Գոհար Մինասյան. Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք

 Հեղինակային  05/09/2021   21:00    46
Գոհար Մինասյան. Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք

Այսօր մենք կփորձենք պարզել, թե ինչպես կարելի է ձերբազատվել նորի անվերջ փնտրտուքներից, անբա­վարարության զգացումից, ի վերջո կյանքում լավագույն տեղը գտնելու ցանկությունից, այն կյան­քում, ուր իշխում սերն ու համերաշխությունը, որտեղ կարելի է հանդիպել հիրավի սիրելի մարդու, որ­տեղ կարելի է երազել, այն կյանքում, որտեղ մենք չկանք...

Եվ այսպես, ապրելով այսօրով, ապրելով իրական կյանքով, մենք անրջում ենք ինչ-որ անիրական բանի մասին, մշտապես սպասելով ինչ-որ «իսկական բանի», երբ այդ «իսկականը» վայելում են ուրիշները, իսկ մենք նստում ու սպասում ենք, թե երբ է գալու մեր հերթը։ Նախորդ հոդվածներում ես անընդհատ ձեզ կոչ եմ արել որոնումների, կոչ եմ արել չբավարարվել այն ամենով, ինչ արդեն կա։ Բայց, ճիշտն ասած, մենք ձեզ հետ միասին մի մանրուք ենք բաց թողել, կարելի է ասել՝ ամենակարևոր մանրու­քը։ Անշուշտ ճիշտ է, որ մենք պետք է չբավարարվենք միայն եղածով և միշտ պետք է ձգտենք լավագույնին։ Սակայն... Սակայն պետք է ուշադիր լինել, պետք է գնահատել այն, ինչ մենք ունենք։

Իզուր չենք այսքան ուժ ու եռանդ ներդրել, որ հենց այնպես բռնենք ու «մեր գույքին» գրոշի արժեք տանք։ Վերջերս ես հայտնվեցի, կարելի է ասել, այնտեղ, ուր, ինչպես ինձ թվաց, ամեն ինչ ավելի լավ է, քան ինձ մոտ՝ այստեղ։ Մինչ այդ, ես անընդհատ խղճում էի ինքս ինձ և մտածում, որ ավելի արդար կլիներ, որ ծնված լի­նեի մեկ ուրիշ վայրում և ունենայի միանգամայն ուրիշ, «իսկական» աշխատանք, կողակիցս լիներ «արքա­յազն», և ես իսկապես երջանիկ կլինեի... Բայց, ամենայն ազնվությամբ խոստովանեմ, որ հա­ճելիորեն զարմացա, երբ հայտնաբերեցի, որ այդ «հե­քիաթային» վայրերում ամեն ինչ այնպես է, ինչպես մե­զանում, չհաշված այն, որ այնտեղի բնակիչները, ի տարբերություն մեզ, գնահատում են իրենց սերը, լե­զուն, արտաքինը, բնությունը, տունը, բակը, աշխա­տանքը, և յուրաքանչյուրն իր հերթին նախանձում է իր այգուց ավելի մաքուր և ավելի գեղեցիկ այգի ունեցող հարևանին։

Եվ ես մտածեցի, թե ինչո՞վ ենք մենք, մեր մեջ ասած, տարբերվում «դրախտի» այդ բնակիչներից։ Թերևս, միայն նրանով, որ չենք նախանձում ուրիշին, մինչդեռ այդ նախանձը կարող էր խթանել մեզ գնահատելու մեր տունուտեղը, հոգալու և դարձնելու այն մեր երազանքի տուն, վերադարձնելու մեր ճշմարիտ ընկերներին, որոնց կարոտում ենք, և աշխատել այնպիսի ջանասի­րությամբ, ինչպես կաշխատեինք մեկ այլ լավ վայրում, և այդ ամենն անել մեր երկրում, մեզ համար, այլ ոչ թե ուրիշին պատկանող օտար տարածքում։ Այդ օտար կոչվածներն աշխատում ու ապրում են իրենց և հարազատների համար, ընդ որում ջանասիրաբար աշխատում են հանուն իրենց և հետնորդների կյանքը դրախտի վերածելու, և պետք է ասել, որ դա նրանց ինչ-որ չափով հաջողվել է։

Այնպես որ, մեզ միայն թվում է, թե այնտեղ է լավ, ուր մենք չկանք։ Այնտեղ, իրոք, հիանալի է կյանքը, բայց հավատացեք, որ մեզ մոտ ավելի լավ է, ավելի հոգեհա­րազատ ու ջերմ։ Պարզապես մենք հոգ չենք տանում, չենք գնահատում ու չենք ափսոսում այն, ինչի տեր ենք մենք։

Եվ մի բան էլ...որ հաստատ է. ՄԵՐ ԵՐԿՆՔՈՒՄ ԱՍՏՂԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱS ԵՆ ՈՒ ՊԱՅԾԱՌ, ՔԱՆ ՈՒՐԻՇ ԵՐԿՆՔՈՒՄ։

Իսկ դա ինչ-որ բան արժե...

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 4
Հյուրեր՝ 3
Օգտատերեր 1
armenlur