Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, ով Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305 թթ) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում: Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, ով անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Ս. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Ս. Խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 368 | Ավելացրեց՝ armenlur | 13.06.2022 | 10:00 |