Խաղաղության պայմանագիրը Ղարաբաղի կարգավիճակով պայմանավորելու մասին


Խաղաղության պայմանագրի չստորագրումը Ղարաբաղի կարգավիճակի հետաձգմամբ պայմանավորելն, ըստ էության, ադրբեջանամետ մոտեցում է եղել, որովհետև այդ մոտեցմամբ մենք կորցնում էինք այն թանկագին ժամանակը, որի ընթացքում Ադրբեջանը 10 անգամ ավելի մեծ տեմպերով զինվում էր, ինչը կանխատեսելի էր դեռևս 94 թվականից, երբ հայր Ալիևը «Բրիթիշ պետրոլի» հետ կնքում էր իրենց երկրում «Դարի պայմանագիր» կոչվող նավթային պայմանագիրը... Հենց այդ պահից Հայաստանին պետք էր արագորեն կնքել Խաղաղության պայմանագիրը՝ հաշվի առնելով մեր ռեսուրսները։ Դրա առաջին հնարավորությունը եղել է 1997 թվականին ... 

Բնական է, չէ՞, որ Ադրբեջանը 100 տարի էլ չէր ճանաչելու Ղարաբաղի ինքնորոշումը, քանի որ իր երկրից է մաս պոկվում։ Ուստի պետք էր աշխատել, որ գոնե մեկ գերտերություն ճանաչեր Ղարաբաղի ինքնորոշումը։

Ղարաբաղի կարգավիճակի հրատապ լուծման առաջքաշումը փոխում էր հակամարտության հիմնապատճառի տրամաբանությունը՝ Ղարաբաղի էթնիկ բնակչության անվտանգության հարցը դարձնելով տարածքային վեճ, ինչն ի սզբանե մեր համար նշանակում էր պարտություն, որովհետև 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված նոր աշխարհակարգում տարածքային վեճերը լուծվում են տարածքային ամբողջականության սկզբունքով։ Հենց հանուն Ղարաբաղ անկախության պետք էր հարցը պահել բնակչության անվտանգության տրամաբանության մեջ։ Որովհետև Ղարաբաղյան պատերազմը չի եղել ազգային-ազատագրական, ինչպես դա 98 թվականից հետո ներկայացրել է ոչմիթիզական քարոզչամեքենան. ազգային-ազատագրական պատերազմն այն է, երբ մի պետություն պատերազմում է մյուս պետության հետ հանուն տարածքների։ Իսկ մեր պատերազմի հիմնապատճառը գոյապայքարն էր, քանի որ Ղարաբաղի էթնիկ բնակչության գոյության հարցն էր վտանգված։

Ադրբեջանին հարստանալու և զինվելու հնարավորությունից զրկելու համար պետք էր հենց առաջին ընդունելի հնարավորության դեպքում կնքել Խաղաղության պայմանագիրը, որով առաջին հերթին տասնյակ տարիներով ապահովագրված էր լինում Ղարաբաղի բնակչության անվտանգությունը և փաստացի անկախությունը՝ Հայաստանի երաշխավորությամբ։ Կարգավիճակի հարցը Լաչինի 20 կիլոմետրանոց միջանցքի հետ միասին հետագա տասնյակ տարիների ընթացքում լուծելը բացարձակապես չէր հակասում մեր շահերին։ Եթե այդ ընթացքում Ղարաբաղի բնակչությունը բարիդրացիական հարաբերություններ հաստատեր ադրբեջանիցների հետ և չցանկանար դուրս գալ Ադրբեջանի կազմից, դա կլիներ ղարաբաղցիների որոշումը։ Իսկ եթե չհաջողվեր 50 տարում բարիդրացիություն հաստատել ադրբեջանցիների հետ, բնականաբար միջազգային հանրությունը հիմնավոր պատճառ կունենար ընդունելու և կիրառելու «անջատում հանուն փրկության» սկզբունքը...

Արմեն Գևորգյան