|
|
Ռուսաստանի դեսպանատունը ԱՄՆ-ում Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել Ուկրաինային թռչող սպառազինությունների մատակարարումը և համարում է, որ հենց ԱՄՆ-ն է հրահրում նոր զոհեր։
|
ՌԴ կառավարությունը օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որը նախատեսում է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի ազգային վկայականների ճանաչումը ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելու ժամանակ:
|
Այսօր մենք նշում ենք Իսրայելի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների, մեր ժողովուրդների միջև վաղեմի կապերի վրա հիմնված բարեկամության 30-ամյակը: Մենք ակնկալում ենք ընդլայնել մեր հարաբերությունները առաջիկա տարիներին։
|
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ուկրաինական Բուչա քաղաքի իրադարձություններից հետո մտադիր է ամբողջությամբ արգելափակել Եվրամիություն ռուսական ածխի և նավթի ներկրումը։ Նրա խոսքով՝ «Բուչայում կատարված ռազմական հանցագործությունների պատասխանատվությունը կրում է ռուսական բանակը»։ Մակրոնը նաև հայտնել է, որ այս շաբաթ նա եվրոպացի գործընկերների հետ կքննարկի ՌԴ-ի դեմ հետագա պատժամիջոցների հարցը։
|
Նավթի և գազի վաճառքից Ռուսաստանի եկամուտները կարող են ռեկորդ սահմանել, չնայած որոշ պետությունների կողմից սահմանված պատժամիջոցներին։ Մոսկվան 2022 թվականին կարող է ունենալ շուրջ 321 միլիարդ դոլար եկամուտ, եթե ներկրողները համապատասխան էմբարգո չկիրառեն։
|
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Գերմանիային որակել է որպես Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների «գլխավոր արգելակող»։ «Եվրոպայում իրավիճակը շատ պարզ է։ Ամեն ինչ երևում է գագաթաժողովներում։ Գերմանիան վճռական պատժամիջոցների «գլխավոր արգելակողն» է», - ասել է նա։ Մորավեցկին նաև հերքել է լուրերը, թե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի խրախուսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
|
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Պուտինը նաև հիշեցրել է, որ անցյալ և նախորդ տարի կնքված եռակողմ համաձայնագրերի հիման վրա երկրներն աշխատում են միասին՝ ամրապնդելու կայունությունն ու անվտանգությունը Անդրկովկասյան տարածաշրջանում։
|
Միջերկրական ծովում ռետինե նավի խորտակման հետևանքով ավելի քան 90 միգրանտ է զոհվել: Նրանք փորձում էին Լիբիայից հասնել Եվրոպայի ափեր։ Փչովի փոխադրամիջոցում շուրջ 100 մարդ է եղել։
|
Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) առաջարկում է հրադադար հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ պատրաստակամություն հայտնելով միջնորդ դառնալ հակամարտող կողմերի միջև։ Եգիպտոսը արաբական երկրների հետ միասին պատրաստ է ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին։
|
Սլովակիան չի կարող հրաժարվել ռուսական գազից, եթե նույնիսկ ստիպված լինի վճարել ռուբլով։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը։ «Գազի հոսքը չպետք է դադարի։ Եթե կա ռուբլով վճարելու պայման, ապա մենք կվճարենք ռուբլով»,-ասել է Սուլիկն՝ հավելելով, որ Սլովակիան կշարունակի ԵՄ-ի հետ հարցի վերաբերյալ ընդհանուր մոտեցման շուրջ տարվող աշխատանքը։
|
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը հեռուստաեթերում հայտարարել է, որ առաջիկա օրերին երկրին սպասվում են ծանր մարտեր ռուսական զորքերի հետ։ Նա հավելել է, թե Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի շրջանների ուղղությամբ հավաքվում է ՌԴ զորքերի մեծ խումբ։
|
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հավանաբար, շուտով դեմ առ դեմ կհանդիպեն Թուրքիայում՝ խաղաղ բանակցությունների համար: Ուկրաինացի բանակցող Դավիթ Արախամիան տեղական հեռուստաալիքին հայտարարել է, որ երկու առաջնորդները շուտով կարող են հանդիպել, քանի որ խաղաղ պայմանագրի փաստաթղթերի նախագծերն առաջաընթաց ունեն։ Արախամիան հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «երեկ զանգահարել է և մեզ, և Վլադիմիր Պուտինին, և նա, կարծես, իր կողմից հաստատել է, որ իրենք պատրաստ են մոտ ժամանակներս հանդիպում կազմակերպել: Ոչ ամսաթիվը, ոչ տեղը հայտնի չեն, բայց մենք կարծում ենք, որ մեծ հավանականությամբ վայր կլինի Ստամբուլը կամ Անկարան»,- շարունակել է նա:
|
Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը Aydınlık թերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Ռուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացին աջակցելու Թուրքիայի ջանքերը։ Ռուսաստանը կշարունակի հասնել այն բանին, որ Ուկրաինան դառնա բարեկամական և ապառազմականացված, դառնա պետություն, որտեղ հերթական նացիստական պետության ստեղծման սպառնալիք չի լինի, չի արգելվի ռուսաց լեզվի, մշակույթի, ուղղափառ եկեղեցու նկատմամբ: Որպեսզի Ուկրաինան հերթական անգամ չդառնա արևմտյան «հարձակում դեպի արևելք» (Drang nach Osten) տարածքը, որն այսօր մարմնավորվում է ՆԱՏՕ-ի գործելաոճի և ընդլայնման նկատմամբ նրա մոլուցքի տեսքով»։
|
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այս շաբաթ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կայանալիք հանդիպմանը մտադիր է կոչ անել նրան ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Սա պայմանավորված է Մեծ Բրիտանիայի անհանգստությամբ՝ ՆԱՏՕ որոշ դաշնակիցների Ուկրաինային «հակամարտության կարգավորմանը» դրդելու կեցվածքով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիության դեսպաններն ապրիլի 6-ին մտադիր են քննարկել Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը։
|
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ուկրաինացի արմատականների հանցագործության նպատակը խաղաղ բանակցությունները ձախողելն է: «2022 թվականի ապրիլի 4-ին ՌԴ-ն խնդրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ Բուչա քաղաքում ուկրաինացի զինվորականների և արմատականների սադրանքի կապակցությամբ։ «Կիևի ռեժիմի» հերթական հանցագործության իմաստը խաղաղ բանակցությունների ձախողումն ու բռնության սրումն է»:
|
Վաշինգտոնը խախտել է Սառը պատերազմի ավարտից հետո Մոսկվային տրված ՆԱՏՕ-ն չընդլայնելու խոստումները։ ԱՄՆ-ն դաշնակիցների հետ ԽՍՀՄ-ի և սոցիալիստական բլոկի փլուզումն ընկալել է որպես իր հաղթանակ և նոր աշխարհակարգի սկիզբ, որտեղ նրանք գերիշխելու են: Քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման այդ իրադարձություններն անվանել է «պատմության ավարտ»։ Հետագայում ԱՄՆ-ն խախտել է հետխորհրդային Ռուսաստանին տված իր բոլոր խոստումները: Հյուսիսատլանտյան դաշինքի և ԵՄ-ի ռուսական ազդեցության ոլորտների վրա ոտնձգությունների փորձերը կողմերի միջև կոնֆլիկտային իրավիճակի պատճառ են դարձել:
|
Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն Ուկրաինայում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ հայտարարել է, որ չնայած ուկրաինական ՀՕՊ-ի ոչնչացման ռուսական ջանքերին, Ուկրաինան շարունակում է լուրջ խնդիրներ ստեղծել ռուսական օդային և հրթիռային գործողությունների համար։ Ռուսական ինքնաթիռները նախկինի պես խոցել են փոքր և միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր։ Ռուսաստանի ջանքերն՝ ուղղված օդում լայն վերահսկողություն հաստատելուն, մեծապես տապալված են, ինչն էականորեն ազդել է ռազմաճակատի տարբեր հատվածներում նրա ցամաքային զորքերի առաջխաղացման աջակցման կարողության վրա։
|
«Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ «Ռոսկոսմոսը» չի համագործակցի այն երկրների հետ, որոնք Կիևին զենք են մատակարարում և Ուկրաինային քաղաքական աջակցություն են ցուցաբերում»:
|
Ապրիլի սկզբից Լատվիան, Լիտվան և Էստոնիան դադարել են բնական գազ ստանալ Ռուսաստանից: Գազատրանսպորտային համակարգի օպերատոր Ուլդիս Բարիսը նշել է, որ կապույտ վառելիքի համար ռուբլով վճարելու մասին Մոսկվայի հայտարարությունն ազդանշան էր բալթյան երկրներին մատակարարումների կտրուկ կրճատման անհրաժեշտության մասին, քանի որ դրանց վրա «այլևս չի կարելի հույս դնել»:
|