Ասում եմ՝ ժողովրդի, ո՛չ թե ամբոխի։ Որովհետև շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ։ Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր չար։ Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը թալան։
Ու սովորաբար կառավարություններից շատերին ամբոխն է պետք, բանաստեղծին՝ ժողովուրդը։ Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում էն տեսակ զանազան կրակների մեջ ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել...