան (ծնվ. Կիսլովոդսկ), լուսանկարիչ, լուսանկարչական արվեստի պատմաբան
1937 - Բորիս Ղազարյան, ակրոբատ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ակրոբատիկայի ԽՍՀՄ չեմպիոն (1956)
1934 - Նազարեթ Թովմասյան (ծնվ. Բջնի, Հայաստան, խելք. 2010), մաթեմատիկոս, գիտության վաստակավոր գործիչ (2003)
1923 - Սերգեյ Միքայելյան (ծնվ. Մոսկվա, մ. 2016), թատրոնի և կինոյի ռեժիսոր, սցենարիստ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ
1918 - Արշակ Շահինյան (ծնվ. Երևան, մ. 2004) ականավոր հայ քանդակագործ, մանկավարժ, պրոֆեսոր, ԽՍՀՄ և ՀԽՍՀ նկարիչների միության անդամ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
1913 - Լյութեր Էսքիջյան (Էքիզ-Օլուխ, մ. 2007) հայ ճարտարապետ, բարերար, Լոս Անջելեսում գտնվող Արարատ-Էսքիջյան թանգարանի հիմնադիրը

  • Հովհաննես Էսքիջյանի կյանքի և գործունեության մասին է պատմում գերմանացի պատմաբան Հիլմար Քայզերի «Դեր Զորի խաչմերուկի վրա. մահ, վերապրում և ընդհատակյա մարդասիրական դիմադրություն Հալեպում, 1915-1917 թթ.» անգլերեն աշխատությունը, որը հեղինակը գրել է Լյութեր Էսքիջյանի և նրա դստեր՝ Նենսիի համագործակցությամբ։ 
  • Լյութեր Էսքիջյանը զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ ամերիկյան ճարտարապետական և շինարարական մեծ ընկերություններում, ունեցել հասարակական եռանդուն գործունեություն ամերիկյան և հայկական շրջանակներում։ Նրա նախագծերով ամերիկյան զանազան քաղաքներում կառուցվել են տասնյակ փոքր եկեղեցիներ՝ հայկական, անգլիկան և աֆրոամերիկյան։ Եղել է նաև Հայկական Աստվածաշնչյան քոլեջի (այժմ՝ Էմանուել Աստվածաշնչյան քոլեջ) հոգաբարձուների խորհրդի նախագահը։

1911 - Անրի Թրուայա (Լեոն Տարասով, Լևոն Թորոսյան, մ. 2007), ֆրանսահայ գրող, կենսագիր և պատմաբան

  • Տարասովների տոհմը սերում էր չերկեսոգայներից, այսինքն՝ չերքեզահայերից (լեռնահայերից), որոնք Կովկասյան լեռներում ապրում էին չերքեզ ցեղերի հետ սերտ բարեկամության մեջ։ Թրուայի խոսքով՝ ցարական պաշտոնյաները, ռուսաֆիկացնելով Թորոսի անունը, նրան Տարասովի են վերածել։

1908 - Կարապետ Ավագյան (ծնվ. Վառնա, Ռումինիա, մ. 1967), ռումինահայ ջութակահար, երաժշտական մանկավարժ և արվեստի կոլեկցիոներ
1899 - Արմեն Գուլակյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1960), հայ խորհրդային ռեժիսոր, դրամատուրգ, դերասան և թատերական գործիչ, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1940)
1871 - Ալեքսանդր Սպենդիարյան (ծնվ. Կախովկա, մ. 1928), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, հասարակական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926)

  • 1916 թ. Թիֆլիսում ծանոթացել է Հ. Թումանյանի հետ, ով առաջարկել է ձեռնամուխ լինել իր «Տմուկ ամրոցի գրավումը» պոեմի օպերային մշակմանը, որի գլխավոր հերոսուհին իր ժողովրդի կին դավաճան Ալմաստն էր: Այսպես ծնվեց «Ալմաստ» օպերան։
  • 1924-ին տեղափոխվում է Երևան և իր ողջ տաղանդը նվիրում հայ ժողովրդին, ստեղծում սիմֆոնիկ նվագախումբ, դասավանդում կոնսերվատորիայում։
  • Սպենդիարյանի անունով կոչվում է Երևանի օպերային թատրոնը, որի առջև կանգնեցվել է կոմպոզիտորի արձանը։