Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 28

 Հայեր  28/09/2021   10:00    146
Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 28

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Եվստաթեոսի և նրա կնոջ՝ Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Եվստաթեոսը (2-րդ դար) Հռոմում ապրող մի մեծահարուստ և բարեգործ զորավար էր: Տիրոջ տեսիլքից հետո հեթանոս զորավար Պղակիդոսը դարձի է գալիս և իր ողջ ընտանիքի հետ մկրտվում՝ ստանալով Եվստաթիոս անունը: Կայսրից շնորհազուրկ է լինում և կորցնելով ողջ հարստությունը՝ Հռոմից մեկնում: Դաժան փորձություններ են բաժին ընկնում նրան. ծովահեններն առևանգում են կնոջը՝ Թեոփիստային, իսկ գետանցի ժամանակ կորցնում է երկու մանկահասակ որդիներին, որոնք մոլեգնած գետի ջրերից փրկվելով՝ տարբեր մարդկանց որդեգիրներն են դառնում: Եվստաթեոսը ողբում է ընտանիքի կորուստը, սակայն Հոբ երանելու հնազանդությամբ ընդունում է Տիրոջ կամքը: Շուտով նրան կրկին կանչում են զինվորական ծառայության՝ Հռոմը թշնամիներից ազատագրելու համար: Պատերազմի ժամանակ, Տիրոջ նախախնամության շնորհիվ, գտնում է իր ընտանիքի անդամներին: Երբ հաղթանակած վերադառնում է Հռոմ, մերժում է կատարել կայսրի պահանջը` զոհ մատուցել հեթանոս աստվածներին՝ պնդելով, որ իր հաղթանակի համար պարտական է միայն Հիսուս Քրիստոսին: Զայրացած Ադրիանոս կայսրը հրամայում է Ս. Եվստաթեոսին, նրա կնոջն ու երկու երիտասարդ զավակներին այրել՝ շիկացրած պղնձե ցուլի մեջ փակելով:
  • Ս. Երմոնե կույսը (2-րդ դար) Փիլիպոս սարկավագի դուստրն էր: Իր քրոջ՝ Եվտիքիայի հետ ուղևորվում է Ս. Հովհաննես Ավետարանչին փնտրելու: Երբ իմանում է առաքյալի մահվան մասին, ճանապարհին հանդիպում է Ս. Պողոս առաքյալի աշակերտ Պետրոնիոսին և նրան աշակերտում: Հիմնում է մի բուժարան, որտեղ բժշկում է բոլոր կարիքավորներին՝ քարոզելով Տիրոջ խոսքը: Տրայանոս կայսեր կողմից չարչարվում է, բայց անսասան մնում իր հավատի մեջ: Նահատակվում է Ադրիանոս կայսեր օրոք, քանզի զոհ մատուցելու պատրվակով մտնում է հեթանոսական տաճար, որտեղ իր աղոթքով կործանվում են բոլոր կուռքերը:
  • Ս. Նեքտարինե կույսն Ալեքսանդրիայի կառավարիչ Կոնստասի դուստրն էր: Ունենալով բացառիկ գեղեցկություն և գիտելիքներ՝ ցանկություն էր հայտնել ամուսնանալ միայն նրա հետ, ով իրեն կգերազանցեր ամեն ինչում: Նեքտարինեի քրիստոնյա մայրն աղջկան տանում է իր հոգևոր ուսուցչի մոտ, ով պատմում է Նրա մասին, Ով գերազանցում է բոլոր աշխարհիկ փեսացուներին: Նա մկրտվում է՝ արժանանալով Քրիստոսի տեսիլքին, Ով իրեն մատանի է տալիս՝ նշանելով իր հետ: Հեթանոսական տոնի ժամանակ կայսեր առջև աղջիկը մերկացնում է հեթանոսների մոլորությունները, դարձի բերում 50 հեթանոս իմաստունների, ովքեր կայսեր հրամանով եկել էին Նեքտարինեի խոսքերը հերքելու: Այս պատճառով տանջանքների է ենթարկվում, սակայն կտտանքների գործիքները շրջվում են և սկսում գանահարել հեթանոսներին: Այս հրաշքին ականատես՝ Օգոստուհի կայսրուհին և Պորփյուրիոս զորավարն իր 200 զինվորների հետ քրիստոնյա են դառնում: Զայրացած կայսրի հրամանով վերջիններիս գլխատում են, իսկ Նեքտարինե կույսին՝ սրով խոցում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-09-27, 2023-10-03, 2024-10-01, 2025-09-30, 2026-09-29, 2027-09-28, 2028-10-03, 2029-10-02, 2030-10-01:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2020 - Արցախյան 2-րդ պատերազմ. Երկու կողմերի զինված ուժերը պարբերաբար հրապարակում են հակառակորդի զինտեխնիկան ոչնչացնելու տեսանյութեր։ 

  • Արցախյան 2-րդ պատերազմի 2-րդ օրվա մասին ավելին՝ այստեղ։

2015 - Ադրբեջանը հաղորդում է, թե բանակը երեք զինվոր է կորցրել «ռազմաճակատի տարբեր հատվածներում ծանր մարտերում»:

