16:51, 26.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ամեն տարվա հոկտեմբերի 4-րդ կիրակին զոքանչի միջազգային օրն (National Mother-In-Law Day) է։ Այն հիմնականում նշվում է ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի որոշ երկրներում։ Տոնի հիմնական նպատակն ընտանիքի 2 կարևոր անդամների միջև հարաբերությունների բարելավումն է։ Այս տոնը նշելու ավանդույթը գալիս է Միացյալ Նահանգներից։ Սկզբում այն դիտարկվում էր որպես կատակ, ապա մեծ տարածում ստացավ անգլալեզու երկրներում։ Այս օրը խորհուրդ է տրվում շնորհակալություն հայտնել զոքանչին, որ նա այդքան լավ աղջիկ է դաստիարակել։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 289 | 23.10.2022 / Միջազգային օրեր, հոկտեմբեր 4-րդ կիրակի

Հոկտեմբերի 11-ին նշվում է Աղջիկ երեխաների միջազգային օրը (International Day of the Girl Child): Այն սահմանվել է 2012թ.՝ Միավորված ազգերի կազմակերպության կողմից։ Օրվա խորհուրդն է՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց բախվում են աղջիկները ողջ աշխարհում՝ վաղաժամ ամուսնություն ու ծննդաբերություն, կրթությունից զրկված լինել, սեռական օրգանների ծիսական խեղում, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում և այլն։ Վերջին խնդիրն ընդգծված առկա է նաև Հայաստանում. մեր երկրում ամեն տարի չի ծնվում մոտ 1500 աղջիկ։ Եթե այդ դինամիկան պահապանվի, մինչև 2060 թվականը Հայաստանում չի ծնվի 93 000 աղջիկ:

Մեր երկրում 100 աղջկա համեմատ ծնվում է 113 տղա, մինչդեռ բնական հարաբերակցությունը 102-ը 106-ի է:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 345 | 11.10.2022 / հոկտեմբեր 11, Միջազգային օրեր

Խաշն ավանդաբար ուտում են վաղ առավոտյան՝ մինչև նախաճաշը։ Ուտեստի հետ մատուցվում է մանրացրած սխտոր, աղ, կտրտած բողկ։ Խաշը ուտում են լավաշի, բողկի և տարատեսակ կանաչիների հետ։ Հայաստանի որոշ շրջաններում այն ուտում են ձեռքերով՝ նախապես նրա մեջ բրդելով չոր լավաշ։ Պնակը ծածկում են լավաշով և ուտելու ընթացքում բացելով փոքրիկ անկյուն, լավաշի կտորով հանում են կերակուրը։ Հիմնականում խաշ եփելու նախապատրաստական արարողությունը սկսում են երեկոյան, որպեսզի առավոտ վաղ այն մատուցվի։ Ավանդաբար խաշն ուտում են տարվա ցուրտ եղանակին՝ ձմռանը։

Ըստ հայ «խաշիստների», խաշ ուտելու արարողությունը տոնակատարության հավասար միջոցառում է, ուստի անարդար էր, որ այն օրացույցում չուներ իր հստակ օրը։ Այսպես, 1990-ականներին գործող «Այսօր» թերթի խմբագրակազմը որոշեց ամեն տարի հոկտեմբերի 1-ը՝ ցրտերն սկսելու պայմանական օրը, գործնականորեն նշել խաշի բացման սեզոնը։ Ճիշտ է, սկզբում տոնի նշումը սարկազմիկ բնույթ ուներ, բայց, այնուամենայնիվ տոնակատարությանը հաճույքով էին մասնակցում։ Տարիների ընթացքում խաշի սեզոնի բացման օրն սկսեց տարածում գտնել։

Առաջարկվել է նաև ամեն տարի մարտի 31-ը հայտարարել «Խաշի սեզոնի փակման» ոչ պաշտոնական օր։ Ավանդույթները շարունակվում են։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 388 | 01.10.2022 / ազգային տոներ, ոչ պաշտոնական տոներ, 1 հոկտեմբեր, Հայաստան

Մեղրի համտեսման օրը (ոչ պաշտոնական)

