Պատմության հայկական օրը. նոյեմբերի 3


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ

Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Մետրոփանոս Հայրապետը Պրոբիոս կայսեր որդին էր: Ձեռնադրվել է Բյուզանդիոնի Տիտոս եպիսկոպոսի կողմից` որպես եպիսկոպոս հաջորդելով նրան: Նա մեծ հավատ և բարի համբավ ունեցող Հայրապետ է եղել, որն իր հեղինակությամբ կարողացել է ազդել անգամ Կոստանդիանոս Մեծի վրա, որպեսզի նորակառույց մայրաքաղաքը լիներ Բյուզանդիոնի տեղում: Նույն կայսեր կողմից դարձել է Կ. Պոլսի առաջին եպիսկոպոսը: Ծերացած լինելու պատճառով նա չի կարողացել մասնակցել 325 թվականին Նիկիայի առաջին Տիեզերաժողովին` իր փոխարեն ուղարկելով Աղեքսանդրին, որը հետագայում հաջորդեց նրան: Վախճանվել է խաղաղ մահով 326 թվականին:
  • Ս. Աղեքսանդրոս Հայրապետը հաջորդել է Մետրոփանոս Հայրապետին: Ավանդության համաձայն` նա եպիսկոպոս է ձեռնադրվել Նիկիայի Տիեզերաժողովի մասնակից Հայրապետների կողմից, երբ նրանք կայսեր հրավերով եկել էին մասնակցելու իր նախորդի հուղարկավորությանը: Ս. Աղեքսանդրը մասնակցել է Քրիստոսի Եկեղեցու առաջին Տիեզերաժողովին: Եղել է առատաձեռն, պերճախոս, արդար և աներեր հավատ ունեցող Հայրապետ, որն իր ողջ գիտակցական կյանքում պայքար է մղել արիոսականության և հեթանոս իմաստասերների դեմ: Եկեղեցական ավանդությունը վկայում է, որ նրա և Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի աղոթքների շնորհիվ Արիոսը չարաչար մահով մահացել է: Ս. Աղեքսանդր Հայրապետը վախճանվել է 326 թվականին  (որոշ աղբյուրների համաձայն` 337 թվականին):
  • Ս. Պողոս Խոստովանող Հայրապետը ծնվել է Սելանիկում` լինելով բարեպաշտ, աստվածավախ և Ս. Գրքին հմուտ մի մարդ: Նա հաջորդել է Կ. Պոլսի Աղեքսանդր Հայրապետին: Կոստանցիոս կայսեր կողմից աքսորվել է Պոնտոս արիոսականների դեմ ունեցած խիստ կեցվածքի համար: Նա կրկին Կ. Պոլիս է վերադարձել 338 թվականին: Բացի սրանից Հայրապետին վիճակված էր ևս երեք անգամ գտնվել աքսորում: Վերջին անգամ աքսորն անցկացրել է Հայոց աշխարհի Կոկիսոն քաղաքում, ուր և նահատակվել է արիսոսականների կողմից: Վերջիններս նրան խեղդել են Ս. Պատարագի ժամանակ 350 թվականին:
  • Մարկիանոսը և Մարտիրոնն ավագ դպիրներ էին, որոնք միաժամանակ որպես նոտարներ ծառայում էին Կ. Պոլսի Պատրիարքարանում` օգնելով ժամանակի Պողոս Խոստովանող Հայրապետին: Երբ լսում են վերջինիս մահվան լուրը, նրանք ամբողջ ժողովրդի մեջ տարածում են, որ ուղղափառ հավատի ջերմեռանդ պաշտպան Պողոս Հայրապետի մահվան պատճառն արիոսականներն են: Նրանց լռեցնելու համար քաղաքի արիոսական եպարքոսը գլխատել է տալիս 350 թվականին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-03, 2024-11-07, 2025-11-06, 2026-11-05, 2027-11-04, 2028-11-07, 2029-11-06, 2030-11-07։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
1999 - Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ՀՀ վարչապետ է նշանակվում հոկտեմբերի 27-ին սպանված Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արամ Սարգսյանը: 

  • Նրա թեկնածությունն առաջարկել են «Միասնություն» խմբակցությունն ու «Կայունություն» խումբը:

1998 - Վանո Սիրադեղյանը «Երկրապահ» պատգամավորական խմբին խորհուրդ է տալիս քվեարկել Ընտրական օրենսգրքի այն նախագծի օգտին, որտեղ մեծամասնական ընտրակարգը կրճատվում է, քանի որ հակառակ դեպքում երկրապահները պատգամավոր չեն դառնա, վերջին երեք ընտրություններում բանակը քվեարկել է ընդդիմության օգտին:

  • Շրջանառության մեջ է օրենսգրքի երկու տարբերակ, երկուսի մասին էլ պատգամավորների մեծ մասը համոզված է, որ չեն ապահովի ազատ եւ արդար ընտրություններ, ընդդիմությունը Վանո Սիրադեղյանի նշած տարբերակի կողմն է։

