Խաշի սեզոնի բացման ոչ պաշտոնական օրը

Խաշն ավանդաբար ուտում են վաղ առավոտյան՝ մինչև նախաճաշը։ Ուտեստի հետ մատուցվում է մանրացրած սխտոր, աղ, կտրտած բողկ։ Խաշը ուտում են լավաշի, բողկի և տարատեսակ կանաչիների հետ։ Հայաստանի որոշ շրջաններում այն ուտում են ձեռքերով՝ նախապես նրա մեջ բրդելով չոր լավաշ։ Պնակը ծածկում են լավաշով և ուտելու ընթացքում բացելով փոքրիկ անկյուն, լավաշի կտորով հանում են կերակուրը։ Հիմնականում խաշ եփելու նախապատրաստական արարողությունը սկսում են երեկոյան, որպեսզի առավոտ վաղ այն մատուցվի։ Ավանդաբար խաշն ուտում են տարվա ցուրտ եղանակին՝ ձմռանը։

Ըստ հայ «խաշիստների», խաշ ուտելու արարողությունը տոնակատարության հավասար միջոցառում է, ուստի անարդար էր, որ այն օրացույցում չուներ իր հստակ օրը։ Այսպես, 1990-ականներին գործող «Այսօր» թերթի խմբագրակազմը որոշեց ամեն տարի հոկտեմբերի 1-ը՝ ցրտերն սկսելու պայմանական օրը, գործնականորեն նշել խաշի բացման սեզոնը։ Ճիշտ է, սկզբում տոնի նշումը սարկազմիկ բնույթ ուներ, բայց, այնուամենայնիվ տոնակատարությանը հաճույքով էին մասնակցում։ Տարիների ընթացքում խաշի սեզոնի բացման օրն սկսեց տարածում գտնել։

Առաջարկվել է նաև ամեն տարի մարտի 31-ը հայտարարել «Խաշի սեզոնի փակման» ոչ պաշտոնական օր։ Ավանդույթները շարունակվում են։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 488 | Ավելացրեց՝ armenlur | 01.10.2022 | 09:40 ազգային տոներ, ոչ պաշտոնական տոներ, 1 հոկտեմբեր, Հայաստան