Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 12

 Հայեր  12.09.2021   09:00    26
Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 12

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հայ Առաքելական եկեղեցի - Խաչվերաց

  • Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
  • Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց: Թագուհին հրամայեց մեծ հանդիսավորությամբ ութ օր տոնել սուրբ տաճարների նավակատիքը: Այդ օրվանից կարգ սահմանվեց ամեն տարի՝ սեպտեմբերի 13-ին տոնել Խաչի նավակատիքը և Եկեղեցու տոնը, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Խաչի տոնը: Այդ օրը Հակոբոս Տյառնեղբոր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հավատացյալների պահպանության համար, այդ պատճառով էլ տոնը կոչվեց «Խաչվերաց»:
  • Խաչվերացի տոնն իր վերջնական հաստատումը ստացավ հետագայում, երբ իր հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով Ամբարիշտ թագավորը 610 թվականին կամենում էր իրեն հպատակեցնել Հերակլ կայսերը և նամակով նրան առաջարկում է գալ, ընդունել իր գերազանցությունը և պաշտել իրեն: Նա, մեծ զորք տալով իր Խոռեմ զորավարին, նրան ուղարկեց հունաց աշխարհ, և վերջինս սկսեց ավերել ու մեծ ավար վերցնել պաղեստինցիների աշխարհից:
  • Խոռեմ զորավարը 614 թվականին, տասնինն օր շարունակ պաշարելով քաղաքը և փորելով քաղաքի հիմքերը, այն գրավեց: Երբ պարսից զորքը մտավ քաղաք, սրի քաշվեց ողջ բնակչությունը: Կոտորվեց 57 000 մարդ և գերի վերցվեց 35 000 մարդ: Նրանց թվում գերեվարվեց նաև Զաքարիա հայրապետը: Ապա պարսիկները մտան Սուրբ Հարության տաճարը, բռնագրավեցին Աստվածընկալ սուրբ Խաչը և տաճարի ոսկյա ու արծաթյա սպասքները, իսկ քաղաքն այրեցին: Հետո զորավարը գերիներին հրամայեց քաղաքը վերստին կառուցել և բոլոր հրեաներին արտաքսել, իսկ ինքը պատվական Խաչը տարավ Պարսկաստան: Երբ զորքը մոտենում էր թագավորանիստ քաղաքին, Խոսրով թագավորն ընդառաջ ելավ՝ դիմավորելու Տերունական Խաչին, որից Քրիստոսի Խաչն ակամա փառավորվեց: Երբ Քրիստոսի Խաչն այդպիսի պատվով մտավ քաղաք, պարսից թագավորն այն մեծ պատվով պահեց իր գանձարանում և Խաչի առջև մի անշեջ կանթեղ էր մշտապես պահում:
  • Քրիստոնյաները, զրկվելով իրենց սրբությունից, հայտնվեցին այնպիսի անմխիթար վիճակում, ինչպես ժամանակին հայտնվել էին հրեաները, երբ փղշտացիները գերեվարել էին Աստծո Ուխտի տապանակը: Սակայն Տիրոջ խաչը, հայտնվելով Պարսկաստանում, մեծ փառքի արժանացավ, ինչպես և Տապանակն Ազոտոսում (տե՛ս Ա Թագ. Ե): Տեղաբնակները Տիրոջ խաչին վերաբերում էին մեծ երկյուղածությամբ և ասում, որ քրիստոնյաների Աստվածն է իրենց մոտ եկել: Դրանից նրանց սրտերն այնպիսի ահով էին տոգորվում, որ հեթանոս լինելով հանդերձ՝ չէին համարձակվում վնասել խաչափայտը, և նույնիսկ վրան եղած թանկարժեք զարդերին չէին դիպչում: Շատերն էլ այդ ահից դիմում էին տեղաբնակ քրիստոնյաներին և նրանցից լսելով Ավետարանի խոսքը, քրիստոնեություն ընդունում:
  • Այնուհետև Հերակլ կայսրն օգնության կանչեց ճենաց Խական թագավորին: Հերակլին իր ռազմական օժանդակությունն էր բերում նաև հայկական կողմը՝ զորավար Մժեժ Գնունու գլխավորությամբ, ում միացան նաև պարսկահպատակ հայերը: Սակայն Խոսրով թագավորի հզոր բանակի ճնշման տակ ճենաց թագավորն անցավ Խոսրովի կողմը, և Հերակլ կայսրը մեծ պարտություն կրեց: Այդ պարտությունից հետո նա քուրձ հագավ, հանեց իր թագն ու թագավորական ծիրանին և մոխրի վրա ընկնելով՝ երեք օր շարունակ աղոթեց՝ բարեխոս ունենալով Մարիամ Աստվածածնին: Չորրորդ օրը նա ստացավ աղոթքի պտուղը. տեսիլքով նրան հայտնվեց, որ պետք է հաղթի այդ պատերազմում: Եվ իսկապես, ճակատամարտում Հերակլը հաղթեց, Խոսրովը սպանվեց, իսկ նրա բանակի մնացորդը փախավ:
  • Հերակլ կայսրը մեծ զորքով գալիս է արևելք և պահանջում Սուրբ Խաչը, որն անմիջապես տրվում է: Սկզբում Սուրբ Խաչը Պարսկաստանից հանդիսավոր թափորով փոխադրվում է հայոց Կարին քաղաքը, ապա այնտեղից՝ Կոստանդնուպոլիս և հետո՝ Երուսաղեմ: Խաչափայտն աննկարագրելիորեն մխիթարում ու ոգևորում է բարեպաշտ հավատացյալներին: Գերեդարձության ճանապարհին Խաչը գրեթե ամեն տեղ բարձրացվում է և ամենուր ցնծություն առաջացնում, որը կարծես վերապրումն էր Քրիստոսի հարության: Այդ դեպքերն էլ պատճառ դարձան «Խաչվերացի» տոնի հաստատման համար:
  • Այդ առիթով է Կարնո դաշտի հարավարևելյան կողմում բարձրացող լեռների մեծ գագաթը Խաչափայտ կոչվում: Այդ լեռան սարահարթի վրա բխում է սառնորակ ջրի աղբյուր, որն ուխտատեղի է դարձել: Տեղական ավանդությունը պատմում է, որ Խաչը հանձնելուց հետո պարսիկները կրկին փորձում են այն ետ վերցնել: Հայերը, խաչափայտն այնտեղ թողնելով, ետ են մղում պարսկական կողմի հարձակումը և երբ վերադառնում են խաչափայտը վերցնելու, տեսնում են, որ Խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում: Նույնանուն լեռների ստորոտում կա Խաչկա վանքը, ուր Խաչվերացի սքանչելի տոնի առիթով ժամանակին բազում ուխտավորներ էին այցելում:
  • Խաչվերացի տոնը կատարվում է մեծ հանդեսով: Երեկոյան մի ափսեի վրա բազմեցնում են Կենաց փայտի մասունք պարունակող խաչը, այն զարդարում ռեհանով ու բազմերանգ ծաղիկներով և վրան վարդաջուր ցողում: Ապա խաչը թափորով բերում են եկեղեցու գավիթ և դրանով տյառնագրում աշխարհի չորս կողմերը: Այդ օրն ուրախանում է երկինքը, ցնծում երկիրը և պայծառանում մայր Եկեղեցին, քանզի քառաթև վայելչական պսակով զարդարեց իր գլուխը, որը սրսկված է Աստծո Որդու Արյամբ: Աստվածային նշանը՝ տիեզերքի փրկագործ ու աշխարհակեցուցիչ Խաչը, կանգնեց տիեզերքի մեջ, ցոլացած բարձրացավ սուրբ Գողգոթայի վրա, արփիափայլ ճառագայթներով փայլեց Երուսաղեմում, ավելի պայծառ, քան արեգակը, և տարածելով բոցաճաճանչ ճառագայթափայլ հրանյութ թևերը՝ լցրեց տիեզերքի բոլոր ոլորտներն՝ իր ամենահաղթ ու պահապան զորությամբ ծածկելով բոլոր հեթանոսներին:
  • Խաչի չորս թևերը միմյանցից տարբեր ուղղություններով են ներգործում: Խաչի ներքևի պատվանդանն ավերում է դժոխքը, վերևի գլուխը Դրախտի դուռն է բացում, աջ թևը մարդկային ցեղին շնորհներ է բաշխում, իսկ ձախը՝ սաստում և պատուհասում դևերին:
  • Մարգարեները խաչը «հեռվից» քարոզեցին, և երջանիկ առաքյալները խաչով երևացին ահավոր դևերին: Սուրբ վկաները խաչով հաղթեցին անօրեն բռնավորներին, և անապատաբնակները խաչով կրոնավորելով պահպանվեցին: Սուրբ և պարկեշտ կույսերը խաչով են զգաստանում, և քահանաները խաչով են կարգը կատարում:
  • Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել:
  • Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր», - այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:
  • Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