1998 - Առևտրի և արդյունաբերության նախարարության հրավերով Հայաստան է ժամանում ռուսական «Ճանապարհորդների ակումբ» հանրահայտ հաղորդման հեղինակ Յուրի Սենկևիչը: 
1997 - Առաջին անգամ պատգամավորի կարգավիճակով խորհրդարան եկավ Վանո Սիրադեղյանը:
1997 - Կյանքի 48-րդ տարում մահացավ Հանրապետական կուսակցության հիմնադիր, պատգամավոր Աշոտ Նավասարդյանը: 
1993 - Ռուսաստանի արտգործնախարար Կոզիրևը իրար հաջորդող հեռախոսազրույցներ է ունենում Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի առաջնորդների հետ։

  • Հեռակա զրույցի ընթացքում, ըստ Ռուսաստանի դեսպան Վ.Կազիմիրովի, Ադրբեջանի նախագահը ուշագրավ հայտարարություն է անում, որից հետագայում անընդհատ փորձում է հրաժարվել: «Ալիևը պնդում էր` ինքը համաձայնել է հանդիպել Ղարաբաղի առաջնորդների հետ, և հիմա վերջիններս փորձում են իրենց պահանջները թելադրել: «Քոչարյանը պնդում է, որ մենք Ղարաբաղը ճանաչենք որպես լեգիտիմ կողմ: Ես ընդունում եմ, որ նրանք հակամարտության կողմ են, բայց`ոչ ավելին»,֊պատմել է Կազիմիրովը իր «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում։

1981 - ASALA. Պայթյուն Մադրիդում շվեյցարական «Սուիս-Էյր» ընկերության գրասենյակի առջև, կա երեք վիրավոր, նյութական վնասներ։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «9 Հունիս Կազմակերպությունն» ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

1972 - Երևանում բացվում է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը։
1920 - Հայաստան կառավարությունը (վարչապետ Համո Օհանջանյան) հատուկ գրությամբ դիմում ուղարկեց Անգորայի [Անկարա] կառավարությանը՝ առաջարկելով բանակցություններ սկսել և վերջնական հաշտություն կնքել Տաջկաստանի [Թուրքիա] և Հայաստանի միջև: 

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1978 - Սերգեյ Մովսիսյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր, 40-րդ շախմատային օլիմպիադայի և աշխարհի 8-րդ թիմային առաջնության հաղթող Հայաստանի թիմի կազմում

  • Տիրապետում է ինը լեզուների։

1977 - Սկաուտ Թուֆանկջյան, ամերիկահայ ֆոտոլրագրող
1972 - Արթուր Կարապետյան, նկարիչ, ալպինիստ
1966 - Ծովինար Ղևոնյան, ֆրանսիացի պատմաբան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Փարիզի համալսարանի դասախոս

  • Եղել է Փարիզի համալսարանի հայ ուսանողների տան տնօրենը (2001-2006 թթ.):

1936 - Նիկոլայ Սամվելյան (Նիկոլայ Լեսին, ծնվ. Ենակիևո, մ. 1992), գրող, պատմական ժանրի վարպետ, Եվրոպայի ոսկե լեգեոնի խորհրդի անդամ

  • Լեսինը Նիկոլայի ազգանունն անձնագրով է՝ հոր ազգանունը: Կեղծանունը հենց Սամվելյան ազգանունն է, որն իր մոր հորեղբոր՝ Սամվել Մադոնյանի պատվին է վերցվել, երբ առաջին անգամ գրական Հայաստանում տպագրվել է արա ստեղծագործությունը։

1912 - Լևոն Բաբայան (մ. 1995), Հայաստանի վաստակավոր ճարտարապետ
1904 - Գաբրիել Գաբրիելով (Կապրիել Սարկիզ Կապրիելով, ծնվ. Վառնա, մ. 1978), ռազմական հետախուզության աշխատակից, գեներալ-մայոր, Խորհրդային Միության հերոս

  • Նրա ձեռք բերած տեղեկատվության շնորհիվ կանխվել է Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձը։
  • Նա եղել է Բուլղարիայի հայերի «Երեւան» կրթա-մշակութային կազմակերպության հիմնադիրներից և անփոփոխ նախագահը, որը ստեղծվել է իր նախաձեռնությամբ 1944 թվականին։ Փաստացի եղել է Բուլղարիայում հայկական սփյուռքի ղեկավարը:

1831 - Հարություն Սվաճյան (մ. 1874), հայ հրապարակախոս, գրականագետ և թատերական քննադատ

  • Ազգային մշակույթի առաջադեմ գործիչ: Նպաստել է 1861-ին Կոստանդնուպոլսում (Ստամբուլ) հայ պրոֆեսիոնալ թատրոնի կազմակերպմանը ։ Մ. Նալբանդյանի Զինակիցը.

ԳՈՎԱԶԴ

биржа трафика