Հայկական լեռնաշխարհի բնակլիմայական պայմանները դեռևս վաղնջական ժամանակներից նպաստավոր են եղել մեղուների բազմացման և առատ մեղր կուտակելու համար (աճում է շուրջ 300 մեղրատու ծառ, 600-ից ավելի վայրի թուփ և խոտաբույս): Այս հանգամանքով պայմանավորված մեր նախնիներն զբաղվել են մեղվաբուծությամբ և ավանդաբար փոխանցվել է սերնդե սերունդ։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն արդեն մի քանի տարի է օգոստոսի կազմակերպում է Մեղրի համտեսման օր։ Քանի որ մեղրի համտեսումն ավանդական բնույթ է ստացել, ուստի միջոցառման մասնակիցները որոշել են ամեն տարվա օգոստոսի 10-ը հայտարարել Մեղրի համտեսման ոչ պաշտոնական օր։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 374 | 10.08.2022 / ոչ պաշտոնական տոներ, Հայաստան, օգոստոսի 10, ազգային տոներ


Հայաստանում այսօր նշվում է Հաց Բերողի օրը (ոչ պաշտոնական)։ 2017 թվականին հիվանդանոցում մահացավ 2016 թ. ՊՊԾ գունդը գրաված ոստիկանական կուռ շրջափակման մեջ գտնվող զինված ապստամբներին հաց հասցնող Արթուր Սարգսյանը, ում ժողովուրդը կնքեց Հաց Բերող անվամբ։ Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը չներեց նրան, տանջամահ արեց և վրեժխնդիր եղավ նրանց: Ի պատիվ Արթուր Սարգսյանի, նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 9-ը ժողովուրդը հայտարարեց Հաց Բերողի օր։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 306 | 09.08.2022 / ազգային տոներ, ոչ պաշտոնական տոներ, Հայաստան, օգոստոսի 9

Այսօր Գրքասերների օրն է (Book Lovers Day)։ Բազմաթիվ տոներ, ծնվելով որևէ երկրում և ունենալով ազգային կարգավիճակ, ժամանակի ընթացքում դարձել են միջազգային (թեկուզ՝ ոչ պաշտոնական)՝ շնորհիվ այն բանի, որ նրանց ժողովրդականությունը տարածվել է պետության սահմաններից դուրս: Այդպես է եղել նաև ԱՄՆ Գրքասերների ազգային օրվա հետ: Հայտնվելով Ամերիկայում՝ տոնը գրեթե անմիջապես երկրպագուներ է գտել աշխարհի այլ անկյուններում՝ դառնալով Գրքասերների համաշխարհային օր: Այն ամեն տարի նշվում է օգոստոսի 9-ին: Այս տոնը նշում են գրողները, բանաստեղծները, գրականագետները, հրատարակիչները, տպարանները, գրախանութները և, իհարկե, ընթերցողները` այն մարդիկ, ում համար իրականում ստեղծվում է գիրքը: Գիրքը պահանջված պահողին՝ ընթերցողին է առաջին հերթին նվիրված Գրաքասերների համաշխարհային օրը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 331 | 09.08.2022 / օգոստոսի 9, Միջազգային օրեր


Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օրը (International Day of the World s Indigenous Peoples) ամեն տարի նշվում է օգոստոսի 9-ին, որը 1994 թ. հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: 1992 թ. այս օրը կայացել է Բնիկ ազգերի հարցերով Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ենթահանձնաժողովի Աշխատանքային խմբի առաջին նիստը, որտեղ ասվել է, որ «Աշխարհի բնիկ ազգերի Միջազգային այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում բնիկ ժողովուրդների մշակութային հարստությանն ու այն հատուկ ներդրմանը, որը նրանք ունենում են աշխարհի ժողովուրդների ընտանիքում: Մենք հիշում ենք նաև այն հսկայական դժվարությունները, որոնց հետ բախվում են բնիկները՝ անթույլատրելի զանգվածային աղքատությունից և հիվանդություններից մինչև կարողությունից զրկում, խտրականություն և մարդու հիմնարար իրավունքների մերժում»:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 262 | 09.08.2022 / օգոստոսի 9, Միջազգային օրեր

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիշատակ հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու տոնը

Ուխտի տապանակը Հին Կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը: Քրիստոնեական եկեղեցու համար այն Նոր Ուխտի, այսինքն` Քրիստոսի Եկեղեցու նախատիպն է, որի համար սահմանվել է այս տոնը՝ Եկեղեցու մշտնջենականության խորհրդով: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 314 | 23.07.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի

Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքը Հայ Եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 347 | 17.07.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ


Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները:

«Եվ նա իր մոտ կանչելով տասներկու աշակերտներին` նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10:1):  Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մատթեոս, Բարդուղիմեոս, Փիլիպոս, Թովմաս, Թադեոս, Հակոբոս (Ալփյան), Շմավոն (Կանանացի) և Հուդա առաքյալներն էին նրանք, որոնցից վերջինը եղավ Հիսուսի մատնիչը: Հետագայում 12 առաքյալների շարքում Հուդայի փոխարեն ընտրվեց Մատաթիա առաքյալը: Հավատարիմ Հարուցյալ Հիսուսի վերջին պատգամին, (տես Մատթ. 28:18-19) առաքյալները Հիսուսի պատվիրանները քարոզեցին ու ուսուցանեցին տարբեր ազգերի, «մկրտեցին նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով», այսպիսով դառնալով Քրիստոսի եկեղեցու հիմնադիրները: Քրիստոսի պատվիրանների ամենամեծ քարոզիչներից է Ս. Պողոս առաքյալը, որին քրիստոնյա եկեղեցին ճանաչում է իբրև 13-րդ առաքյալ: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 314 | 16.07.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ

Եղիսե մարգարեն ապրել է Ն. Ք. 9-րդ դարում, եղել Եղիա մարգարեի աշակերտը և գործել նրա ոգով: Մովսեսից հետո նրան են վերագրվում ամենաշատ հրաշագործությունները: Այդ հրաշագործությունների (թվով՝ 13) և մարգարեությունների մասին պատմվում է Հին Կտակարանի Թագավորաց Գ և Դ գրքերում: Եղիսե մարգարեն շարունակել է հրաշագործել անգամ իր մահվանից հետո: Հին Կտակարանը պատմում է, թե ինչպես Եղիսեի մահվանից հետո մեկ տարի անց նրա գերեզմանում թաղված մարդու դիակը, դիպչելով մարգարեի ոսկորներին, հարություն է առնում: 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 344 | 14.07.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ

Ամեն տարի հուլիսի 12-ին իրենց մասնագիտական տոնն են նշում աշխարհի ամենառոմանտիկ մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները՝ քաղաքացիական ավիացիայի բորտ ուղեկցորդները։ Այդ մասնագիտությունն արդեն 80 տարեկան է։ Համարվում է, որ այն ստեղծվել է Գերմանիայում 1928 թվականին, երբ օդանավ են վերցրել հատուկ մարդկանց, որոնց պարտականությունների մեջ մտնում էր թռիչքի ժամանակ ծառայություններ մատուցելը։ Նախկինում դրանով զբաղվում էր երկրորդ օդաչուն, ինչը ռիսկային էր թռիչքի անվտանգության տեսանկյունից։ Սկզբում բորտ ուղեկցորդի աշխատանքն իրականացնում էին տղամարդիկ, առավել հաճախ թանկարժեք ռեստորանների նախկին մատուցողները, սակայն 1930 թվականին ԱՄՆ-ում գաղափար է ծագել այդ աշխատանքում ներգրավել գրավիչ աղջիկների, ինչը լրացուցիչ գովազդ կլիներ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 276 | 12.07.2022 / հուլիսի 12, Միջազգային օրեր


Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Զաքարիա մարգարեի հիշատակության օրը։ Ս. Զաքարիա մարգարեն աստվածաշնչյան 12 փոքր մարգարեներից է: Աստվածաշունչ մատյանում 14 գլուխներից բաղկացած նրա գիրքն ամենամեծն է փոքր մարգարեների գրքերից: Այն կոչվում է նաև հույսի գիրք, որ պատկերում է Աստծո թագավորության տարածումն Իսրայելում՝ Սողոմոնի տաճարի վերաշինման միջոցով: Զաքարիայի մարգարեությունը գրվել է Ն. Ք. 520-517 թվականներին, երբ Զորաբաբելն ու Հեսուն վերականգնում էին Աստծո տաճարը Երուսաղեմում: Հենց այստեղ է, որ Զաքարիան, իբրև Տիրոջ մարգարե, սկսում է իր առաքելությունը հրեից մեջ և գործուն կերպով աջակցում տաճարի վերակառուցմանը: Զաքարիա մարգարեի ոգին ու կեցվածքն ուսուցողական և կենդանի պատգամ են ամենքին` ջանք և միջոց չխնայել տաճարների՝ իբրև հավատի վկայարանների վերականգնման և կառուցման համար, քանզի դրանք են, որ վկայում են հույսի ու հավատի մասին, դրանք են, որ երաշխիք են ազգային միախմբման ու հարատևման:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 324 | 12.07.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ

Համբույրի համաշխարհային ոչ պաշտոնական տոնը ծագել է Մեծ Բրիտանիայում և տարածվել աշխարհում 2000-ական թվականների սկզբին։ Հենց Ալբիոնի ափերին 19-րդ դարում գտան, որ համբույրը` որպես սիրո դրսևորման ձև, արժանի է ունենալու իր տոնը: Հուլիսի 6-ին աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում են միջոցառումներ, մրցույթներ ու հանդիսություններ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ֆիլեմատոլոգիայի հետ: Մրցությունների մասնակիցների միջև խաղարկվում են տարբեր նվերներ («Ամենաերկարատև համբույրի համար», «Ամենագեղեցիկ համբույրի համար», «Ամենաանսովոր համբույրի համար» և այլն)։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 268 | 06.07.2022 / հուլիսի 6, Միջազգային օրեր

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում և ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասն իբրև սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 304 | 02.07.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի


Ս. Թեոդիտոն Գաղատացին Դիոկղետիանոս կայսեր հալածանքների զոհերից է: Լինելով գինեվաճառ, պակաս կասկածելի է թվում հալածիչներին, ինչի շնորհիվ կարողանում է ամեն կերպ օգնության հասնել հալածյալ քրիստոնյաներին. գինի է մատակարարում Սուրբ Խորհրդի համար, հողին է հանձնում նահատակների մարմինները և այլն: Երբ Գաղատիայի կուսակալի հրամանով ջրասույզ են արվում Տեկուսա, Աղեքսանդրա, Կղոիդա, Փեննա, Եվփրասիա, Մատրոնա և Հուղիտա յոթ քրիստոնյա կույսերը, որոնց թվում էր նաև Թեոդիտոնի մորաքույրը, Թեոդիտոնն այլ քրիստոնյաների օգնությամբ կարողանում է գաղտնի ջրից դուրս բերել խորտակվածներին ու թաղել: Սակայն կատարվածը հայտնի է դառնում, և հալածանքներն ընդդեմ քրիստոնյաների առավել սաստականում են: Իր հավատակիցներին փրկելու համար Թեոդիտոնը հանձնվում է կռապաշտներին ու ամենածանր տանջանքների ենթարկվելուց հետո գլխատվում: 
Նույն օրը Ս. Թալիելյա բժշկի հիշատակության օրն է: Դիմանալով ամենաանմարդկային տանջանքների, երանելի սուրբն իր հավատի ամրությամբ դարձի է բերում անգամ իր դահիճներին: Նրան նետում են ծովը, որտեղից փրկվում է աստվածային հրաշքով և նահատակվում է՝ գլխատվելով:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 285 | 30.06.2022 / Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում, որը տևեց 1988 թվականից մինչև 1994 թվականը, համարվում է անհայտ կորած 950 քաղաքացի, նրանցից 400-ը զինյալներ և զինվորականներ, 550-ը՝ Մարտակերտի շրջանի քաղաքացիական անձինք: Հիշատակի այս օրը հիշում են բոլոր նրանք, ովքեր իրենց նվիրվածության, նվիրվածության և հերոսական ոգու շնորհիվ կերտեցին հաղթանակը: 
Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը նշվում է 2000 թվակնից՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի:
2020 թվականի 44-օրյա աղետաբեր պատերազմի հետևանքով կորածների, ինչպեսնաև գերիների թիվը մինչ օրս հստակ չէ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 281 | 29.06.2022 / Հայաստան, ազգային տոներ, հունիսի 29