  • Շփման գծում կրակը չէր մարում, հայկական կողմը սահմանային վիճակը բնորոշում էր` «կայուն լարված»: «Ազատությունը» սահմանամերձ գյուղերում հանդիպել էր մարտական գործողություններից տուժած տասնյակ ընտանիքների. Սահմանամերձ գյուղերում խաղաղության են սպասում։

2019 - Մեղադրանք առաջադրվեց Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին։
2019 - Ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացավ ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արման Արմենի Լևոնյանը: 
2009 - Շիրակի մարզում տեղում է սեզոնի առաջին ձյունը։ 
2005 - ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ ընդունում է Ռոբերտ Քոչարյանի Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: 

  • Գրանցված 100 պատգամավորներից նախագծին կողմ է քվեարկում 90-ը: Ընդդիմադիր պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցում:

2000 - «Միասնություն» դաշինքի փլուզումից հետո ընդդիմությունն Ազգային Ժողովում փնտրում է նոր մեծամասնություն։

  • Այդ մեծամասնության մեջ պետք է բաշխվեն տարբեր կուսակցությունների պատասխանատվություններն ու լիազորությունները։ Եթե սա իրավիճակ չփոխի, Ռոբերտ Քոչարյանը պետք է ցրի խորհրդարանը։

1998 - ՀՀՇ-ական պատգամավոր Հովհաննես Իգիթյանին հեռացրեցին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության նախագահի պարտականություններից։

  • Իգիթյանն ասում է, որ խորհրդարանի ղեկավար Խոսրով Հարությունյանը կանչել է իրեն և պատվիրել Ռոբերտ Քոչարյանի անունից դիմում գրել, «թե չէ վատ կլինի»։ Նա էլ հանդիպել է նախագահին և պարզել, որ Հարությունյանը ստում է։

1998 - Երևանի կենդանաբանական այգին համալրվեց գետաձիով, բիզոնով և ջայլամով։ 
1999 - ԱՄՆ պետքարտուղար Մ. Օլբրայթը նամակ է հղում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին` կոչ անելով վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի հովանու ներքո։

  • Պետքարտուղարը հույս էր հայտնել, որ կողմերը կարող են այդ հանդիպման ժամկետն ու վայրը համաձայնեցնել մինչև ԵԱՀԿ֊ի` նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովը: Ըստ Ռոյթերզի, պետդեպարտամենտի ղեկավարը նաև նշել էր` Ղարաբաղի ներկայացուցիչները ևս պետք է ներկայացված լինեն բանակցություններում:

1993 - Ռուսաստանի նախաձեռնությամբ հրադադար է հաստատվում մինչև նոյմբերի 5-ը։

  • Պայմանավորվածություն է ձեռք բերվում նաև եռակողմ` Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ -ի ներկայացուցիչների միջև հանդիպում կազմակերպել: Նշվում է նաև կոնկրետ ժամկետ`մինչև նոյեմբերի 25-ը:
  • Հանդիպում, սակայն, չի կայանում, ըստ ռուս միջնորդի` Ադրբեջանը ետ է կանգնում պայմանավորվածություններից:

1874 - Էջմիածնում բացվեց Գևորգյան ճեմարանը։

ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Արմեն Զաքարյան (ծնվ. Սեմիպալատինսկ, Ղազախական ԽՍՀ), ռուսաստանցի բռնցքամարտիկ, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն: Ռուսաստանի սպորտի վարպետ միջազգային կարգի
1972 - Դիտա ֆոն Թիզ (ծնվ. Ռոչեստեր, Միչիգան, ԱՄՆ), հայկական արմատներով ամերիկացի ֆոտոմոդել, բուռլեսկ պարուհի, դերասանուհի, պարուսույց, մերկապարուհի, հեռուստատեսային դերասանուհի, գլամուրային մոդել և կինոդերասանուհի

  • Հայրական կողմով Դիտան հայկական ծագում ունի։ Այս մասին նա հայտարարել է իր միկրոբլոգում "Եվրատեսիլ 2009" - ին մասնակցելու ժամանակ՝ իր հիացմունքը հայտնելով Հայաստանի մասնակիցների՝ Ինգա և Անուշ Արշակյանների ելույթներից։ Իր հայկական արմատների մասին Դիտա ֆոն Թիզը հիշատակում է տարբեր պարբերականներին տված հարցազրույցներում՝ տեղեկացնելով, որ իր տատիկը կիսով չափ հայուհի է եղել։
  • Ըստ հանրային կարծիքի հետազոտության արդյունքների, Դիտա Ֆոն Թիզն աշխարհի չորրորդ ամենահայտնի հայն է, Քիմ Քարդաշյանից, Շերից և Անդրե Աղասիից հետո։
  • 2005-2007 թթ ամուսնացած է եղել ռոք-երաժիշտ Մերիլին Մենսոնի հետ։

