Պատմության հայկական օրը. նոյեմբերի 16


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Ադրիանոսի և նրա կնոջ` Անատոլիայի, Թեոդորոս և Ելևթյուրոս վկաների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ադրիանոսը Մաքսիմիանոս կայսեր օրոք հռոմեական բանակում բարձրաստիճան պաշտոնյա էր, որ սկզբնապես հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Սակայն տեսնելով նրանց քաջությունն ու համբերությունը` իր կնոջ` Անատոլիայի աղոթքի ու ջանքերի շնորհիվ ի վերջո քրիստոնյա է դառնում: Նոր հավատքի համար նա բանտարկվում է և խստագույն չարչարանքների ենթարկվելով` նահատակվում է 310 թվականին: 
  • Անատոլիան, ով քրիստոնյաների դեմ հարուցված հալածանքների ժամանակ գոտեպնդում էր բանտարկյալներին` չտկարանալ հավատի մեջ և արիաբար ընդունել մարտիրոսական պսակն, իր ամուսնու նահատակությանը ներկա էր՝ ձևանալով այր: Նա այնքան անձնվիրաբար էր ծառայում բանտարկյալ քրիստոնյաներին, որ ստանում է «քույր մարտիրոսաց» անունը: Ամուսնու մահից հետո քաշվում է Բյուզանդիոն, ապրում առաքինի վարքով և իր մահկանացուն կնքում խաղաղ մահով:
  • Թեոդորոսը զորավար էր հռոմեական բանակում Լիկիանոս կայսեր օրոք: Վերջինս թեև Կոստանդիանոսի հետ ստորագրել էր քրիստոնյաների ազատագրման հրովարտակը, բայց հետագայում մտափոխվում է և սկսում հալածել քրիստոնյաներին: Իրազեկ դառնալով, որ Թեոդորոսը ոչ միայն քրիստոնյա է, այլև ուրիշներին է քրիստոնեացնում, Լիկիանոսը հրահանգում է նրան հրաժարվել նոր հավատից և դառնալ հին կրոնին: Սակայն Թեոդորոսը գերադասում է ենթարկվել չարչարանքների, քան ուրանալ Քրիստոսին: Կայսեր հրամանով նրան ձաղկում են, ապա գլխիվայր կապում խաչափայտին ու գլխատում 319 թվականին:
  • Ելևթյուրոսը ապրել և գործել է Դեկոս կայեր իշխանության օրոք Գաղատիայում: Դաժանաբարո Կումվրիա թագավորին պախարակելու համար գլխատվում է քաղաքի բնակիչներից մեկը: Նրա գլխատմանը ներկա Ելևթյուրոսը դատարանին է դիմում առավել խիստ հանդիմանություններով, որի համար հալածվում է և հրաշքով փրկվում: Հրաշքին ականատես լինելով` բազում հեթանոսներ քրիստոնյա են դառնում, ի թիվս որոնց` Կալինիկոս քուրմն, ով իրեն բացահայտ քրիստոնյա է հռչակում և գլխատվում: Ելևթյուրոսը, դիմագրավելով բազմաթիվ տանջանքների, վախճանվում է իր մահով:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-11-15, 2023-09-05, 2024-09-08, 2025-01-30, 2026-08-06, 2027-11-16, 2028-09-05, 2029-09-04, 2030-01-31:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2007 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Երբ «քուչի կամ բազարի» կոդեքսի կատեգորիաները թափանցում են պետականության բարձրագույն ոլորտ, ապա վա՛յ այդ պետությանը»։
2000 - Անվանի դերասան Խորեն Աբրահամյանը մերժում է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի առաջարկը՝ դառնալ օպերայի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 

  • Պատճառն այն չէ, որ ինքը օպերային թատրոնից ոչինչ չի հասկանում:

1999 - Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Բորիս Նազարյանը նշանակվում է Հայաստանի գլխավոր դատախազ: 

  • Քոչարյանը դատախազության աշխատակիցներին անկեղծորեն ասում է, որ քաղաքական իրավիճակի պատճառով է կատարում այս նշանակումը: Մեկ այլ հրամանագրով նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվում է գլխավոր դատախազի տեղակալ:

1998 - Հայկական հողում թաղելու համար Դաշնակցությունը Թբիլիսիից Հայաստան է բերում իր երեք հիմնադիրներից մեկի՝ Սիմոն Զավարյանի աճյունը։
1997 - Ընդդիմադիր ուժերը Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպում, որիթեման Ղարաբաղյան հակամարտության մասին նախագահ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն է: 

  • Ղարաբաղի ազատամարտի վետերանները հավաքվածներին դիմում են նամակով, որտեղ ասում են, որ թույլ չեն տա Հայաստանի իշխանություններին իրենց գործը փոշիացնել:

1987 - ԽՄԿԿ Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի խորհրդական Աբել Աղանբեկյանը, ելույթ ունենալով Փարիզում, արտահայտվեց ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորելու պաշտպանությամբ։
1981 - ASALA. Պայթյուն Փարիզի Գար դը Լեստ երկաթուղային կայարանի պայուսակների բաժնում, երկու վիրավոր։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը՝ պահանջելով բանտից ազատ արձակել Մոնթե Մելքոնյանին, «Վան» գործողության չորս անդամներին և «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ»-ի անդամ Հրայր-Մաքս Քիլինճեանին։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1996 - Ռոբերտ Աբաջյան, հետմահու Արցախի հերոս
1967 - Ռալֆ Յիրիկյան, գործարար
1951 - Գեղազնիկ Միքայելյան, Հայաստանի ազգային հերոս
1949 - Արտաշես Թումանյան, Հայաստանի պետական գործիչ, դիվանագետ
1936 - Ռոբերտ Ամիրխանյան, կոմպոզիտոր
1933 - Զավեն Ավետիսյան, հայ գրականագետ։
1923 - Վահրամ Խաչիկյան, նկարիչ
1912 - Լևոն Բաբայան (մ.1995), ճարտարապետ
1904 - Միհրան Մխիթարյան, հայ սովետական ճարտարապետ
1895 - Մայքլ Առլեն (մ.1956), սփյուռքահայ անգլիագիր գրող