* * *

  • Հայ Առաքելական եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված հետևյալ տոները. Սուրբ Խաչի երևման, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչի, Ս. Խաչի գյուտ: Այս չորսից երեքը նշվում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում, և միայն Վարագա Սուրբ Խաչի տոնն է զուտ հայկական ու կատարվում է միայն մեր Եկեղեցում:

Խաչին ապավինելու աղոթք

Երբ լուսավոր ամպերի վրա
Երևաց Հոր փառքով,
Քո խաչը մեզ ապավեն թող լինի,
Տեր Հիսուս:

Այն ժամանակ մենք`
Քեզ ապավինածներս,
Չենք ամաչի,
Այլ Քո մեծ զորությամբ,
Որպես լույսի որդիներ,
Կբերկրենք Քո աջ կողմում:

  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-09-11, 2023-09-17, 2024-09-15, 2025-09-14, 2026-09-13, 2027-09-12, 2028-09-17, 2029-09-16, 2030-09-15։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2019 - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սկսվեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատաքննությունը:

  • Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
  • Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գործը մակագրվել էր դատավոր Աննա Դանիբեկյանին:
  • «Մարտի 1֊ի գործի բացահայտումը ձախողվել էր Քոչարյանի վարած քաղաքականության արդյունքում»- ասել էր փաստաբան Սեդա Սաֆարյանը։
  • Արդարադատության հաստատման ակնկալիքով այս աննախադեպ դատաքննությունը դատարանի բակ էր բերել բազմաթիվ մարդկանց։

1993 - Մոսկվայում հանդիպում են Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահն ու Ղարաբաղի արտգործնախարարը։

  • Աֆիյադդին Ջալիլով ֊ Արկադի Ղուկասյան բանակցություններում, ըստ պաշտոնյաների, հայկական կողմը համաձայնում է մինչև հոկտեմբերի 5֊ը զենքերը վայր դնել` հնարավորություն տալով Ադրբեջանին նախագահական ընտրությունները անցկացնել առանց ռազմական գործողությունների։

1991 - ՀՀ ԳԽ-ն կոչով դիմեց հանրապետության քաղաքացիներին՝ մասնակցելու և կողմ քվեարկելու անկախության հանրաքվեին:
1991 - ՀՀ ԳԽ-ն ճանաչեց Լատվիայի և էստոնիայի անկախությունը, վավերացրեց հայ-լիտվական և հայ-վրացական միջպետական պայմանագրերը:
1963 - Հայաստան են գալիս ֆրանսիացի նշանավոր գրող, էքզիստենցիալիզմի «հայր» Ժան-Պոլ Սարտրը կնոջ՝ գրող Սիմոնա դե Բովուարի հետ:

