Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները:
«Եվ նա իր մոտ կանչելով տասներկու աշակերտներին` նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10:1): Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մատթեոս, Բարդուղիմեոս, Փիլիպոս, Թովմաս, Թադեոս, Հակոբոս (Ալփյան), Շմավոն (Կանանացի) և Հուդա առաքյալներն էին նրանք, որոնցից վերջինը եղավ Հիսուսի մատնիչը: Հետագայում 12 առաքյալների շարքում Հուդայի փոխարեն ընտրվեց Մատաթիա առաքյալը: Հավատարիմ Հարուցյալ Հիսուսի վերջին պատգամին, (տես Մատթ. 28:18-19) առաքյալները Հիսուսի պատվիրանները քարոզեցին ու ուսուցանեցին տարբեր ազգերի, «մկրտեցին նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով», այսպիսով դառնալով Քրիստոսի եկեղեցու հիմնադիրները: Քրիստոսի պատվիրանների ամենամեծ քարոզիչներից է Ս. Պողոս առաքյալը, որին քրիստոնյա եկեղեցին ճանաչում է իբրև 13-րդ առաքյալ: