Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 23


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Տոն Խաչի Գյուտի - Հայ Առաքելական Եկեղեցի

  • Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է: 
  • 327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրա, որոնցից մեկի վրա պատանին հարություն է առնում, և այդպես ճանաչվում է տերունական խաչը: Այդ հրաշքից հրեա Հուդան քրիստոնեություն է ընդունում և հետո դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Ս. Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը:

Խաչի առաջին գյուտը

  • Երբ մեր Տերն ամբողջացրեց Իր փրկական տնօրինությունները և համբարձվեց երկինք, փրկական Խաչն անխնամ մնաց Գողղոթայում՝ իբրև դատապարտության և մահվան գործիք: Եվ գարնանը, երբ բույսերը ծաղկում են, ու մանուկներն իրենց սովորության համաձայն խաղում դալար խոտի վրա, մի կաղ մանուկ, իր ընկերների հետ խաղալիս, հանկարծ դիպչում է կենարար Խաչափայտին, ինչից ամրանում են նրա ոտքերը, և նա անմիջապես սկսում է վազել և օրհնել Աստծուն ու գոհանալ կենսակիր նշանից: Այդ դեպքն առիթ հանդիսացավ, որպեսզի Խաչի համբավը տարածվի, և կաղերը, կույրերը, բորոտներն ու առհասարակ բոլոր հիվանդները բժշկվեն Խաչափայտի միջոցով: Դրանից հետո Հակոբոս Տյառնեղբայրը Խաչափայտը վերցրեց իր մոտ:
  • Ս. Խաչի գյուտով հավատացյալները ուրախացան, իսկ անհավատները հույժ տրտմեցին: Իսկ հրեաները, ովքեր կամովին իրենցից հեռացրեցին ճշմարիտ Լույսից, գլխահակ դարձան, որոնց մասին Եսային ասում է. «Ո՞վ է կույրը, եթե ոչ Իմ ծառաները, ովքե՞ր են խուլերը, եթե ոչ այն մարդիկ, որ տիրում են նրանց» (Եսայի 2:19): Հրեաները, տեսնելով Խաչի սքանչելագործությունները, նախանձից այրվելով՝ Հակոբոսից հափշտակեցին Խաչափայտը և դրեցին Երուսաղեմի տաճարի Գեղեցիկ կոչվող դռան մոտ, որտեղ մի անդամալույծ էր մշտապես նստում՝ ողորմություն խնդրելու համար:
  • Մի օր, երբ անդամալույծը երկար նստելուց նիրհում էր, Ս. Խաչի զորությունից հանկարծակի արթնանում է և ամբողջովին բժշկված՝ տեղից վեր թռչում՝ փառաբանելով Քրիստոսին: Ապա մի բորոտ է բժշկվում՝ ամբողջովին իր վրայից թափելով ապականված մորթը և գոհություն հայտնում աստվածընկալ Ս. Խաչին: Այդ տեսնելով՝ հրեաները Ս. Խաչը տանում են ու դնում Տիրոջ գերեզմանի մեջ և մի վեմով փակում: Սակայն վեմի ճեղքերից հրաշալի լույս է ելնում ու բժշկում այն նեղյալներին, ովքեր այցելում էին Տիրոջ գերեզմանին: Այս անգամ հրեաները Աֆրոդիտեի պատկերն են կանգնեցնում վեմի վրա, որպեսզի ժողովուրդը կարծի, թե Աֆրոդիտեն է նրանց բժշկում:
  • Այդ օրերին Ս. Պետրոս առաքյալի միջոցով հավատի է գալիս Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկեն, ով մեծ հույսով իր որդիների ու դուստրերի հետ Հռոմից գալիս է Երուսաղեմ՝ երկրպագելու տերունական վայրերին: Թագուհին այնտեղ շրջելուց հետո, Հակոբոս Տյառնեղբոր ընկերակցությամբ այցելում է Տիրոջ գերեզմանին և այն մաքրելուց, բացելուց և կարգի բերելուց հետո այնտեղ գտնում է Տիրոջ Աստվածընկալ Խաչափայտը՝ դրված ավազակների խաչափայտերի հետ միասին: Այն պահին, երբ տիկինն ուրախացած մտնում է Տիրոջ հարության վայրը, նրա դուստրերից մեկը հանկարծամահ է լինում: Սուրբ Հոգու ազդեցությամբ նրանք մահացածի վրա հաջորդաբար դնում են խաչափայտերն ու աղոթում: Երբ մահացածի վրա դնում են Տիրոջ Խաչափայտը, արքայադուստրն անմիջապես կենդանանում է, և ներկաները, տեսնելով հրաշքը, խոնարհվում են ու երկրպագում կենարար խաչափայտին: Այսպիսով՝ երեք խաչափայտերից գտնվում է այն, որը պատկանում էր Տիրոջը: Ապա թագուհին խաչափայտը հանձնում է Հակոբոս Տյառնեղբորը և փոխարենը կենարար փայտից մի մասունք խնդրում, որը գոհությամբ վերցնելով՝ գնում է Հռոմ:
  • Հակոբոս Տյառնեղբայրը Խաչափայտը պահում է եկեղեցում և Ծաղկազարդի տոնից սկսած մինչև սեպտեմբերի 14-ը, ամեն կիրակի՝ առավոտյան և երեկոյան, այն դուրս է բերում, բարձրացնում ու ասում. «Խաչի Քո Քրիստոս երկիր պագանեմք...»: Որից հետո խաչափայտը դրվում էր եկեղեցու սրբարանում՝ մինչև հաջորդ Ծաղկազարդը: Կլավդիոս կայսեր վախճանվելուց հետո իշխանությունն անցնում է Ներոնի ձեռքը, ով հալածանքներ է սկսում Տիրոջ Եկեղեցու դեմ: Հրեաներն էլ, օգտվելով առիթից, սպանում են Հակոբոս Տյառնեղբորը և Խաչափայտը թաղում Գողգոթայի վրա, մի խոր փոսի մեջ, և այդ տեղը վերածում աղբանոցի: Խաչափայտն այդտեղ մնում է շուրջ երեք հարյուր տարի՝ մինչև Կոստանդիանոս բարեպաշտ կայսեր ժամանակները, երբ Եկեղեցին խաղաղություն է գտնում:

Խաչի երկրորդ գյուտը

  • Երեք հարյուր տարի անց Հեղինե թագուհին՝ Կոստանդիանոս կայսեր մայրը, տեսիլքով Աստծուց հրաման է ստանում գնալ Երուսաղեմ, փնտրել ու գտնել Քրիստոսի Խաչափայտը և տնօրինական վայրերում տաճարներ կառուցել: Հեղինեն տեսիլքը պատմում է Կոստանդիանոսին և նրան հայտնում Աստծո հրամանը: Կայսրը հոժարությամբ ու մեծ հավատով ընդունում է մոր խոսքերը, միջոցներ է տրամադրում այդ գործն իրականացնելու համար և թագուհուն՝ մեծ շքախմբով ու բազում օգնականներով, ճանապարհում Երուսաղեմ: Գալով Երուսաղեմ, թագուհին քաղաքը գտնում է ավերված ու թալանված, այնպես, ինչպես մարգարեացել էր Եսային. «Ձեր երկիրն ավերակ է, ձեր քաղաքները՝ հրո ճարակ, թշնամի ցեղերից ավերված ու ամայացած, ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարներն են ուտում: Սիոնի դուստր Երուսաղեմը պիտի մնա լքված, ինչպես տաղավարը՝ այգում, մրգապահների հյուղակ՝ սեխի պարտեզում, ինչպես պաշարման մեջ գտնվող քաղաքը» (Եսայի 1:8): Երբ 70 թ. հռոմեական զորքերն ավերեցին Երուսաղեմը և հիմնահատակ քանդեցին տաճարը, սովից ու պատերազմներից մեկ միլիոնից ավելի հրեաներ կոտորվեցին, իսկ մնացածն էլ գերվեցին և ցրվեցին աշխարհով մեկ: Այդ օրերին Երուսաղեմն արդեն չուներ իր նախկին փառքը: Բացի այդ 64 թվականից սկսած մինչև 313 թվականը` մինչև Կոստանդիանոս Մեծի գահակալության երկրորդ տարին, մեծ հալածանքների ենթարկվեց Քրիստոսի Եկեղեցին: Հրեաներն ու հեթանոսները, չհանդուրժելով քրիստոնյաների մատուցած պաշտամունքը Խաչյալին, ամեն կերպ ցանկանում էին աշխարհի երեսից վերացնել Տիրոջ փառքը հիշեցնող ամեն ինչ, որպեսզի դրանով իսպառ ջնջեն Նրա հիշատակը: Այդ պատճառով էլ նրանք թաքցրեցին Տիրոջ Խաչափայտը` ավազակների երկու խաչափայտերի հետ միասին թաղելով այն աղբակույտի տակ:
  • Այդ օրերին Երուսաղեմում միայն Հուդա անունով մեկը գիտեր խաչի գտնվելու վայրը՝ տեղյակ լինելով իր նախնիների գրավոր ավանդություններից: Սակայն նա չէր ցանկանում հայտնել և թագուհու խնդրանքներին ու հորդորներին անտարբեր էր վերաբերում, մինչև որ թագուհին ճարահատյալ բանտարկում է նրան:
  • Հուդան ի վերջո հայտնում է Խաչափայտի տեղը, և թագուհին ձեռնարկում է Խաչափայտի որոնումները Գողգոթայի վրա: Խաչափայտը բավականին խորն էր թաղված հողի տակ, ինչը մեծ աշխատանք և շատ ժամանակ էր պահանջում որոնողներից: Սակայն Աստծո շնորհով թագուհին գտնում է երեք խաչափայտներն էլ և անգամ՝ Պիղատոսի ձեռքով գրված եռալեզու տախտակը: Թագուհին, գտնելով Խաչափայտը, տրտմում է, քանի որ չի կարողանում զանազանել, թե այդ երեք խաչափայտերից որն էր տերունականը: Սակայն Երուսաղեմի պատրիարք Մակարիոս եպիսկոպոսը հավատով լուծում է խնդիրը և փարատում թագուհու տրտմությունը: Նա աղոթքով Աստծուց նշան է խնդրում, թե որն է Սուրբ Խաչը, և հրաշքը չի ուշանում: Մի կին երկարատև հիվանդությունից հետո մահամերձ վիճակում էր: Մակարիոս եպիսկոպոսը հավատում է, որ Տիրոջ խաչը, որի վրա թափվել է Նրա Արյունը, կառողջացնի այդ կնոջը, եթե նրան մոտեցնեն Խաչափայտին: Առաջին երկու խաչերը, որոնք ավազակներինն էին, կնոջը ոչ մի օգուտ չեն տալիս, սակայն երբ նրան հպում են Տիրոջ Խաչին, կինը լիովին առողջանում է, ոտքի կանգնում և Աստծուն փառք տալիս: Այնուհետև այդ Խաչի միջոցով, որով Տերը հաղթեց մահին և ավերեց դժոխքը, հարություն առավ մի պատանի, և էլի բազում հրաշքներ կատարվեցին, ինչը տեսնելով՝ շատ հրեաներ դարձի եկան ու մկրտվեցին: Հուդան էլ, ով ցույց էր տվել խաչափայտի գտնվելու տեղը, իր ցեղակիցների հետ մկրտվեց և անվանվեց Կյուրեղ*, մեծ շնորհների արժանացավ ու հասավ եպիսկոպոսի աստիճանի: Հետագայում նա Տիրոջ անվան համար նահատակվեց՝ արժանանալով մարտիրոսական պսակի:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-23, 2023-10-29, 2024-10-27, 2025-10-26, 2026-10-25, 2027-10-24, 2028-10-29, 2029-10-28, 030-10-27:

* Սա այն Կյուրեղն է, ում հիշատակում ենք Մեծի պահոց երկրորդ շաբաթ օրը, և տոնացույցում նա անվանվում է «մյուս Կյուրեղ», որպեսզի չշփոթենք Կյուրեղ Երուսաղեմացու հետ: Ըստ ավանդության՝ այդ Հուդա-Կյուրեղը Ս. Ստեփանոս Նախավկայի ցեղից էր:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2019 - Կատալոնական Սանտ Իլարի Սակալմ քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 

  • Քաղաքային խորհրդին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով դիմել էր Կատալոնիայի «Արարատ» հայկական միությունը:

2011 - Սերժ Սարգսյանը Մոսկվայից շտապ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլահ Գյուլին` Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
2010 - Բացվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին` «Տաթևեր»-ը, դարձավ մեկ տարեկան:
1999 - ՀՀ Անվատանգության խորհրդում քննարկվեց Մեղրին փոխանակելու հարցը։

  • Մեղրու փոխանակմանը կողմ քվեարկեցին Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, Գագիկ Հարությունյանը, Սերժ Սարգսյանը, Ալեքսան Հարությունյանը։ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը քվեարկեց Ձեռնպահ։ Դեմ էին միայն Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմրճյանը։

1998 - Բուֆալոյում (ԱՄՆ) դիպուկահարի կրակոցից սպանվեց աբորտներ կատարող դոկտոր Բարնեթ Ստեպյանը։
1980 - ASALA. Պայթյուն Մարսելում Շվեյցարաիյի հյուպատոսարանի առջև։

  • Պատճառվում է նյութական վնաս։ 
  • Հայ Գաղտնի Բանակին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը ստանձնեց գործողության պատասխանատվությունը։

1929 - Երեկոյան ժամը 8-ին սրտի կաթվածից հանկարծամահ է լինում ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ, լուսժողկոմ Ասքանազ Մռավյանը:

  • Մռավյանը ծնվել է 1885թ. դեկտեմբերի 21-ին Գանձակում: Մռավյանը Հայաստանի հեղկոմի անդամներից էր, «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիրը: Ասքանազ Մռավյանի հուղարկավորությունը տեղի է ունենում հոկտեմբերի 27-ին, որը հայտարարվում է սգո օր:

1918 - Կովկասում թուրքական զորքերի հրամանատար Խալիլ փաշան ի հիշատակ իր այցելության ազատ Հայաստանի կենտրոնական կառավարության, հանուն Փադիշահի նվիրել է 14 սպաների թուրքական մեդալներ։

  • «Ժողովուրդ», թիվ 22, չորեքշաբթի, հոկտեմբերի 23, 1918թ.

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Նարեկ Հախնազարյան (ծնվ. Երևան), թավջութակահար

  • "...Հայ երիտասարդ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մեծագույն հաճույք պատճառեց հանդիսատեսին և արժանացավ բարձրագոչ ծափահարությունների։ Մաքուր, վստահ և անթերի ձայն, նրբագեղություն՝ ահա թե ինչպես կարելի է բնութագրել կատարումը թավջութակով։ Շումանի «Երևակայություններ և պիեսները» այդպես փայլուն կատարել չէր հաջողվում նույնիսկ ամենանշանավոր թավջութակահարներին։ ("The Buffalo news ", ԱՄՆ):

1988 - Սիլվա Հակոբյան (ծնվ. Վայք), հայ երգչուհի, Լոնդոնի "Next Big Thing 2006" երգի մրցույթի հաղթող

  • BBC-ի վարկանիշով Սիլվան ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ երգիչ (2006)։

1982 - Ջիվան Գասպարյան կրտսեր, երաժիշտ, դուդուկահար

  • Հանդես է եկել այնպիսի երաժիշտների և խմբերի հետ, ինչպիսիք են Zucchero, Andreas Vollenweider, Boris Grebenshikov, The Alan Parsons Project, Planet X, Michael Brook:
  • Կատարել է «Գլադիատոր», «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Դոկտոր Ժիվագո», «Օնեգին», «Ագռավ» ֆիլմերի սաունդտրեկները:

1953 - Թաներ Աքչամ, թուրք պատմաբան, սոցիոլոգ և հրապարակախոս, պատմության պրոֆեսոր Մինեսոտա նահանգի համալսարանում

  • Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին թուրք ակադեմիկոսներից։
  • «Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդները պետք է լսեն միմյանց։ Բայց դրան դեռ պատրաստ չէ Թուրքիան, իսկ դա այսօր ամենակարևորն է»,- հայտարարել է Մինեսոտայի համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր Թաներ Աքչամը (Մինեապոլիս, ԱՄՆ)՝ հավելելով, որ Թուրքիան այսօր շատ կարևոր պատմական դարաշրջան է մտնում։

1936 - Գառնիկ Արազյան (ծնվ. Կիրովական), կինոռեժիսոր, դերասան, երաժիշտ, սցենարիստ և գրող
1935 - Ստեփան Շաքարյան (ծնվ. Բաքու, խելք. 2019), կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
1932 - Վարդան Հովսեփյան, թեթևաթլետ (գունդ հրող)
1931 - Նորատ Ներսեսյանց (ծնվ. Դոնի Ռոստով, մ. 2014), Դոնի Ռոստովի գլխավոր ճարտարապետ
1928 - Հովհաննես Չեքիջյան, հայ երաժշտագետ, դիրիժոր
1923 - Ռոբերտ Մարդյան (ծնվ. Փասադենա, ԱՄՆ, մ. 2006), ԱՄՆ-ի ականավոր քաղաքական գործիչ

  • Քաղաքագետ Ջոնաթան Քեյփն ընդգծում է. «Ռոբերտ Մարդյանը նախագահական աթոռից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա էր, նրա անսահման նվիրվածությունը կուսակցության գործերին, քաղաքական խարիզման, հանճարեղ դիվանագետի բնածին տաղանդը նրան դարձրել են երկրի ականավոր քաղաքական գործիչներից մեկը»:
  • Նախագահական ընտրություններում տարած հաղթանակից հետո Ռեյգանը Մարդյանին նշանակել է նախագահական պետական հանձնաժողովի նախագահ։
  • Մարդյանը Քենեթ Խաչիկյանի հետ Սպիտակ տունը լքել է 1982 թվականին, որպեսզի օգնի Ջորջ Դոքմեջյանին Կալիֆորնիա նահանգի նահանգապետի ընտրություններում։ 1983թ. Ջորջ Դոքմեջյանը դառնում է երկրի ամենահարուստ նահանգի նահանգապետը։

1921 - Կոնստանտին Կարակաշյանց (ծնվ. Մոսկվա, մ. 1971), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ

  • Պատրաստել է օլիմպիական չեմպիոններ Վալենտինա Մուրատովային (1928-2006), Վիկտոր Կլիմենկոյին։

1918 - Գուրգեն Կանեցյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1974), ճարտարապետ, Հայաստանի վաստակավոր շինարար
1915 - Ռուբեն Գրիգորյան, ջութակահար
1913 - Գարուշ Խաժակյան, թատրոնի և կինոյի արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)
1911 - Բագրատ Իոաննիսյան (ծնվ. Երևան, մ. 1985), Լենինգրադի օպտիկա-մեխանիկական միավորման աստղագիտական սարքերի գլխավոր կոնստրուկտոր  

  • ԽՍՀՄ ԳԱ նրան շնորհել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ առանց ատենախոսության պաշտպանության, որը եզակի փաստ է, քանի որ մինչ այդ նա ոչ միայն ոչ մի գիտական աստիճան չի ունեցել, այլև բարձրագույն կրթություն չի ստացել։
  • Իոաննիսիանի անունով կոչվում է փոքր մոլորակ (2450 Ioannisiani), որը հայտնագործվել  է 1978 թվականին Ղրիմի աստղաֆիզիկական աստղադիտարանում։

1907 - Նվեր Սաֆարյան, հայ խորհրդային զորահրամանատար (մ. 1982)
1905 - Ալեքսանդր Մելիք-Փաշայան (ծնվ. Թիֆլիս, մ. 1964), դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1951)
1899 - Կոնստանտին Մելիք-Վրթանեսյան (ծնվ. Ալիկա-Մար, Ռուսաստան, մ. 1970), երաժշտագետ, կոմպոզիտոր, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1874 - Գրիգոր Տրանկու-Յասի (ծնվ. Թյուրգու Ֆրումոս, մ. 1940), քաղաքական տնտեսագետ, իրավաբան, պրոֆեսոր, Ռումինիայի փաստաբանների ասոցիացիայի մշտական հանձնաժողովի անդամ

  • Նրա նախնիները սերում էին հայկական ազնվական ընտանիքից։

1861 - Էմանուել Խոջաև (ծնվ. Պյատիգորսկ, Ռուսաստան, մ. 1939), ճարտարապետ

  • Նրա մորական պապ Չալոխովի (Չելախով) անունը հիշատակվում է Մ.Յու. Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» գրքում։

ԳՈՎԱԶԴ

биржа трафика