Պատմության հայկական օրը, օգոստոսի 18

 Պատմություն  18/08/2021   09:00    177
Պատմության հայկական օրը, օգոստոսի 18

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2009 - Լևոն Տեր-Պետրոսյանն այցելում է Իջևան՝ Նիկոլ Փաշինյանի հարազատներին հանդիպելու համար։

  • Հընթացս նա հանդիպում է մարզի լրագրողներին, որոնց հետաքրքրում է առաջին նախագահի տեսակետը Ղարաբաղյան խնդրի մասին։ «Ղարաբաղը վերջնականապես չկորցնելու միակ տարբերակը իշխանությունների հեռացումն է: Պետք է հեռանա այդ մարդը»,- ասում է Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի մասին:

2006 - Հայաստանի կառավարությունը   թույլատրում է «Հայգազարդ»֊ին 40 միլիոն դոլարով վաճառել «Նաիրիտ» ընկերության իրեն պատկանող 90 տոկոս բաժնեմասը «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» բրիտանական կազմակերպությանը: 

  • Միաժամանակ «Հայգազարդ»-ը ձեռք է բերում «Նաիրիտ-2» ընկերության 100 տոկոս բաժնեմասը՝ 13 միլիարդ 600 միլիոն դրամով:  

2003 - Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը դեմ է արտահայտվում բուժհիմնարկների սեփականաշնորհմանը։ 

  • Իր հայտարարության մեջ ասված է, որ «բուժհիմնարկների տարերային սեփականաշնորհումը կարող է կաթվածահար վիճակի հասցնել երկրի առողջապահական ոլորտը և հանգեցնել սոցիալական դժվարությունների»։  

2000 - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպում են Յալթայում, կրկին` առանց համանախագահների։

  • ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած առանձնազրույցից հետո Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին փոխանցել էին` հակամարտության կարգավորումը զիջումներ է պահանջելու երկու կողմերից էլ: Հայաստանի նախագահը միաժամանակ ընդգծել էր, թե տնտեսական համագործակցությունը կարող է նոր թափ հաղորդել քաղաքական կարգավորմանը:

2000 - Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը դժգոհում է Երևանի բյուջեի ձևավորման մեխանիզմներից։ 

  • Փոխարենը ինչքան լավ էր վիճակը 1999-ի հոկտեմբերի 27-ից առաջ։ Նա արդեն մեկ տարվա քաղաքապետ է և ասում է, որ քաղաքապետարանը այդ ընթացքում միայն պարտքեր է կուտակել։

2000 - «Հոկտեմբերի 27 հասարակական վերահսկողության հանձնաժողովը» դժգոհում է, թե ինչու՞ է կարճվել 5 մեղադրյալների գործը։ 

  • Հանձնաժողովի նախագահը պահանջում է վերսկսել կարճված գործերի քննությունը։ Ալեքսան Հարությունյանի պաշտպանը կոշտ է հակադարձում այդ պահանջին։

2000 - Դատարանում հոկտեմբերի 27-ի գործով տուժողների իրավահաջորդները սկսում են հիմնական մեղադրյալ Նաիրի Հունանյանի հարցաքննությունը։

  • Հունանյանը չի հիշում, թե քանի անգամ և որտեղից է կրակել Յուրի Բախշյանի վրա։ Նա ժխտում է, որ վերջինիս վրա արձակել է նաև ստուգողական կրակոց։ Նա մտադիր էր Բախշյանին հետագայում օգտագործել պետական ծառայության մեջ։  

1998 - Հայտնի է դառնում, որ սեպտեմբերի վերջին կվերագործարկվի «Արուսը»։ 

  • Դա հայկական արագացուցիչի ռուսերեն հապավումն է։ Արուսը 10 տարի անգործության էր մատնվել ֆինանսների բացակայության և գիտնականների արտագաղթի պատճառով։ Հիմա կառավարությունը փող է գտել։ Բայց արագացուցիչի ապագան, միևնույն է, անորոշ է։

1998 - Պետական համերգասրահներում ռաբիս երաժշտություն չպետք է հնչի։

  • Մշակույթի նախարարության ազգային մշակույթի զարգացման և տարածման վարչության պետ Արթուր Շահնազարյանն ասում է, որ ստեղծվել է կոմպոզիտորների խորհուրդ, որը կհետևի ազգային երաժշտության տարածմանը և ծրագրեր կմշակի։

1997 - Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանգստացնում է լրագրողներին՝ քաղաքական կյանքում լուրջ իրադարձություններ չեն սպասվում։ 

  • Բագրատյանը վստահեցնում է, որ մեր քաղաքական կյանքը մեռնում է, քանի որ կոնցեպցիա չկա, ընդդիմությունն էլ նմանվում է իշխանություններին։ Մարդը դժգոհ չէ նոր վարչապետ Ռոբերտ Քոչարյանից, փոխարենը նրան ափերից հանում է դատաիրավական ոլորտը։

1997 - «Ռազմագիտություն» առարկան վերադառնում է դպրոց։ 

  • Հանրապետական հավաքակայանում հավաքվել են տարբեր զորամասերի ներկայացուցիչներ, որոնք պետք է պատրաստեն ռազմագիտության ուսուցիչների, որպեսզի բանակը համալրեն հոգեպես «վառ դաստիարակված երեխաներ»։  

1995 - 85 տարեկանում կյանքից հեռացավ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը:

  • ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրի համաձայն՝ օգոստոսի 26-ից մինչև հուղարկավորության օրը` օգոստոսի 28-ը, հայտարարվել է համազգային սուգ:
  • Բազմամյա ազգանվեր գործունեության համար 1994 թ. հուլիսի 28-ին ՀՀ նախագահը Վազգեն Ա-ին շնորհել էր ՀՀ պետական ամենաբարձր պարգևը: Վազգեն Վեհափառն առաջինը ստացավ ՀՀ ազգային հերոսի բարձրագույն կոչումը և «Հայրենիքի շքանշանը»:

1993 - Ադրբեջանական օդուժի կողմից բարբարոսական ռմբակոծության ենթարկվեց Կապան քաղաքը, որի հետևանքով եղան մեծ ավերածություններ:
1983 - ASALA. Վնասազերծվում է Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան պահակի մեքենայի վառելանյութի պահեստում զետեղված ոռւմբը։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
  • Նույն օրը պայթյուն է որոտում Բեյրութի Տորայի պողոտայի վրա գտնվող բազմազգ ուժերին պատկանող ֆրանսիական կենտրոնի մոտ՝ նյութական վնասներ պատճառելով։ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Օրլի Խմբակն» ստանձնում է պատասխանատվությունը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Միկա (Մայքլ Հոլբրուք Փենիման) լիբանանյան ծագումով բրիտանացի երգիչ
1965 - Սամվել Կարապետյան, գործարար
1922 - Աշոտ Սուքիասյան, հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մ. 2007)
1920 - Արմինե Կալենց, հայ նկարչուհի
1918 - Ալեքսան Կիրակոսյան, խորհրդային կուսակցական և պետական աշխատող
1830 - Հակոբ Վարդովյան, դերասան, ռեժիսոր
1828 - Մկրտիչ Պեշիկթաշլյան, բանաստեղծ

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Պատմության հայկական օրը, օգոստոսի 18

Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 2
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 1
vakhtangmmargaryan