Պատմության հայկական օրը. նոյեմբերի 8

 Հայեր  08/11/2021   11:00    30  
Պատմության հայկական օրը. նոյեմբերի 8

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Անտիոքի Ս. Մելիտոս Հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Մելիտոս եպիսկոպոսը († 381) ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում: 358 թվականին դառնում է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը, իսկ 360 թվականին ընտրվում՝ Անտիոքի Աթոռի գահակալ:
  • Նա, լինելով վարքով սրբակենցաղ, վարվեցողությամբ` քաղցրաբարո, աստվածպաշտության մեջ` անկեղծ, միաժամանակ խուսափում էր ժամանակի աստվածաբանական վիճաբանություններից: Եվ ժողովուրդն ակնկալում էր, որ նրան կհաջողվեր խաղաղություն հաստատել կրոնական վեճերի պատճառով պառակտված Անտիոք քաղաքում: Արդարև, նա ի զորու է լինում սիրաշահել այս անհանդարտ քաղաքի բնակչությանը, հեռու մնալով աստվածաբանական վիճելի խնդիրների արծարծումից, բավականանում է միայն բարոյական ու գործնական քարոզներով, աշխատում է աստիճանաբար բարեկարգել որոշ անկարգություններ:
  • Սակայն Կոստանդիոս արիոսական կայսեր կազմակերպած Անտիոքի ժողովում, որի նպատակն էր երևան հանել Մելիտոսի վարդապետական համոզումները, բացահայտում է իր ուղղափառ լինելը: Արիոսականների սադրանքով երիցս դատապարտվում է աքսորի:
  • Ս. Մելիտոս եպիսկոպոսի գրչին է պատկանում «Հավատքի շարադրում» աստվածաբանական երկը, որն օգնել է բազում մոլորվածների վերադառնալու ճշմարիտ հավատի: Սուրբը մասնակցել է 381 թվականին Կ. Պոլսի Բ Տիեզերաժողովին` նախագահելով այն, սակայն տակավին ժողովը չավարտված` վախճանվել է: 
  • Մինասը († 304) ազգությամբ եգիպտացի սպա էր հռոմեական բանակում: Տեսնելով շրջապատի, աշխարհի մեջ տիրող անարդարությունն ու չարությունը` որոշում է նվիրվել ճգնավորական կյանքի` հաստատվելով Փռյուգիայի լեռներում:
  • Հեթանոսական տոներից մեկի ժամանակ իջնելով ժողովրդի մեջ` պախարակում է հեթանոսական կուռքերին` քարոզելով քրիստոնեական հավատը: Դրա համար էլ կտտանքների ենթարկվելով` գլխատվում է: Մինաս մարտիրոսի նահատակության վայրը սրբատեղի է համարվում, իսկ նրա կերպարը հանրահայտ է դառնում հատկապես միջին դարերում` միշտ պատկերված ուղտի վրա: Ազգությամբ պարսիկ Մելիտոսը քրիստոնյա զորական էր պարսկական բանակում: Ապա հրաժարվելով զինվորական ծառայությունից` նա նվիրվում է հոգևոր կյանքին` ձեռնադրվելով Բիթրազան քաղաքի եպիսկոպոս: Բազմիցս հալածվում է կռապաշտների կողմից, սակայն շարունակում է անդադրում ավետարանչական գործունեություն ծավալել` մինչև իսկ հասնելով Պարսից մայրաքաղաք Տիզբոն: Այստեղ էլ հրաժարվելով երկրպագել արեգակին` նահատակվում է պարսից Շապուհ (331-378) արքայի օրոք: Նրա հետ մարտիրոսական պսակն են ընդունում նաև իր երկու աշակերտները` Բուրաս քահանան և Շինու սարկավագը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-07, 2023-11-13, 2024-11-11, 2025-11-10, 2026-11-09, 2027-11-08, 2028-11-13, 2029-11-12, 2030-11-11։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2007 - Մինսկի խումբն արձանագրում է. միայն մեկ կարևոր խնդիր է մնում չկարգավորված, սակայն դա շատ կարևոր և հիմնարար հարց է։

  • Փաստելով, որ առաջիկայում Հայաստանում նախագահական ընտրություններ են սպասվում, միջնորդները նշել էին` քիչ է հավանականությունը, որ մինչ այդ կհաջողվի բեկում մտցնել գործընթացում: Ընդ որում, եռանախագահներն ընդգծել էին`«մենք հասել ենք այն գիտակցմանը, որ Հայաստանի նոր նախագահի ընտրությունից հետո հարաբերությունները բարձր մակարդակի վրա շարունակվելու են ոչ թե սկզբից, այլ արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների հիման վրա»։

2007 - Աղմկահարույց սպանություններ. Ժամը 18.00-ի սահմաններում Արաբկիրի շուկայի մոտակայքում հրազենային կրակոցից անհայտ անձանց կողմից սպանվել է Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռի տարածքի համակարգող, 1960թ. ծնված Սայադ Դավթյանը։
2000 - Ֆրանսիայի սենատն ընդունեց 1915 թ. հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
1993 - Ադրբեջանական բանակին պարտությունից չփրկեց նաև աֆղան վարձկանների ներգրավումը, թեև «Հորադիզ» կայարանը վերագրավելու հարցում նրանց դերակատարությունը եղել է առանցքային:

  • Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը 1993թ. նոյեմբերի 8-ին հաղորդել էր, որ ԼՂ-ի դեմ կռվում են մոտ 1000 աֆղան մոջահեդներ: Նույն օրը «Բոստոն գլոբը» գրել էր, որ օգոստոսից մոտ 1500 աֆղան մոջահեդներ վարչապետ Գյուլբուդդին Հեքմաթյարի կարգադրությամբ ուղարկվել են ղարաբաղյան ճակատ: Օգոստոսի կեսերին Ալիևը գաղտնի Աֆղանստան էր գործուղել ներքգործնախարարի տեղակալ Ռովշան Ջավադովին` Հեքմաթյարի հետ պայմանավորվելու վարձկաններ ուղարկելու հարցում։ Մի քանի շաբաթ անց մոջահեդները տեղավորվել էին Մինգեչաուրմ։

1979 -  ASALA. Պայթյուն Հռոմում Թուրքիայի դեսպանատան զբոսաշրջության կցորդի գրասենյակի առջև, որի արդյունքում վիարավորվում է մեկ անցորդ։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ«Սասունեան Քոմանտօ»-ն։

1829 - Խաչատուր Աբովյանն ու Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը բարձրացան Փոքր Արարատի՝ Սիսի գագաթը։

ԱՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1949 - Սիրանույշ Աղաջանյան, համաճարակաբան գիտնական
1945 - Ստեփան Միրզոյան, ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ
1932 - Վլադիսլավ Աղաբաբյան, հայ բուսաբան
1918 - Գայանե Չեբոտարյան, հայ խորհրդային կոմպոզիտոր, դաշնակահար և երաժիշտ
1914 - Էդուարդ Իսաբեկյան, նկարիչ

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0