  • Նրանք Հայաստան են գալիս Վրաստանից, ուստի այցելությունը սկսվում է Սեւանից, որտեղ նրանց իջեցնում է Թբիլիսիից ժամանած ավտոմեքենան:

1918 - Հայկական կառավարությունը Հայաստանում ճաշ տվեց օսմանյան պետության դեսպան Ալի Մեհմեդ փաշային։

  • Ճաշին հրավիրված էին զինվորական բարձր պաշտոնյաները, Հայաստանի Խորհրդի նախագահը և ֆրակցիայի ավագները։
  • Ճաշի ժամանակ բաժակաճառեր արտասանեցին մինստր-նախագահ Հ․ Քաջազնունին, Խորհրդի նախագահ Ա․ Սահակյանը, կորպուսի հրամանատար զորավար Նազարբեկյանը, Հայ ժողովրդական ֆրակցիայի ավագ Ստ․ Մալխասյանը և արդարադատության մինստր Գ․ Պետրոսյանը, որոնց բոլորին պատասխանում էր դեսպանը։
  • Ճառերի մեջ երկուստեք շեշտվում էր հաշտ և խաղաղ կենակցության կարևորությունը և երկու հարևան պետությունների շահերի համերաշխությունը։
  • Խալիլ փաշայից թույլտվություն է ստացվել 12.500 փութ ցորեն ստանալու համար Օսմանյան Թուրքիայից։

ԾՆՎԵԼ ԵՆ

1970 - Սամվել Գյոզալյան (ծնվ. Օդեսա, Ուկրաինա), հայկական, նախկինում խորհրդային, Բելառուս և գերմանացի գեղասահորդ, Գերմանիայի չեմպիոն, սառույցի վրա պարերի միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող և մրցանակակիր, Բելառուսի միջազգային կարգի սպորտի վարպետ

  • 1997-ին Սամվել Գյոզալյանը Քսենիա Սմետանենկոյի զույգ կազմելով ելույթ է ունեցել Հայաստանի դրոշի ներքո՝  նվաճել ով «Զագրեբի Ոսկե Չմուշկ» արտոնագրված մրցաշարը և որակվել Նագանոյի Օլիմպիական խաղերին։ Սակայն Օլիմպիադայում կարողացել են զբաղեցնել միայն 24-րդ տեղը և մրցաշրջանի ավարտից հետո որոշում են կայացրել ավարտել իրենց մարզական կարիերան:
  • Հետագայում Սամվել Գյոզալյանը մարզչական գործունեությամբ է զբաղվել ԱՄՆ-ում, 2000-ականների սկզբին Ալեքսանդր Ժուլինի խմբում աշխատել է ԱՄՆ-ի առաջնության (2001) բրոնզե մրցանակակիրներ Ջեսիկա Ջոզեֆի և Բրենդոն Ֆորսայթի հետ:

1959 - Սոս Հայրապետյան, կոչումով մարզիկ, ԽՍՀՄ քառակի գավաթակիր, ԽՍՀՄ ութակի չեմպիոն, Եվրոպայի Չեմպիոնների կրկնակի գավաթակիր, միջմայրցամաքային գավաթակիր, Եվրոպայի առաջնության և խոտի հոկեյի օլիմպիական խաղերի մրցանակակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
1953 - Սերգեյ Ուռումյան, մանկաբարձ-գինեկոլոգ, «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն
1949 - Սամվել Սևադա (Գրիգորյան) նկարիչ, լուսանկարիչ և բանաստեղծ
1949 - Արմեն Դարբինյան, ՀՀ բանակի գեներալ-մայոր
1938 - Գեորգի Վարդումյան, նավթագործ գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր

  • Պրոֆեսոր Վարդանյանի անունով է կոչվել Կուբանի ՊՏՀ նավթագազային գործի ամբիոնը։

1938 - Վալերի Սարուխանով (ծնվ. Տաշքենդ, Ուզբեկստան), ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր, Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի հեռուստատեսային արվեստի ամբիոնի պրոֆեսոր

