Հոգեգալուստ (Պենտեկոստե)
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սուրբ Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):
Երկուշաբթիից սկսվում է եղիական պահքը: Հայ Առաքելական եկեղեցու սահմանած՝ տարվա չորս եղանակների պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, եղիական պահքը ևս եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ: Ըստ ավանդության` եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին` Ս. Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքը սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը Հոգեգալստյան կիրակին է): Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը ևս տևում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 320 | Ավելացրեց՝ armenlur | 05.06.2022 | 09:30 |