1967 - Կարինե Մաքսուդյան, Ֆրանսիայում ռուսական ռեստորանների, խանութների, կաբարեի, դիսկոտեկների և բաղնիքների ստեղծող
Ամուսնու՝  Արմենի հետ ունի GASTRONOMIERUSSE խանութների ցանց և Village Russe սաունաներ։
1967 - Մեթ Վասգերսյան (ծնվ. Կալիֆորնիա, ԱՄՆ), սպորտային մեկնաբան և հեռուստահաղորդավար
1961 - Արթուր Հակոբյան, մարմնամարզիկ, սպորտային մարմնամարզության թիմային առաջնության աշխարհի չեմպիոն (1979, 1981), հենացատկի աշխարհի չեմպիոն (1983)
1955 - Յուրի Սարգսյան, զինագործ նկարիչ, դարբին նկարիչ

  • Աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում և Սանկտ Պետերբուրգի «Մեժով» արվեստանոց-ստուդիայիում: Սուրբ Եկատերինա եկեղեցու խորանի մետաղյա զարդարման և եկեղեցու բակում գտնվող «Նռան ծառ» շատրվանի հեղինակն է:

1946 - Ալեքսանդր Ղարիբյան, կինոօպերատոր, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ (1997)
1943 - Պարգև Մալայան, ռեժիսոր, սցենարիստ
1941 - Ռուսլան Գալստյան, կոմպոզիտոր
1930 - Արամ Գրիգորյան, գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1967)
Վահան Տերյանի թոռը։
1922 - Կարեն Տեր-Մարտիրոսյան (մ. 2002), խորհրդային և ռուս ֆիզիկոս-տեսաբան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ թղթակից անդամ
1918 - Արմեն Գրիգորյանց (ծնվ. Ուզբեկստան), թատերական նկարիչ, ԲՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1955)
1905 - Վարդան Աճեմյան (մ. 1977), դերասան, թատերական ռեժիսոր, օպերային ռեժիսոր, թատերական մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965)

  • Նրա անունով փողոց է անվանակոչվել Երևանում։

1878 - Մովսես Աճեմով (ծնվ. Նախիջևան-Դոնի Ռոստով, Ռուսաստան, մ. 1953), ռուս վտարանդիների հասարակական-քաղաքական գործիչ, հայտնի փաստաբան Փարիզում
1876 - Գրիգորի Էմինով (մ. 1941), քիմիկոս, քիմիայի և նավթի վերամշակման մասնագետ
1876 - Կարապետ Մոշյան (ծնվ. Չալտըր, Ռուսաստան, մ. 1938), Նախիջևանի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա

  • 1938-ին Ռոստովի մարզի ՈՒՆԿՎԴ-ի եռյակի որոշումը դատապարտվեց գնդակահարության՝ անձնական գույքի բռնագրավմամբ։  Դատավճիռն ի կատար Է ածվել։ 1989թ. լիովին արդարացվել է։

1861 - Լյուդվիկ Տիրովիչ (ծնվ. Օստորգխ Ուկրաինա, մ. 1930), քանդակագործ, դեկորատիվ փորագրության վարպետ
1857 - Գևորգ Բաշինջաղյան (ծնվ. Սիգնախի, Վրաստան, մ. 1925) նկարիչ, գրող, հասարակական գործիչ, հայկական ռեալիստական բնապատկերի հիմնադիրը
1841 - Ժորժ Կլեմանսո (ծնվ. Մույրոն-աՆ-Պարե, Ֆրանսիա, մ. 1929), Ֆրանսիայի քաղաքական և պետական գործիչ, լրագրող, Ֆրանսիայի վարչապետ: Ֆրանսիայի ակադեմիայի անդամ, քաղաքական հակառակորդների նկատմամբ կոպտության և անհանդուրժողականության համար ստացել է "le Tigre" (վագր) մականունը

  • 1900-1908-ին Կլեմանսոն «Рro Armenia» թերթի խմբագրական խորհրդի անդամ էր, որի խմբագիրն էր Պիեռ Կիյարը, խմբագրական խորհրդի կազմում էին նաև Անատոլ Ֆրանսը, Ժան Ժորեսը, Ֆրանսիս Դե Պրեսանսեն և Եվգենի դե Ռոբերտին։

1822 - Ծերենց (Հովսեփ Շիշմանյան, ծն. Կոստանդնուպոլիս, Թուրքիա, մ. 1888), հայ գրող, հրապարակախոս, բժիշկ պատմավիպագիր, հայկական պատմական վեպի հիմնադիր

  • Նրա լավագույն վեպը՝ «Երկունք Թ դարու» (1879թ.), արտացոլում է հայ ժողովրդի ազատագրական պայքարը Արաբական խալիֆայության դեմ 9-րդ դարում։ Ծերենցի «Թեոդորոս Ռշտունի» վեպը (1881 թ.) 7-րդ դարի պայքարի պատմությունն է կենտրոնացված պետության համար, որին մասնակցում է նրա հերոսը։

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 2
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 1
armenlur