  • Վալերի Սարուխանովը սովորելու ընթացքում ստեղծել է Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «12 աթոռ» և «Ոսկե հորթ» վեպերի նկարազարդումների շարք:

1930 - Ստեփան Մարտիրոսյան, կինոօպերատոր, ռեժիսոր
1917 - Գեորգի Հակոբյան, թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)
1915 - Նիկոլայ Սուկոյան (ծնվ. Բաթում, Վրաստան), ճարտարապետ, նկարիչ, Մոսկվայի պատվավոր շինարար

  • Սուքոյանի կարկասա-պանելային շենքի հայտնի նախագիծը Մոսկվայում 50-60-ական թվականներին արդյունաբերական բնակարանաշինության կայացման գործում նշանակալի դեր է խաղացել:

1912 - Ապետ Թուլումջյան (ծնվ. Ս. Էշերա, Սուխումի շրջան), պատմաբան, արխիվագետ, պատմական գիտությունների թեկնածու

  • Մոսկվայի պետական պատմա-արխիվային ինստիտուտի առաջին շրջանավարտներից է, Աբխազիայի առաջին պրոֆեսիոնալ արխիվագետը։

1905 - Արշալույս Ավագյան, մանրէաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1896 - Ասատուր Խուրշուդյան, իրավաբան, հեղափոխական շարժման մասնակից
1892 - Վահրամ Փափազյան, հայ թեթևաթլետ

  • Մասնակցել է 1912 թվականի Ամառային օլիմպիական խաղերի տղամարդկանց 800 մ և 1500 մ վազքատարածություններին։ 
  • Փափազյանը և Մկրտիչ Մկրյանը, դարձել են առաջին հայ մարզիկները, ովքեր մասնակցել են Օլիմպիական խաղերին, իսկ նրանց հետ նաև ազգությամբ հույն Ալեկո Մոուլլոսը, դարձել են Օսմանյան կայսրության միակ ներկայացուցիչները օլիմպիական խաղերում։

1802 - Պողոս Հովնանյան, լեզվաբան, պատմաբան և մանկավարժ
1855 - Միխայիլ Էբելով (Միխայիլ Աբելյանց, Մելիք Ադել, ծնվ. Նեմիրովո, Ուկրաինա), ինֆանտերիայից գեներալ, Օդեսայի ԶՕ գլխավոր պետ, Օդեսայի գեներալ-նահանգապետ

  • Սերում է մահմեդականություն ընդունած հայերից, որոնցից մեկի «Աբելով-Աբելյան» ազգանունը  հնչում էր որպես «Էբելով»։
  • Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո (1917) մնացել է Օդեսայում: Ձերբակալվել է բոլշևիկների կողմից  և որպես «հակահեղափոխական և միապետական» գնդակահարվել 1919թ. հուլիսի 13-ին Օդեսայում։

1853 - Պողոս Բեդրոս XIII Թերզյան (ծնվ. Հունգարիայում), Կիլիկիայի կաթոլիկ պատրիարք
1828 - Մատվեյ Լալաև, ականավոր ռազմական ուսուցիչ և պատմաբան, հրետանու գեներալ

  • Հին հայկական տոհմի հետնորդ։ Հեղինակ է բազմաթիվ բարեփոխումների, ռազմաքաղաքական գիտական աշխատությունների, մենագրությունների, հոդվածների։
  • Տապանաքարի գրությունը հայերեն և ռուսերեն լեզուներով է։

1781 - Հովհաննես Պետրոսով (ծնվ. Շուշի, Արցախ), մամլուք

  • Հովհաննեսի ծնողները Պետրոսն ու Մարգարիտա են։ Մանուկ հասակում նրան առևանգել են թաթարները և վաճառել Եգիպտոսում։
  • Հովհաննեսբեկյան ազգանունը կրող մամլուքի ժառանգները գոյություն ունեն մինչև մեր օրերը և, որոշ տվյալներով, այժմ բնակվում են Մոսկվայում։