Հայ բազմաշնորհ կաթողիկոսներից է Ս. Ներսես Հայրապետը (353-373թթ.), որին իրավամբ տրվել է Մեծ անունը: Ըստ պատմական աղբյուրների՝ նա Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմից է, Հուսիկ Հայրապետի թոռը: Փառեն կաթողիկոսի մահվանից հետո հայոց Արշակ թագավորի սենեկապան Ներսեսը, դեռևս աշխարհական, նկատվում է կաթողիկոսական գահի ամենաարժանի թեկնածու և արքայի պարտադրմամբ ձեռնադրվում է կաթողիկոս: Հետագայում հայրապետական աթոռի գահակալը դառնում է Հայ Առաքելական Եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը և իր ժողովրդի մեծանուն բարերարը: Նրա նախաձեռնությամբ գումարված Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում (354թ.) առաջին անգամ ընդունվում են որոշումներ, որոնք կանոնակարգում են հոգևոր-եկեղեցական կյանքը, սահմանում ընտանիքի բարոյական սկզբունքները: Ներսես Մեծ Հայրապետի նախաձեռնությամբ հիմնվում են վանքեր ու դպրոցներ, բոլոր անտունների ու աղքատների համար կառուցվում ապաստաններ ու հիվանդանոցներ: Հայրապետն իր ժողովրդի կողքին է եղել միշտ և ամենուր: Ձիրավի ճակատամարտի հաղթանակը ձեռք է բերվել նաև Ս. Ներսես Հայրապետի շնորհիվ, ով ողջ ճակատամարտի ընթացքում մոտակա լեռան վրա բազկատարած աղոթել է հայոց բանակի հաղթության համար: Ազգաշեն ու եկեղեցաշեն այս գործունեության համար էլ Ս. Ներսես Հայրապետին կոչել են նաև «Լուսավորիչ սրտից»: Հայրապետի բոլոր այս ձեռնարկներին աջակից ու գործակից է եղել Խադ եպիսկոպոսը, որին պատմիչ Փավստոս Բյուզանդը կոչել է նաև Ներսես Հայրապետի աթոռակից: Հայ Առաքելական եկեղեցին սրբերի շարքը դասելով իր երկու նվիրյալ զավակներին՝ նրանց հիշատակը միասնաբար տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 316 | 25.06.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի


Իսահակը և Հովսեփը հագարացի իշխան Կայսի զավակներն էին: Կայսը Կարինում ամուսնացել էր քրիստոնյա հայ կնոջ հետ՝ արտոնելով նրան պահպանել քրիստոնեական հավատն ու նույն հավատով դաստիարակել զավակներին: Սակայն, տարիներ անց հայտնի է դառնում իշխանազուն երկու եղբայրների քրիստոնյա լինելը, և նրանց իբրև իսլամ հոր զավակներ ստիպում են նույն կրոնն ընդունել: Չնայած հոր՝ կեղծ ուրացության հորդորներին, եղբայրներն անդրդվելի են մնում իրենց հավատի մեջ և գլխատվում 808 թվականին:

Հռոմեացի ազնվականներ Սարգիսը և Բագոսը Բյուզանդական արքունիքի բարձրաստիճան պաշտոնյաներ էին, ովքեր կռապաշտական մի արարողության մասնակցելուց հրաժարվելու պատճառով ենթարկվել են բազմաթիվ տանջանքների, սակայն հավատարիմ են մնացել քրիստոնեությանը: Տանջանքներից Բագոսը մահացել է, իսկ Սարգիսը նետվել է բանտ և գլխատվել Հյուսիսային Սիրիայում 300 թվականին:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 361 | 23.06.2022 / եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի

Միջազգային օլիմպիական կոմիտեն 1984 թվականի հունվարին, Սանկտ-Մորիցիում կայացած 42-րդ նստաշրջանում ընդունեց որոշում ամեն տարի հունիսի 23-ին տոնել Միջազգային Օլիմպիական օր  (International Olympic Day): Այդ տարեթիվն ընտրվեց նրա համար, որ 1894 թվականի հունիսի 23-ը համարվում է ՄՕԿ-ի ստեղծման հիշատակի օր: Օլիմպիական շարժման վերածննդի խանդավառ ջատագով բարոն Պիեռ դը Կուբերտենը Փարիզում միջազգային մարմնակրթական վեհաժողովում հրապարակեց իր պատմական ելույթը, որից հետո վեհաժողովը 1896 թվականին որոշում ընդունեց առաջին Օլիմպիադան Հունաստանում անցկացնել, միևնույն ժամանակ Կուբերտենը գլխավորում էր ՄՕԿ-ը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 285 | 23.06.2022 / Միջազգային օրեր, հունիսի 23

« 1 2 3 4 ... 9 10 »
ԴԵՊԻ ՎԵՐ