Ս. Թեոդիտոն Գաղատացին Դիոկղետիանոս կայսեր հալածանքների զոհերից է: Լինելով գինեվաճառ, պակաս կասկածելի է թվում հալածիչներին, ինչի շնորհիվ կարողանում է ամեն կերպ օգնության հասնել հալածյալ քրիստոնյաներին. գինի է մատակարարում Սուրբ Խորհրդի համար, հողին է հանձնում նահատակների մարմինները և այլն: Երբ Գաղատիայի կուսակալի հրամանով ջրասույզ են արվում Տեկուսա, Աղեքսանդրա, Կղոիդա, Փեննա, Եվփրասիա, Մատրոնա և Հուղիտա յոթ քրիստոնյա կույսերը, որոնց թվում էր նաև Թեոդիտոնի մորաքույրը, Թեոդիտոնն այլ քրիստոնյաների օգնությամբ կարողանում է գաղտնի ջրից դուրս բերել խորտակվածներին ու թաղել: Սակայն կատարվածը հայտնի է դառնում, և հալածանքներն ընդդեմ քրիստոնյաների առավել սաստականում են: Իր հավատակիցներին փրկելու համար Թեոդիտոնը հանձնվում է կռապաշտներին ու ամենածանր տանջանքների ենթարկվելուց հետո գլխատվում:
Նույն օրը Ս. Թալիելյա բժշկի հիշատակության օրն է: Դիմանալով ամենաանմարդկային տանջանքների, երանելի սուրբն իր հավատի ամրությամբ դարձի է բերում անգամ իր դահիճներին: Նրան նետում են ծովը, որտեղից փրկվում է աստվածային հրաշքով և նահատակվում է՝ գլխատվելով:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 371 | Ավելացրեց՝ armenlur | 30.06.2022 | 09:30 |