Պատմության հայկական օրը. հունիսի 9


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանը վերադարձրեց 1 հայ ռազմագերի։ 
2021 - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, սակայն այժմ պետք է ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանում խաղաղ կյանքի վերադարձին: 

  • «Ես հասկանում եմ, որ այժմ շատերը խոսում են այն մասին, որ չլուծված է մնում ԼՂ կարգավիճակը: ԼՂ կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս պահին պետք է աջակցեն վստահության միջոցների ամրապնդմանը, հումանիտար հարցերի լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգ եւ տնտեսական բարեկեցության պայմաններում: Եվ այդ ժամանակ, վստահեցնում եմ, 2-3 տարի անց կարգավիճակի բոլոր խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն»,-ասել է Լավրովը:

2009 - Սերժ Սարգսյանի հրամանով իր գործունեությունն է դադարեցնում մարտի 1-ի սպանությունների բացահայտմամբ զբաղվող փաստահավաք խումբը։ 

  • Ըստ Մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնագահ Սամվել Նիկոյանի, պատճառն այն է, որ ցանկացած բացահայտում խումբը դարձնում էր հանրության սեփականությունը։

2007 - Սանկտ Պետերբուրգում կայանում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջին և վերջին հանդիպումը 2007֊ի ընթացքում: Երեք ժամ շարունակված բանակցություններն արդյունք չեն տալիս։

  • Հանդիպումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հաստատում են` նախագահներին չի հաջողվել առաջընթաց արձանագրել, սակայն չեն մանրամասնում`ինչն է եղել պատճառը, կամ`հստակ որոնք են վիճահարույց հարցերը: Բանակցություններին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը «Ազատությանը» հայտնում է` Ի.Ալիևը պնդել էր, որ հիմնարար սկզբունքների փաստաթղթում չհիշատակվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը, հայկական կողմը, մինչդեռ պահանջել էր նշել այն մեխանիզմը, որով անցկացվելու է կարգավիճակի շուրջ հանրաքվեն:

2006 - Ըստ Հայաստանի դատախազության հրապարակած ինքնասպանությունների վիճակագրության, վերջին 5 տարում, ըստ դատախազության, Հայաստանում ինքնասպան է եղել 1241 հոգի և ևս 1157 հոգի փորձել է ինքնասպանվել։
1999 - Կառավարության ընդունելությունների տանը ԿԸՀ-ն պատգամավորական մանդատներ է բաժանում երկրորդ գումարման նորընտիր պատգամավորներին։ 
1998 -  Ազգային Ժողովում միայն երկու պատգամավոր էր համաձայն Պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրից հանել Կոնյակի գործարանը։

  • Պատգամավոր Վանո Սիրադեղյանը մեկ նախադասությամբ ձևակերպում է այս ձախողումը՝ իրեն հարգող ոչ մի խորհրդարան ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման օրն այսպիսի հարց չի քննարկում։

1998 - Ազգային Ժողովը քվեարկությամբ մերժում է Հայաստանի գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի առաջարկը պատգամավոր Նվեր Չախոյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին։ 

  • Վերջինս մեղադրվում էր դրամաշորթության մեջ, սակայն մեղադրանքը համարում է քաղաքական։

1993 - Ռուսաստանի արտգործնախարարը անձամբ է ժամանում է տարածաշրջան` հորդորելու կողմերին իրականացնել միջազգային հանրության պահանջները։

  • Ռուսական կողմի հետ հանդիպումներից մի քանի օր անց` հունիսի 14֊ին, Հայաստանի նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանը Գորիսում, ապա` Ստեփանակերտում կոշտ զրույց է ունենում Ղարաբաղի ներկայացուցիչների հետ:
  • Տեր֊Պետրոսյանի և Ղարաբաղի առաջնորդների հանդիպմանը ներկա է եղել նաև Ղարաբաղի Գերագույն խորհրդի լրատվական ծառայության ղեկավար Գեղամ Բաղդասարյանը, ով տարիներ անց հրապարակել է այդ օրը արած գրառումները: «Լևոն Տեր-Պետրոսյան- Ես եկել եմ մենակ: Կռվել եմ ընկերներիս հետ, որ մենակ գամ` չէին թողնում Բաբկենը, Վահանը, Վազգենը: Եկել եմ ասելու իմ վերջին խոսքը: Ձեզ հետ չեմ վիճելու` տրամադիր չեմ: Ոչ մի բանավեճ տեղի չի ունենալու, ամեն ինչ արդեն ասել ենք միմյանց: Ձեր փաստարկները ես գիտեմ, դուք` գիտեք իմը: Կարող ենք տեղներս փոխել, բայց դրանից ոչինչ չի փոխվի: Չեմ ուզում կրկնել ելույթս, բայց մի բան կասեմ` ցայսօր Ղարաբաղն ու Հայաստանը (չեմ անջատում իրարից) եթե պատերազմում էին Ադրբեջանի դեմ և հաջող, մերժման դեպքում պիտի պատրաստ լինեն կռվելու ամբողջ աշխարհի դեմ: Չի կարելի ծաղրել միջազգային հանրությանը, որը պատասխան է պահանջում: Այսօր դուք պիտի ապացուցեք, որ իշխանություն եք: Մենք ձեռք ենք բերում կոնկրետ թշնամի` Թուրքիան չէ դա, Ադրբեջանը չէ, Իրանը չէ: Ռուսաստանն է»:

1981 - ASALA. Ժնևում Հայ Գաղտնի Բանակ «Անդրանիկ Փաշա Քոմանտօ»-ի կողմից սպանվում է Թուրքիայի հյուպատոսարանի քարտուղար Մեհմեդ Սավաշ Երգյուզը։

  • Հայ Գաղտնի Բանակ մարտիկ Մարտիրոս Ժամկոչեանը գործողության վայրից խույս տալիս ձերբակալվում է։ Նա 1981 թվականի դեկտեմբերի 19-ին դատապարվում է 15 տարվա բանտարկության։ Մարտիրոսն ազատ է արձակվում 1991 թվականի հունիսի 12-ին, հաստատվում է նորանկախ Հայաստանի Հանրապետությունում՝ իր նպաստը բերելով Արցախյան ազատամարտին։
  • Հայ Գաղտնի Բանակը ստանձնում է հարձակման պատասխանատվությունը և իր հաղորդագրության մեջ նշում. «Մենք պայքարում ենք վերատիրանալու համար մեր բռնագրավված հողերին և վերջ դնելու գաղութատերերի նվաճումներին»։

1977 - ASALA. Վատիկանում սպանվում է Թուրքիայի դեսպան Թահա Ջարըմը։

  • Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի «Գևորգ Չավուշ Խմբակ»-ը և «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ»-ը միաժամանակ ստանձնում են գործողության պատասխանատվությունը։

1963 - Դիլիջանում բացվում է կոմպոզիտորների համամիութենական ստեղծագործական տունը, որը կառուցվել էր Էդվարդ Միրզոյանի նախաձեռնությամբ:

  • Տարբեր տարիներին այստեղ հանգստացել եւ ստեղծագործել են Դմիտրի Շոստակովիչը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Բենջամեն Բրիտենը, Ռոդիոն Շչեդրինը եւ շատ ուրիշ արվեստագետներ:

1920 - Սկսվեց հայ-թուրքական պատերազմը։

  • Թուրքական բա­նա­կը հարձակվեց դաշնակցական Հայաստանի վրա և գրա­վելով Հայաստանի 2/3-ը, նոյեմբերի 18-ին ստիպեց դաշ­նակցականներին ստորագրել հաշտության պայ­մա­նա­գիր, որով Հայաստանը դառնում էր Թուրքիայի մաս։

1849 - Ստեղծվեց Երևանի նահանգը, որը կազմված էր Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր-Բայազետի և Օրդուբադի գավառներից։

  • Արևելյան Հայաստանի մյուս շրջանները մտան Թիֆլիսի և Ելիզավետապոլի նահանգների մեջ։ Այդպիսի վարչական բաժանումը կարելի է ասել պահպանվեց մինչև 1917 թվականը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Տիգրան Մարտիրոսյան (ծնվ. Լենինական), ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, երիտասարդների և մեծահասակների աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

  • Տիգրան Մարտիրոսյանը պատմության մեջ է մտել որպես ծանրամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության ոսկե մեդալը Հայաստանի դրոշի ներքո նվաճած առաջին մարզիկ:

1960 - Քրիստինա Զեյթունյան-Բելոուս (ծնվ. Մոսկվա), բանաստեղծուհի, թարգմանիչ
1958 - Կարեն Կոմենդարյան (ծնվ. Բաքվի), թարգմանիչ, հետազոտող, հայկական դրամի նշանի հեղինակը
1945 - Ֆաինա Մելնիկ (ծնվ. Ուկրաինա, մ. 2016), խորհրդային թեթև ատլետ, սկավառականետորդ և գունդ հրող, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, երեք Օլիմպիական խաղերի մասնակից , աշխարհի բազմակի ռեկորդակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
1939 - Սերգեյ Եսայան (ծնվ. Մոսկվա, մ. 2007), նկարիչ, քանդակագործ, սցենարիստ
1913 - Թամարա Վարդանի Միանսարովա (ծնվ. Մինսկ, մ. 1990), դաշնակահար, Բելառուսի ԽՍՀ վաստակավոր արտիստ
1912 - Ռոբերտ Նալբանդյան (ծնվ. Կարակիլիսա, մ. 1974), թատերական նկարիչ, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1955)
1910 - Մայրանուշ Պարոնիկյան (ծնվ. Վան, մ. 1990), ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

  • Ամուսինը քանդակագործ Ստեփան Թարյանն է։

1902 - Սամվել Սաֆարյան (ծնվ. Շուշի, մ. 1969), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1897 - Միքայել Արուտչյան (ծնվ. Շուշի, մ. 1961), հայ խորհրդային նկարիչ և գրաֆիկ, հայ թատերական-դեկորատիվ արվեստի հիմնադիրներից, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ.
1855 - Ֆելիչան Պասակաս (ծնվ. Գալիցիա, մ. 1914), դերասան, թատերական ռեժիսոր

  • Եղել է հայազգի տանուտեր Թեոդոր Պասակի և Քրիստինա Ստրժենբոշուվնայի որդին։